Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 28.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Մանկական հիվանդություններ «Հրապարակ». «Շանգրիլան» աշխատակիցների համար կ... «Հրապարակ». Մորքուր-հորքուրների որդիներով շրջ... «Հրապարակ». Դեռ տեսչական մարմինը չկա, բայց պե... Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի Մակրոնը Թրամփին հրավիրել է Բաստիլի գրավման օր... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 28-ի համար Մերկելը պատմել է, թե ինչ է անում հյուրանոցում... Դատական հայցերը ճնշման միջոց են. Արամազդ Կիվի... Վթար Նյու Յորքի մետրոյում, կան տուժածներ Ռուսները կնախանձեն «Եղիսաբեթ թագուհուն». Մայք... Փաստաբանները 16 հայց են ներկայացրել լրատվամիջ... Նիկոլա Սթերջենը պետք է հրաժարվի Շոտլանդիայի ա... Մարադոնան իրեն համարել է Պուտինի ֆանատը Ընդմիջումների սիրահար դատավորը, «պատժված» փաս... Իրանը չի խախտում միջուկային գործարքը. ՄԱԿ-ում... Հյուսիսկորեական ստրկավաճառները աշխատանքային ճ... Լարվածություն հնդկա-չինական սահմանին Կիպրոսում կկառուցեն Եվրոպայի ամենամեծ խաղատու...
Ամենաընթերցված լուրերը
Մակրոնը Թրամփին հրավիրել է Բաստիլի գրավման օր... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հունիսի 28-ի համար Մերկելը պատմել է, թե ինչ է անում հյուրանոցում... Դատական հայցերը ճնշման միջոց են. Արամազդ Կիվի... Վթար Նյու Յորքի մետրոյում, կան տուժածներ Ռուսները կնախանձեն «Եղիսաբեթ թագուհուն». Մայք... Փաստաբանները 16 հայց են ներկայացրել լրատվամիջ... Նիկոլա Սթերջենը պետք է հրաժարվի Շոտլանդիայի ա... Մարադոնան իրեն համարել է Պուտինի ֆանատը Ընդմիջումների սիրահար դատավորը, «պատժված» փաս... Իրանը չի խախտում միջուկային գործարքը. ՄԱԿ-ում... Հյուսիսկորեական ստրկավաճառները աշխատանքային ճ... Լարվածություն հնդկա-չինական սահմանին Կիպրոսում կկառուցեն Եվրոպայի ամենամեծ խաղատու... Ճաճոենց հարսին ոստիկանները հսկում են Օպերան պաժառ կտամ․ երիտասարդը փորձել է իրեն գ... Մերկելն իր ափսոսանքն է հայտնել Թրամփին՝ վերջի... Միայն պատերազմը կարող է սրբել աղբը, իշխանությ... Բաշար Ասադը այցելել է Խմեյմիմի ռուսական ավիաբ... Մեքսիկայում հերթական լրագրողն է սպանվել Պուտինը Հայաստանում միացյալ զորախմբի հարցերով... Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված ... Աղմուկով մտան քաղաքական դաշտ, հիմա նախընտրում... Ծառերի հատում չի իրականացվել. մեկնաբանում է ք... Մոլդովայի վարչապետը ԵԽԽՎ-ում կոչ է արել կարգա... Տուրիզմի զարգացման հերթական խթանը Գյումրիում Նոր Նորքի թաղապետը «դարդից» նոր վարսավիրանոց ... Հանրապետության Առաջին հիմնադրի արձանը կտեղադր... Նունե Եսայանը նորություն ունի Ավազակային հարձակում Արագածոտնում. Հարուցվել ... Գազայի սեկտորից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղ... Ո՜նց եմ սիրում քեեեզ, Յուրա... Ի գիտություն Մերկելը կոչ է արել Եվրոպային ավելի ակտիվորեն ... Քաղաքացիներն էլ են հրաժարվում Արման Սահակյանի... Զարուհի Փոստանջյանին բարին եմ մաղթում․ Րաֆֆի ... Մոնղոլիայում չեն կարողանում նոր նախագահ ընտրե... Անչափահասներին բերել են, դատ են վարում, հերիք... Կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժո... Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի ... Աստված՝ թաքնված Անապատացող Մերձբալթիկա. արտագաղթն այստեղ նույ... Թքեմ սրանց վրա, սրանք ինչ են որ․ Արարատ Խանդո... Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են ... ՌԱՖՈ Իսրայելյան՝ «Երեւան, ի՛մ Երեւան» Քաղաքագրություն. Ռ. Իսրայելյան՝ «Ճոճվող Երևան... Ռուսաստանի եւ Իրանի հանդեպ նոր սանկցիաների կի... Մուրացանի Պետրոսը, Կարեն Կարապետյանն ու «Չիբո... Էլի սարսափեցի՞ք՝ եկեղեցի կառուցելու մասին լսե...
Հարցում

Փախուստ

Գրել-տպագրել էի «Իմ պայքարը» պատմվածքը: Հոբոսանց Սուրիկը կարդացել էր ու սիրտը ցավ տվել: Նրան հուզել էր, որ գրում եմ իմ ծերության, առավել եւս՝ մահվան մասին: Դա նրան խիստ էր անհանգստացրել: Ուզել էր ես էլ անհանգստանամ: Թարս կողմից էր եկել: Որոշել էր ինձ ահաբեկել: Հեռախոսիս վրա հաղորդագրություն էր ուղարկել, թե լավ իմացի՝ որ Ասլանը քֆթառում ա, էշն էլ ա քացի տալի… Դե արի ու սրանից հետո մի պառավի: Իմ պապ Աշոտն էլ էր նրա խելքին: Նա էլ իր հիվանդ կնգան էր ահաբեկել, թե՝ Աշխեն, մեռնիս ոչ, որ մեռար՝ սնիցը կապիլ տիմ՝ թաղիլ չտիմ… Ես ոչ սնից կապող ունեմ, ոչ էլ քացի տվող: Հլա որ խիղճս հանգիստ գրում եմ: Ընթերցողն անհանգստանում է, դա նրա խնդիրն է: Ես էլ հենց դրա համար եմ գրում, որ անհանգստանա: Հանգիստը մեր գեղի գերեզմանատանն ա:

Էսպես, մտքիս մեջ՝ ինքս իմ հետ խոսելով գնում եմ: Մարդ եմ գտել՝ հետը խոսում եմ: Մեկ Հոբոսանց Սուրենն է միտքս գալիս, մեկ իմ պապ Աշոտը, մեկ էլ դասընկերս՝ Օսյան Սամվելը, ով կես դար առաջ մեր դասարանի ավագն էր, ու կես դար հետո խելքին փչել էր, որ դասարանը հավաքի ու մեր ձորերում մի սիրուն քեֆ կազմակերպի:

- Մի քանի կիլո միս ա, մի էրկու շիշ արաղ,- ասում էր,- էդ էլ ոչ մեկիդ չեմ ուզում նեղություն տալ, մենակ թե դուք էկեք, ախպեր…

Դես ընկանք, դեն ընկանք, ըստի-ընդի քչփորեցինք, մեր քեֆին պատրաստակամ հազիվհազ հինգ ախպեր տղերք գտանք: Որը մեռել էր, որը հեռու էր, որին էլ հարմար չէր, որն էլ իր բարձունքից էլ չէր ուզում ետ նայել: Եղած-չեղածով գնացինք Ծաղկաշատի ձորը, ծմակում, քոշա քարերի մեջ աղմկող չքնաղ գետակի ափին կրակ վառեցինք: Խորովածը դեռ կրակի վրա՝ մեկ էլ էն տենանք՝ Կոլիկն ու Գերասն իրար կպել են: Հիսուն տարի էր անցել՝ տնաշենները մնացել էին էլի էն հին Կոլիկն ու Գերասը: Մի պարապ բանից բռնկվել էին՝ վեճ սարքել: Նույն էրեխեն էին: Բայց մենք էդտեղ որպես երեխա չէինք հավաքվել: Մենք մեզ հասուն մարդու տեղ էինք դնում: Բայց պարզվում էր, որ էդքան էլ էդպես չէր: Կերած-խմածներս հարամ եղավ: Էդ «քեֆից» մի տարի դեռ չանցած՝ Գերասը մեռավ, հետ կրնկին՝ Կոլիկը… Աստված գիտե, թե ինչ ունեին իրար հետ կիսելու… Հլբաթ էնտեղ կկիսեին… Ի՞նչ էր ասելիքս… Էս երեկո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղն էր: Ռուս հաղորդավարը, մեր Հենրիկ Մխիթարյանով հիացած, ասում էր. «спокойный, тихий, очень интеллигентный…»:

Ասածս ի՞նչ է. ուրիշը որ մեզ սիրում է, մենք իրար ինչո՞ւ չենք սիրում: Կուզեի, շատ կուզեի, որ իրար սիրենք, այնպես, ինչպես ես եմ սիրում Հենրիկ Մխիթարյանին, կամ թեկուզեւ այնպես՝ ինչպես ռուսն է Հենրիկին սիրում… Թե չէ՝ ամպագոռգոռ հայտարարություններ են անում: Փուչիկ ա, որ փչում են: Նախընտրական շրջան է: Ասում են՝ օդի պես ազատություն, ջրի պես մաքրություն, հացի պես արդարություն… Եվ էդ ամենն իրենք են բերելու: Ո՞վ դիմանա… Հաց բերողին նստացնում են, որ իրենք հաց բերեն: Լսած կա՞ք՝ հաց տանողը հաց բերի… Մի բան հիշեցի: Մայթեզրին կանգնեցի՝ ծոցատետրումս նշեմ, որ չմոռանամ: Մի ընթերցող ունեմ: Կազինոյում է աշխատում: Որքան զարմանալի է՝ կազինոյում էլ բալելշչիկ ունեմ: Ամիսը մեկ գալիս է ինձ տեսության: Որ մեր գործերը վատ են, կարծեցի, որ իրենցը պիտի որ լավ լինի: Օրերից մի օր հարցրի.

- Աշխատանքդ ո՞նց է:

- Վատ,-ասաց,- շատ վատ՝ էսենց որ գնա, կազինոն կփակվի...

Ասի.

- Բա ի՞նչ է պետք, որ ձեր գործն աջ գնա:

Որքան էլ զարմանալի է, ասաց.

- Իշխանափոխություն:

- Իշխանափոխությունը ձեր գործերի հետ ի՞նչ կապ ունի,-ասի:

Ասաց.

- Մեծ կապ: Պիտի իշխանափոխություն լինի, որ կլիենտուրան շատանա: Հները,-ասաց,- կամ սնանկացել են, կամ էլ երկիրը լքել… Նոր փողատերեր են անհրաժեշտ,- ասաց,- նոր խաղամոլներ, որ մեր գործն առաջ գնա…,-ասաց,- Հենց էնպես չեմ ասում, է՜, աչքովս եմ տեսել. խաղամոլների առաջին սերունդը եկավ Լեւոնի օրոք, հետո եկավ Ռոբերտը՝ իր փողատերերով, նա գնաց, հիմա էլ Սերժիկի շրջապատն է… Սրանք էլ պիտի գնան, որ նորերը գան… Կարուսելը պտտվում է,-ասաց,- բայց ոչ ժողովրդի օգտին…

Ողբամ ժողովրդի սպասումներին: Էդ խեղճերն էլ հույսով-հավատով սպասում են ազատ ու արդար ընտրություններին, որ էս երկրում գոնե մի բան փոխվի: Էս ընդդիմությանը որ տեսնում եմ՝ խելքս բան չի կտրում, մանավանդ, որ քաղաքականության մեջ տկար եմ ու սակավագետ: Հողը գլուխներս՝ երեկվա նախարարն էսօր ընդդիմություն է: Իսկ գիտեք ի՞նչ է նշանակում նախարար: Հիմա ասեմ, երեւի հասկանաք, թե էդ աթոռի համար ինչի են փոր թափում: Նախարարներից մեկը մի օր իր ընկերոջ մոտ պարծեցել էր: Ասել էր.

- Որ նախարար ես լինում, դու էլ չես իմանում, թե փողը ոնց ա գալիս:

- Ո՞նց,- հետաքրքրվել էր միամիտ ընկերը:

- Օրինակ,- բացատրել էր,- ձեռքդ գցում ես, որ սեղանի փոշին հավաքես, մեկ էլ տեսնում ես գոգդ դոլարով լցվեց…

Հիմա երեկվա փողաշեն նախարարներն էսօրվա պանծալի ընդդիմությունն են: Ուզում են էս երկիրը վերափոխեն: Սուտ է, սո՛ւտ: Լավ իմացեք՝ թե մի բան փոխվեց, կազինոյում է փոխվելու… Շատ-շատ ընկերոջս աշխատավարձը մի քիչ բարձրանա:

Սուտը ճշմարտության տեղ անցկացնողների ամենահնարամիտ միջոցը պաթոսն է: Ճառասացությունը դրանց կյանքի հիմնական ատրիբուտն է: Ժամերով հայելու առաջ պարապում են՝ կրկեսի մեյմունի նման դեմքները ծռմռում, ձեռքերը դիրիժորի նման թափահարում, մարմինը ջղաձգում՝ թե ինչ ասեն, ինչպես ասեն, որ էն ֆաշիստ ճիվաղի նման ժողովրդին հիմարացնեն: Հիտլերը չի մեռել, ամեն քաղաքական գործիչի մեջ մի քիչ ֆյուրեր կա: Հռետորական արվեստին նրանց նվիրվածությունն ընկալելի դարձնելու համար բավական է բերեմ մի օրինակ:

Ազգային ժողովում բերանով մտածող պատգամավորներից մեկը, ով իր լեզվամտածողությամբ ակնհայտորեն գերազանցում էր մյուսներին, փափագում է իր ազգընտիր բերանն օգտագործելի դարձնել նաեւ ապագա պառլամենտում: Առայժմ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ էին գնում: Հանգամանքից օգտվելով՝ նա իրեն թույլ էր տվել փոքր-ինչ պասիվանալ՝ տրվելով ընտանեկան հոգսերին: Իր տան համար կահույք էր պատվիրել: Բայց դա չէր նշանակում, որ նա իսպառ կորցրել էր զգոնությունը:

Ապահովության համար քաղաքական հոտառությունն «ավտոպիլոտ» միացրած էր: Երբ պատվերը բերել էին, նույն պահին եւեթ նկատել էր, որ մեջը ամբիոն չկա, ու տեղնուտեղը կարգադրել «մեբելը» ետ ուղարկել: Ընտրությունները մոտենում էին, օրերը՝ թեժանում: Եվ կրկին օդ էին ելել փուչիկները՝ գույնզգույն, խայտաբղետ, գայթակղիչ… «Օդի պես ազատություն, ջրի պես մաքրություն, հացի պես արդարություն»… կարգախոսները թմբկաթաղանթ էին պատռում: Օգտագործված բերաններն օրնիբուն սուտ էին թխում, օդ ուռճացնում, պղպջակներ բաց թողնում… Եվ համբույրներ, համբույրներ, համբույրներ… Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ կեղեքվել էին, թալանվել, արհամարհվել, տրորվել, ստորացվել, այսօր համբույրով էին պարգեւատրվում:

Ընտրություններ են, ընտրություններ… հանուն պատգամավորական մանդատի կարելի է կաշառել, քծնել, շողոքորթել, աղերսել, խաբել, խոստումներ տալ, սպառնալ, ստորանալ… հարկ եղած դեպքում անգամ համբուրել թաքնաթաքուն տեղերը, միայն թե ձայնի արժանանային: Ժողովրդի փրկությունն իր ձայնի մեջ է՝ կասեր Չարենցը: Այս ամենն ինձ շատ է տխրեցնում, գումարած գրական նախանձն ու խորշանքը: Քանի դեռ խեղճ էի ու անանուն, շատ գրողների մտերիմն էի: Կամաց-կամաց անուն հանեցի՝ դառնալով աչքի գրող: Մոտիկ բարեկամներս դարձան ամենամոտ թշնամիներ:

Բանը հասավ էնտեղ, որ ՀՀ Գրողների միության անդամը, գրական մարզային կառույցի նախագահը, միության կողմից բազմաթիվ մրցանակներով խրախուսված անձը մի ամբողջ թերթի էջ իմ հասցեին լուտանք եւ հայհոյանք տպագրեց: Ո՞ր մեղքիս համար, գրում եմ, էլի, ո՞ւմ եմ վնաս տալիս… Միայն թե քիչ եմ գրում, քիչ. Աստված ինձ շենք ու շնորհք է տվել, ես ինձ՝ ծուլություն… Շրջապատից պատսպարվելու տեղ եմ որոնում, գլուխս թաքցնելու միջոց: Դիմակայելու չկա մի այլ վայր, քան սեփական անձս է: Մարդն ունի արտաքին աշխարհ, բայց կա եւ ներաշխարհ: Իմ իսկ միջով ներս եմ մտնում, գլուխս, ձեռքերս ու ոտքերս ներս քաշում, պինդ փակում դարպասները: Այլեւս ես մարդ չեմ՝ կրիա եմ, կրիա, ամուր զրահով, ապահով վահանով, անխոցելի հոգով եւ պատսպարված սրտով: Դրսում թող բուքը ոռնա, թող տապակվի տապն ամռան, թող ձույն գա, կարկուտ տեղա, անձրեւ մաղի, հողմեր մոլեգնեն… Ես կրիա եմ, անմատույց բերդ եմ, անառիկ ամրոց, թեեւ դանդաղաշարժ, բայցեւ անհասանելի, ինքս իմ մեջ, բայցեւ ինձ լսելի:

- Ախր ես ո՞վ եղա, որ ինձ այսքան հերիք եղա… (Վ. Ս.):

Դրսի աշխարհին ես այսպես եմ դիմակայում, իսկ եթե դա էլ չի օգնում, փախչում եմ մանկություն… սիրածս Շնողնա սարերը… Գիտեմ, ինքս ինձնից հեռու չեմ գնա, բայց էս օրերից հո կարո՞ղ եմ հեռու փախչել… Եվ գնում եմ, փախչում… Գնում էի կաթն ու մածուն ուտելու, արեւավառ թշերս ըրաժանով հարելու, ուրց, սունկ, մորի, մոշ ու մոռ հավաքելու, խնջլուզի, մանուշակ, արեւածաղիկ ու նարգիզ քաղելու, կանաչ տախտերում վազելու, վազվզելու… Գնում էի ամպերին հասնելու: Էդ օրը ես չգնացի, ամպերը եկան: Եկան ուղտի պես չոքեցին սարերում: Հինգ-վեց տարեկան կլինեի: Մառախուղը սառը շնչով գրավել էր մեզ ու սողեսող իր խորհրդավոր գիրկն էր կանչում: Վազում էինք, որ տեսնենք՝ ինչ կա էնտեղ:

Ընկերներս ինձնից երկու-երեք տարով մեծ էին, բայց էլի էրեխա էին: Էրեխու պես էլ որոշել էին սեւ խաղ խաղան գլխիս: Միանգամից արագություն հավաքեցին ու անհայտացան ամպերի ծոցում: Սրտի տրոփով վազեցի նրանց ետեւից: Չհասա: Մառախուղի սպիտակ պատը կանգնել էր դեմս: Մոլորվել էի: Որ կողմը նայում էի, մառախուղ էր, ամպ ու չանգ: Ես հայտնվել էի սպիտակ պատանքում: Արցունքն աչքերիս վազեցի, վազում էի ու վազում՝ ընկերներիս էի փորձում հասնեմ, մեր թաղիքե դագեքն էի ցանկանում գտնել, Սոնա տատիս տաք գիրկն էի ուզում ընկնել…

Թրիքի լոպոպի ու թաց սիզախոտերի վրա գայթելով, կապույտ աչքերով պռավկոտած ուրցի թմբերի վրա թռչկոտելով, ջանս բանջարի տերեւներով դաղելով, սրունքներս կռափուշով ծակծկելով՝ վազում էի: Վենձ ուրթատեղի տակով, ամպերի միջով, ծմակի փեշերին շուլալված՝ գնացել-հասել էի մինչեւ Բազի քիթը: Մոխրագույն մշուշի խորքում կարմիր կովեր նշմարեցի: Մի չալպտուրիկ կով ոտքերը չռել, մեջքն անբնականորեն ուռցրել ու պոչն անճոռնի տնկած՝ ցավով մզզում էր: Պոչատակից, ասես բաց լուսամուտից, վարդակակաչ, պուտ-պուտ խալերով դնչիկն ու մատղաշ տոտիկներն առաջ մեկնած հորթուկը դեպի լույսն էր գալիս: Տարեց մի մարդ տատմոր պես օգնում էր կովին: Նորելուկը սահուն դուրս լողաց մութ խոռոչից:

Բարակ անձրեւ էր մաղում՝ դեմքս լվանում: Բերանիս մեջ անձրեւախառն, գոլ արցունք էր: Լացիս հետ կուլ էի տալիս: Էսօրվա պես հիշում եմ՝ հունիս ամիսն էր, օրը՝ 19-ը: Ես այդ օրն էի ծնվել: Մեկ էլ ծնվեցի: Էդ հորթուկի հետ վերստին ծնվեցի: Եվ կրկին աշխարհն ինձ գտավ մանուկ ու անմեղ: Հորթուկը շղարշված էր մայրական լորձով, մարմինն ամբողջովին ողողված էր պտղաջրերով: Մայրն անուշ մզզոցով լիզում էր նորածին բալիկի դնչիկը, գլուխը, վզիկը, փորիկը, մեջքը… օգնում, որ նա իր թույլ կճղակները գետնին դեմ տված՝ ոտքի ելնի… Հորթը ճոճվում էր, երերում անուժ տոտիկների վրա՝ տքնելով օդից էլ կառչել: Քայլը խախուտ էր, անվստահ, փխրուն մարմինը կանաչ մարգագետնի վրա շարունակ ճոճվում էր ու ճոճվում, եւ ինձ թվում էր, թե կանաչ աշխարհն է նրան օրորում մայրական գորովով: Դա աշխարհը նվաճելու նրա առաջին ճիգն էր, առաջին քայլը: Հունիսի 19-ն էր, ճիշտ իմ ծննդյան օրը…

…Ես սարերից եմ գալիս, կանաչ լանջերից, մանկությանս բարձր գագաթներից: Էնտեղից էլ եկա ու խառնվեցի աշխարհի լավին ու վատին, չարին ու բարուն, ստին ու ճշտին… Մանկությանս բարուրում՝ կապույտ լեռներում, սպիտակ ամպերում, կանաչ դաշտերում, խիտ ծմակուտներում, խառնիճաղանջ շավիղներում անգամ ես չկորա: Ընդհակառակը, վերստին գտնվեցի: Իսկ հիմա մոլորվել եմ. մենակ եմ ու լքված եւ չեմ գտնում ճամփեն: Խոսում եմ, խոսում… Անընդհատ խոսել եմ ուզում: Ես որ չլինեի, ո՞ւմ հետ էի խոսելու…

Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է 1288 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan