«Հրապարակ». Դուք գիտե՞ք՝ մարդիկ ինչու են նախընտրում առյուծներին, այլ ոչ թե բորենիներին

«Հրապարակ». Դուք գիտե՞ք՝ մարդիկ ինչու են նախընտրում առյուծներին, այլ ոչ թե բորենիներին

Մեր տեղեկություններով, ընդդիմության պայքարը համակարգող նոր մարմին է ձեւավորվում` Ազգային կոմիտեի նմանությամբ: Նախաձեռնողները երեք նախկին վարչապետներն են` Հրանտ Բագրատյան, Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան: Բայց այս խորհրդի կազմում ընդգրկվելու են բոլոր քաղաքական, հասարակական ուժերի, նախաձեռնությունների ներկայացուցիչները: Մենք մի քանի հարց ուղղեցինք ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։

- Պարոն Բագրատյան, տեղեկություններ կան, որ նոր քաղաքական խորհուրդ է ձեւավորվում, որը պետք է համակարգի ընդդիմադիրների գործողությունները։ Դուք մասնակցո՞ւմ եք այդ բանակցություններին, ի՞նչ կարող եք ասել։

- Նման խոսակցություններ, այո, կան․ խոսքն Ազգային խորհուրդ ստեղծելու մասին է։

- Անունն «Ազգային խորհո՞ւրդ» է լինելու։

- Երեւի։

- Ի՞նչ պետք է անի այդ խորհուրդը, ովքե՞ր են լինելու խորհրդի կազմում։

- Բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այդտեղ պետք է լինեն, ինչպես նաեւ՝ մտածում ենք, որ լինեն Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։

- Ընդդիմադիր պայքարն ի՞նչ եղանակով պետք է իրականացվի․ խոսվում է ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին զուգահեռ փողոցային պայքարի մասին։ Այն, ինչն ըստ էության արդեն սկսվել է Բագրատ սրբազանի ղեկավարությամբ: Դուք ո՞ր տարբերակին եք ավելի հակված։

- Երկու պրոցեսը՝ Ազգային խորհրդի ստեղծումը եւ իմպիչմենտի գործընթացը, իրար չեն հակասում, դրանք կարող են զուգահեռ ընթանալ։ Բագրատ սրբազանի անունն էլ, այո, քաղաքական վերնախավում շոշափվում է, որպեսզի նա, եւ ոչ միայն նա, լինի խորհրդի կազմում։

- Խորհուրդը կոլեգիա՞լ մարմին է լինելու, թե՞ լինելու է խորհրդի նախագահ, ով կայացնելու է վերջնական որոշումները։

- Առնվազն մեկը պետք է կոորդինացնի խորհրդի աշխատանքները, հիմա մենք ունենք սպոնտան ելույթներ` հանրապետությունով մեկ, դա պետք է կոորդինացնել։

- Խորհուրդը քանի՞ հոգուց կազմված կլինի։

- Աշխատում ենք այնպես անել, որ կառավարելի լինի․ ոնց որ թե մի 30 հոգուց պակաս չստացվի, բայց սա նախնական է։

- Ո՞ր ուժերն են լինելու խորհրդի կազմում։

- Բոլոր այն էական ուժերը, որոնք իրենց համարում են ընդդիմադիր։

- Բայց դա շատ ընդհանուր բնորոշում է: Օրինակ, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ու Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» էլ են իրենց ընդդիմադիր համարում։

- «Լուսավոր Հայաստանը» դեռ մեկ ամիս առաջ ընդդիմադիր չէր, այսինքն՝ ինչպե՞ս են ընդդիմադիր դառնում, ինչո՞վ են իրենք տարբերվում Փաշինյանից։ Եթե «Լուսավոր Հայաստանը» դիմի խորհրդի կազմ ներառվելու համար, երեւի նրանց հետ պետք է զրուցենք, հասկանանք ընդդիմադիրության աստիճանը։ Արամ Զավենի Սարգսյանի մասով․ նրա ի՞նչն է ընդդիմադիր, իրենք շատ լավ էլ իշխանություն են, Երեւանում իշխանության մի մասն են, ամեն տեղ օգնում են իշխանությանը, որտեղ ընտրվում են։ Ինձ հայտնի են տասնյակ պաշտոնյաներ, որոնք նշանակվում են նրանցից։ Այդ կուսակցության ղեկավարը ԵԿՄ փոխնախագահն է, կարծեմ, ԵԿՄ-ն իշխանություն է, այն իշխանության ոստիկանական մասնաճյուղն է։

- Քաղաքացիները խորհրդից ի՞նչ սպասեն․ ամենօրյա բողոքի ակցիանե՞ր, հանրահավաքնե՞ր, թե՞ այլ բան։

- Մեր հայրենիքը հանձնում են։ Ես եւ խորհրդի շատ անդամներ ողջունում ենք ցանկացած տեսակի քաղաքական ակցիա՝ ուղղված այս իշխանությունների դեմ։ Մեր հայրենիքը հանձնում են կենդանի։

- Ռադիկալ գործողություններ, շենքերի շրջափակում եւ այլն լինելո՞ւ են։

- Ես Ձեզ մի բան հարցնեմ․ ինչո՞ւ է առյուծը գրադասելի բորենուց, ինչո՞ւ է առյուծը մեզ մոտ համակրանք առաջացնում, իսկ բորենին կամ շնագայլերը` հակակրանք։

- Եվ ինչո՞ւ։

- Որովհետեւ առյուծը զոհին սպանում է` նոր է ուտում, իսկ բորենիները գալիս են, ընկած եւ փախչել չկարողացող զոհին կենդանի են ուտում։

- Ինչպե՞ս են առյուծն ու բորենին կապված ռադիկալ գործողությունների լինել-չլինելու հարցի հետ։

- Կապված են նրանով, որ Հայաստանին մի քիչ առյուծ մարդիկ են պետք, էլի, առյուծասիրտ մարդիկ են պետք, որովհետեւ փափուկ սրտով հայրենիք չի լինի սիրել։

- Խորհուրդն իր առաջ խնդիր է դնում հողերի հանձնման պրոցե՞սը կանգնեցնել, թե՞ իշխանափոխություն անել։

- Այո, կանգնեցնել պրոցեսը, կանգնեցնել սահմանազատումը, մինչեւ չստացվեն հստակ սկզբունքներ, պայմանավորվածություններ ընդհանուր քարտեզների շուրջ` ամբողջ սահմանազատման մասով, որովհետեւ Տավուշն ուղղակի «ծաղիկներն» են։

- Իսկ արտահերթ ընտրությունների պահանջ հնարավո՞ր է դրվի։

- Անպայման, որովհետեւ զուգահեռաբար կդրվի նաեւ իմպիչմենտի հարց։ Ավելին՝ երեկ պետիցիա ենք հանձնել դատախազությանը, շուտով մեկն էլ կհանձնենք, որ դա դավաճանություն է եւ քրեական հանցագործություն է համարվում: Ինքն օրենքն է խախտել, եւ իր ծրագիրը` 2021-ի հունիսին, ԱԺ-ն օրենքով է ընդունել, այդ օրենքով հաստատել է այդ ծրագիրը, իսկ ինքը հետո խախտել է այդ ծրագիրը։