Սիրանուշ Զախարյան. Հացը

Սիրանուշ Զախարյան. Հացը

- Բարեւ, Ռուբ ջան։
- Բարեւ, Ալիս։
- Ո՞նց ես, ախպերիկ։ Վաղուց չէիր զանգել։
- Հիմա շատ խառն եմ։ Մի հարցով եմ զանգել։ Կյանքի, մահվան հարց ա։ Թե կարաս օգնես՝ ասա, թե չէ՝ իմանամ ինչ եմ անում։
- Վայ։ Ի՞նչ ա եղել, այ տղա։ Սիրտս կանգնեց։
- Փող ա պետք։
- Ի՞նչ, ի՞նչ փող, ինչքա՞ն։ 
- Շատ։ Պարտքով։ Խոսք եմ տալիս՝ շուտ կվերադարձնեմ։
- Բայց ինչի՞դ ա պետք։ Պապան լա՞վ ա։
- Լավ ա։ Ես լավ չեմ։
- Բժշկի՞ ես գնում, - ծնկներս թուլացան։
- Մի կես ժամ էլ հարցեր տաս, գլուխս կթռցնեն։ Ասա՝ կտա՞ս, թե՞ չէ։
- Խաղացե՞լ ես։
- Հաջորդը կկրեմ ու կտամ, երդվե՞մ, որ հավատաս։ Պապայի արեւ։
- Դու գիտես, որ չեմ աշխատում, չորս փոքր էրեխեք ունեմ։ Ես տան վարձ պետք ա տամ, Սերոբն էլ հազիվ օրվա հացի փող ա աշխատում։ Տես, Ռուբեն տղա, էրեխեքիս հացն եմ քեզ տալիս։ Խոստացիր, որ էլ չես խաղա։ Խոստացիր։
- Ապրես, քուրս։ Ես գիտեի, որ ինձ մենակ դու կհասկանաս։
- Ես քեզ չեմ հասկանում։ Խոստացիր։
- Վերջ։ Անջատում եմ։ Հինգ րոպեից պատուհանի տակ կգամ՝ շենքի հետեւի մասից։
Ռուբենն ինձ այդպես էլ ոչինչ չխոստացավ։ Սերոբից թաքուն նրան տվեցի նեղ օրվա համար խնայած գումարս։

Մայրս մահացել էր հիվանդությունից, երբ Ռուբենը չորս տարեկան էր, իսկ ես՝ տասնմեկ։ Նրա մահից հետո մեր տան անդորրը խախտվել էր․ հայրս օրերով տուն չէր գալիս, աշխատանքից հետո գնում էր գերեզման, իսկ առավոտյան այնտեղից գնում էր աշխատանքի։ Երեկոյան ժամերին հարեւանուհին թակում էր դուռը՝ ամենքիս մի կոնֆետ տալու ու համոզվելու, որ լավ ենք։ Չնայած վստահ էի, որ նա էր, բայց, միեւնույն է, վախենում էի ցանկացած թակոցից։ Հայրս երբեմն խոսում էր ինձ հետ․ հարցնում էր, թե տանն ինչ պակաս բան կա։ Ես տնտեսություն վարելուց այնքան էլ գլուխ չէի հանում, բայց փորձում էի ցուցակ կազմել ու տալ նրան։ Երկու տարի անց հայրս «վերադարձավ»։ Բայց ո՛չ ես, ո՛չ հայրս Ռուբենին չկարողացանք տալ այն սերն ու ուշադրությունը, ինչը նա կստանար մայրիկից։ Այդ ժամանակ ես որոշել էի՝ երբ մայրիկ դառնամ, ինչ էլ լինի, երեխաներիս մենակ չեմ թողնելու, ոչ էլ հիվանդանալու եմ։

Եղբորս «հիվանդության» բացահայտումից ի վեր ես կորցրել էի խաղաղությունս։ Հորս պատմել՝ կնշանակեր սպանել նրան։ Սերոբին նույնպես չէի կարող պատմել․ ամաչում էի։ Ցանկացած հիվանդություն, որը վերջանում է մոլ-ով, անհնար է արմատախիլ անել՝ առանց անձի կյանքում բեկումնային փոփոխության․ թմրամոլ, խաղամոլ, կնամոլ, համասեռամոլ, էլ եսիմինչամոլ… Միայն թե բեկումնային փոփոխությունը երկու ելք ունի՝ բուժում կամ մահ։ Սարսափում էի Ռուբենի խնդրի երկրորդ ելքով լուծումից, ուստի, այդ օրվանից սկսած, փորձում էի ամեն բան անել, որ նա դուրս գա սարդոստայնից, որի մեջ հայտնվել էր կեղծ ընկերների ջանքերով։ Սակայն օր-օրի ամեն ինչ ավելի էր վատանում։ Ռուբենը հորիցս թաքուն վաճառել էր մայրիկիս ոսկյա զարդերը, վաճառել էր մեքենան՝ իբր նորը գնելու համար, գրավ էր դրել տունը՝ բիզնես վարկի պատրվակով։ 

Մի օր Սերոբը պատահաբար իմացավ իմ գաղտնի «բարեգործությունների» մասին ու ընտանիքի ողջ գումարը սկսեց անձամբ տնօրինել։ Ամիսներ անցան՝ վախի ու հուզմունքի մեջ։
Կեսգիշեր էր։ Սերոբը դեռ տուն չէր եկել։ Շունչս կտրվում էր այն մտքից, որ Ռուբենը նրան իր ջրերն է գցել։ Սերոբը․․․ Չէ, նա դա չէր անի։ Նա կայուն բնավորություն ունի։ Չէ․․․

Սերոբը զգուշորեն բացեց դուռը, գաղտագողի ներս մտավ։ Ես քնած ձեւացա։ Մտավ սենյակ, բացեց իր գրասեղանի դարակը, այնտեղ ինչ-որ բան տեղավորեց ու պառկեց։ Չէր կարողանում քնել։ Իսկ ես դարակը բացելու անհանգստությունից ընդհատումներով էի շնչում։ Ուշ գիշեր էր, երբ Սերոբը քնեց։ Մոտեցա գրասեղանին, բացեցի դարակը։ Ծնկներս թուլացան․ զենք էր։ Շրջվեցի, որ աթոռին մոտենամ, Սերոբը կանգնած էր մեջքիս ետեւում։ Վախից քարացա։ 

- Ինչի՞ քնած չես։
- Էս ի՞նչ ա, Սերոբ։
- Գյուղապետն ա տվել։
- Մի խաբիր։ Ո՞ւր ա Ռուբոն։
- Ի՞նչ Ռուբո։ Քեզ ասում եմ՝ գյուղապետն ա տվել։
- Ինչի՞ պետք ա գյուղապետը զենք տար քեզ։ Ես վախենում եմ, Սերոբ։
- Դու պետք ա ուժեղ լինես, Ալիս։ Հնարավոր ա՝ մի օր գա, ու էրեխեքը քո հույսով մնան։
- Ի՞նչ ես խոսում, - լաց լինելով ընկա Սերոբի գիրկը։ Ես չէի կարողանում կառավարել հույզերս։
- Շըշշշ, էրեխեքին կարթնացնես։ Թող գոնե էսօր խաղաղ քնեն։ Ալյուր ունե՞նք։
- Հա, մի քանի կիլո կլինի։
- Արագացրու, խմոր հունցիր։ 
- Էս ժամի՞ն։
- Առավոտյան․․․
- Ի՞նչ։
- Պատերազմ ա սկսվելու․․․ Գյուղապետն ապահովության համար զենք ա բաժանել տղամարդկանց։ Երբ տագնապը տան, կվերցնես քեզ հետ։ Չմոռանաս։
- Ես կրակել չգիտեմ։
- Ոչինչ, որ պետք գա, դա էլ կանես։    
Մինչեւ լուսաբաց ես ու Սերոբը հաց թխեցինք։ Լուսաբացին Սերոբը հրաժեշտ տվեց, մի քանի հաց վերցրեց ու գնաց դիրքեր։ Առավոտյան, երբ երեխաներն արթնացել էին ու նախաճաշում էին, տագնապը հնչեց։ Մարդիկ խուճապահար վազում էին, հրմշտում իրար, լացում, ճչում, պոկում մազերը։ Մեկը ծածկոցներ էր տանում հետը ապաստարան, մյուսը՝ պահածոներ, մեկը՝ ընտանիքի լուսանկարները։ Ես մեջքիս հետեւում՝ հագուստի տակից կապել էի զենքը, երեք երեխաներս վազում էին առջեւովս, մի ձեռքիս մեկ տարեկան փոքրիկս էր, մյուս ձեռքիս՝ մեծ պայուսակով հաց։
Մեկ ամիսը լրանում էր, ինչ Սերոբից լուր չունեի։ Ամեն կտոր հացի հետ նրան տեսնելու հույսերս փոքրանում էին։ Ապաստարանից դուրս էի եկել՝ մաքուր օդ շնչելու։ Ռուբենը եկավ ինձ ընդառաջ։
- Ռո՜ւբ․․․ - վազեցի եղբորս գիրկը։ - Ո՞նց ես, Սերոբին տեսե՞լ ես։
- Լավ եմ։ 
- Դու ո՞ր կողմերում ես կռվել։ Ի՞նչ են ասում, ե՞րբ ա վերջանալու էս քաոսը։
- Ալիս։
- Ասա։
- Ալիս, ինձ օգնություն ա պետք։
- Ի՞նչ օգնություն, Ռուբ։ Վիրավո՞ր ես։
- Ինձ փող ա պետք։
Արյունը սառեց երակներումս։ Պարզվեց՝ այսքան ժամանակ, երբ ես չգիտեի, թե երեխաներիս ոնց պահեմ, երբ Սերոբը կողքիս չէր ու կռվում էր մեր ողջ մնալու համար, նրա ողջ մնալու համար, նա ինչ-որ պատերի տակ, ինչ-որ նկուղներում անիմաստ, այս օրերի հետ անհամատեղելի զբաղմունքով էր տարված։ 
- Ո՞նց ես կարողանում․․․
- Կվերադարձնեմ։
- Դու․․․ չե՞ս ամաչում։
- Պապայի արեւ, հետ կտամ։
- Չէ, դու էս ի՞նչ տեսակ ես։
- Չե՞ս հավատում։
- Ես քեզ կօգնեմ, - մեջքիս հետեւից հանեցի զենքը։
- Ալիս․․․ Էս ի՞նչ ես անում։ Չանես․․․ Ալիս․․․
- Կօգնեմ քեզ․․․
- Չանես․․․
- Կօգնեմ․․․
Կրակեցի․․․ Չգիտեմ՝ իմ բախտը բերեց, թե նրա, բայց չմահացավ։ Կյանքը փրկեց ինձ հետ նույն ապաստարանում պատսպարված մի բուժքույր։ Ապաքինվելուն պես բարձրացավ դիրքեր։ 
Մեր թխած հացի վերջին կտորը պահել էի Սերոբի համար։ Ամեն օր հոտ էի քաշում, համոզվում, որ դեռ չի նամշել, խոստանում, որ Սերոբին է բաժին հասնելու, նորից խնամքով թաքցնում էի ու սրբում արցունքներս։
Ռուբենը Սերոբին գրկած՝ իջեցրեց դիրքերից․ Սերոբը կորցրել էր մի ոտքն ու ձեռքը։
- Հացը համո՞վ էր․․․ զենքը պե՞տք եկավ․․․ - ժպտաց Սերոբը, երբ վերջապես թույլ տվեցին տեսնել նրան։
- Էդ ապրելու զենք էր, Սերոբ․․․ Էդ ապրելու հաց էր․․․


«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ