Ի՞նչ իշխանական, ի՞նչ ընդդիմադիր, ի՞նչ նախկին, լավ` ամոթ չէ՞

Ի՞նչ իշխանական, ի՞նչ ընդդիմադիր, ի՞նչ նախկին, լավ` ամոթ չէ՞

«Հրապարակի» զրուցակիցը երգչուհի Ալլա Լևոնյանն է:

- Վաղը մայիսի 9-ին Բագրատ սրբազանի գլխավորած երթը Երևան կհասնի: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարդկանց բողոքի ձայնն է բարձրացնում այս իշխանությունների գործողությունների դեմ: Միանալո՞ւ եք հանրահավաքին:

- Անպայման: Անգամ եթե հասցնեմ այսօր կմիանամ, եթե ոչ` վաղը անպայման: Բագրատ սրբազանի մասին հրաշալի կարծիք ունեմ և հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ամեն դեպքում զարթոնքն արդեն կա, մարդկանց միավորվածությունը կա և այս ամենը դառնում է սիրո պայքար, բայց թե վերջն ինչ կլինի, ես չգիտեմ, հիմա այս պահին ես տեսնում եմ բարոյական զարթոնքը, այն ինձ շատ ուրախացնում է: Չափից շատ էր հուսահատությունն ու հուսալքությունը, հիմա պայքարելու ժամանակն է, իսկ այս պայքարը սիրո մասին է:

- Ձեզ իշխանականները քննադատում էին 2018-ի հեղափոխությանը չմասնակցելու համար: Ինչո՞ւ այն ժամանակ չմիացաք պայքարին:

- Ես հեղափոխություններ չեմ սիրում, երբ պատմություն ես կարդում, տեսնում ես, որ հեղափոխություններից հետո միշտ վատ բաներ են լինում, ինչը մենք ամեն օր տեսնում ենք: Չեմ միացել 2018-ին նրանց ու ճիշտ եմ արել, չեմ հավատացել նրանց, հիմա սրբազանին հավատում եմ: Այսօր տեղի ունեցողը մարդկանց իրար դեմ հանելու համար չէ: Սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի, արժեվորի: Իմանա իր պետության արժեքը, որ մահանա անտարբերությունը, լինի մեծ հույս:

- Իշխանությունները սպառնում են, որ եթե Տավուշի գյուղերը չհանձնեն, պատերազմ տեղի կունենա, իսկ իրենք էլ «խաղաղության աղավնիներ» են, թեեւ այս տարիներին միայն մահ ու տառապանք են բերել....

- Դե էս քանի՞ տարի է արդեն պատերազմ է ու ի՞նչ: Ոչ մեկս էլ պատերազմ չենք ուզում, բայց արդեն քանի տարի է պատերազմ է: Այս վախի մթնոլորտում ամեն ինչ տա՞նք, հա՞:

- Այս օրերին ի՞նչ ազդեցություն ունեն հայտնիները: Կան նաև իշխանական հայտնիներ, ովքեր չեն ընդունում այս շարժումը:

- Ուֆ, դրանց անունը չեմ էլ ուզում լսեմ: Սա ախր հո անձի, կամ կուսակցության թեմա չէ: Սա քաղաքական պայքար էլ չէ, մեր գոյության կռիվն է: Ի՞նչ իշխանական, ի՞նչ ընդդիմադիր, ի՞նչ նախկին, լավ ամոթ չէ՞: Մեր տունը հենց այս մտածողությունն է քանդում: Ես Բագրատ սրբազանին վաղուց եմ ճանաչում, նա այս առումով շատ հիանալի տեսակ է, չպառակտող: Միշտ էլ նման օրհասական պահերին մեր եկեղեցին է կանգնել ժողովրդի կողքին: Դա մեր վերջին կարմիր գիծն է: Չի կարելի նման արժեքների կպնել: Ովքե՞ր են նրանք, որ քննադատում են սրբազանին: Կարդում եմ ինչ ստեր են տարածում ու զարմանում եմ: Իսկ դու հույս ունե՞ս, որ մի բան կլինի:

- Վստահ եմ, որ մոտ 50 հազար մարդ փողոց դուրս կգա` սկզբի համար:

- Դա էլ է քիչ: Բագրատ սրբազանն ասում է` գալիս ենք մեր մեջքը շտկելու: Իսկ սրանք ամեն ինչ անելու են, որ ասեն` այ տեսեք, այս շարժման պատճառով այս ինչ բանը եղավ: Շատ վտանագավոր պահ է, մեր բոլորիս քայլերն էլ պետք է պատասխանատու լինեն, բայց ի վերջո պետք է հառնենք: Պետք է ոտքի կանգնենք, էսպես էլ չի լինի: Ամեն ինչ քանդեցին, հիմա էլ արդեն եկեղեցուն են կպնում, դա մեր վերջին հույսն է: Մեր ժողովրդի կողքին միշտ եկեղեցին է կանգնած եղել: Սփյուռքն ո՞վ է համախմբված պահում, նույն այդ եկեղեցին չէ՞:

- Ամեն բան սկսվեց նրանից, որ Փաշինյանը հայտարարեց Տավուշից չորս գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին:

- Այսինքն, որ մեզ մոտ ադրբեջանցիներ են ապրել, մենք էլ դա թույլ ենք տվել, նշանակում է այդ գյուղերն ադրբեջանակա՞ն են: 7-րդ դարի եկեղեցի ունենք ախր, էդպես հեշտ ո՞նց են նման հայտարարություններ անում: Հայը հայի հողամասից մի մետր հող յուրացնի իրար կոկորդ կկտրեն, ո՞նց է ստացվում, որ հիմա էդպես ամեն ինչ պիտի փռենք թշնամու առաջ: Այ քեզ բան.... Էդպես որ լինի Սումգայիթը, Բաքուն մերն են, թող դրանք էլ մեզ վերադարձնեն: Հո միայն հողեր տալով չէ՞: Գերիների հարցն էլ էդպես մնաց, երևի չեն էլ հիշում, Արցախը հանձնեցին.... Սև լիճը անցան, հետո այլ տեղերում առաջ եկան: Դրանց մասին կա՞ մտածող: