Տաջիկները՝ ՌԴ-ի «սև ցուցակում»․ Դուշանբեն բողոքի նոտա է հղել

Տաջիկները՝ ՌԴ-ի «սև ցուցակում»․ Դուշանբեն բողոքի նոտա է հղել

Տաջիկստանում ՌԴ դեսպան Սեմյոն Գրիգորիևը կանչվել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հղել՝ կապված Ռուսաստանի տարածքում հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտման հետ։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Տաջիկստանի դիվանագիտական ​​գերատեսչությունից։

Գործակալությունը մանրամասնում է, որ այսօր՝ ապրիլի 29-ին Տաջիկստանում ՌԴ դեսպան Սեմյոն Գրիգորիևին է ներկայացվել Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության բողոքի նոտան՝ «լուրջ մտահոգություն հայտնելով հանրապետության քաղաքացիների նկատմամբ Ռուսաստանի տարածքում ընդգծված բացասական վերաբերմունքի դրսևորման զանգվածային դեպքերի, ինչպես նաև նրանց իրավունքների և ազատությունների համատարած խախտման վերաբերյալ»։

Տեքստում նշվում է, որ «նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է տաջիկա-ռուսական հարաբերությունների ոգուն և ավանդույթներին»։

Այսօր ավելի վաղ գրել էինք, որ մոսկովյան մի շարք օդանավակականներում արգելափակված են մնացել Տաջիկստանի մի շարք քաղաքացիներ։

Հիշեցնենք նաև, որ տաջիկների հանդեպ ՌԴ իշխանությունները սկսեցին առանձնակի ուշադիր և խիստ լինել այս տարվա մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ համերգասրահ ներխուժողների և զանգվածային սպանդ իրականացնողների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։ Նրանք բոլորն էլ կալանավորված են։