Posta. Հայ-թուրքական հարաբերություններում անակնկալ զարգացումներ են սպասվում

Posta. Հայ-թուրքական հարաբերություններում անակնկալ զարգացումներ են սպասվում
Թուրքական հայտնի Posta թերթի վերլուծաբան Հաքան Չելիքը իր հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքական իրադրությանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զարգացումներին։



«Իսրայելի հետ լարված հարաբերությունների մեջ հայտնված, եւ ԱՄՆ-ի հետ էլ ոչ նախանձելի օրեր անցկացնող Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերություններում մի շարք քայլեր կատարել։  Եթե Երեւանի եւ Անկարայի միջեւ ընթացող գաղտնի բանակցությունները դրական արդյունքով ավարտվեն, առաջիկա օրերին որոշ կարեւոր որոշումներ կհրապարակվեն։ Առաջնային նպատակն է՝ Ղարաբաղի խնդրի պատճառով փակուղի մտած բաց երկխոսության գործընթացի վերսկսումը։



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ապրիլին Երեւան էր ուղարկել ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուին, որպեսզի հաղթահարվի փակուղի մտած գործընթացը,սակայն երեւանյան հանդիպումները ցանկալի արդյունքներ չտվեցին։



Անկարան անհանգստացած է, որ ԱՄՆ-ում հրեական լոբբիի եւ Իսրայելի հետ առաջացած խնդիրների հետեւանքով ԱՄՆ Կոնգրեսում Հայկական բանաձեւը նոր ուժ հավաքի։ Հրեական կազմակերպությունները բացահայտ հայտարարեցին, թե այսուհետ Հայաստանի հետ տեղի ունեցող զարգացումներում Թուրքիայի կողքին չեն լինելու։



Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն համարող Բարաք Օբաման Թուրքիայի կողմից կրկին Ղարաբաղի պայմանը առաջ քաշելուց հետո հիասթափություն ապրեց։  ԱՄՆ-ը անընդունելի է համարում, որ Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում տեղ չգտած Ղարաբաղի խնդիրը նախապայման է ներկայացվում։



Չնայած Թուրքիայի խիստ արձագանքին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախորդ շաբաթ այցելեց Հայաստանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչը բնութագրվեց որպես ԱՄՆ-ում հիշյալ խնդրի շուրջ մոտեցման հարցում «մեծ փոթորիկի» նախանշան։ Թուրքիան այս պահին քննարկում է, թե ինչպիսի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մյուս կողմից էլ Թուրքիայի իշխող կուսակցությունը հանրաքվեից եւ ընտրություններից առաջ մտահոգված է Հայաստանի հետ հարաբերություններում համարձակ քայլեր անել։  Անկարան անհանգստացած է, թե Երեւանի եւ Վաշինգտոնի ուղղությամբ քայլեր անելու դեպքում, խիստ քննադատության կենթարկվի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից։



Առաջիկա օրերին Թուրքիան եւ Հայաստանը մերձեցնող երկու մեծ միջոցառումներ են կազմակերպվելու։  Դրանք են՝ դիրիժորներ Նվարդ Անդրեասյանի եւ Ջեմ Մանսուրի ղեկավարությամբ Թուրքիայից եւ Հայաստանից 65 երիտասարդների՝ հուլիսի 16-ին Ստամբուլում  կազմակերպվելիք համերգը, եւ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից մեկ շաբաթ հետո՝ սեպտեմբերի 19-ին Վանի Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցին կրոնական արարողությունների համար վերաբացելը։ Սպասվում է, որ այդ միջոցառմանը աշխարհի տարբեր կողմերից կժամանեն մոտ 5 հազար հայեր։



Թուրքական իշխանությունները՝ հասարակության աջակցությամբ, այս երկու միջոցառումներից ուժ հավաքելով, աշնանը կարող են մի շարք որոշումներ ընդունել։ Եթե այս ընթացքում հաջողվի Բաքվին համոզել, Անկարան անակնկալ որոշմամբ կբացի հայ-թուրքական սահմանը»,- իր հրապարակման մեջ նշել է Հաքան Չելիքը։



news.am