Համախմբումը դռները բացելու վերջին բանալին է 

Համախմբումը դռները բացելու վերջին բանալին է 

Համախմբումը դռները բացելու վերջին բանալին է։ Հայ ժողովուրդն արդեն հասել է երևացող վերջին։ Արցախը չկա, հայաթափվել է։ Հայաստանը մասնատվում, փոքրանում է, ժողովուրդն էլ նույն բանն իրագործողների շնորհիվ պառակտվել ու ապրում է վախի, ահաբեկչության մեջ։ Քաղաքական ուժերի կողմից օգտագործվել են հնարավոր  միջոցները՝ կանգնեցնելու երկրի սրընթաց վայրէջքն իրականացնող  իշխանության հեռացումը, բայց արդյունքը զրոյական է եղել։ Հայաստան աշխարհը հայտնվել է իր պետականությունը կորցնելու շեմին։ Ծայրահեղ կրիտիկական պահերին մարդիկ համախմբվում են՝ անկախ իրենց կարծիքից, դիրքորոշումից, կուսակցությունից, սոցիալական դիրքից։ Ժողովուրդը զուր չի ասում՝ ցավը համախմբում է մարդկանց։ Իսկ ցավը փոքր չէ, հայրենիքը կորցնելու ցավն է։ Դա այնպիսի ցավ է՝ եթե համախմբում, մեկտեղում  չլինի, հնարավոր չէ այն հաղթահարել։ Մեծ, վեհ  գործերը միշտ համախմբում են մարդկանց։ Ստեղծված իրավիճակը հաղթահարելու առաջին գործիքը պառակտված հասարակությանը համախմբելն ու համբերությամբ առաջ գնալն է։ Դառն է համբերությունը, բայց պտուղը քաղցր է։ Համբերությունն ավելի զորեղ է, քան խելահեղ ուժերը։ Սրանք իմաստություններ են, որոնք դարավոր պատմություն ունեն։  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  առաջնորդ Բագրատ Սրբազանի պայքարը իշխանության կիզակետում է հայտնվել զուտ այն պատճառով, քանի որ նրանք տեսնում են, որ դռները բացելու բանալին նրանց ձեռքում է։

Համբերությամբ, հանդուրժողականությամբ, համախմբմամբ առաջ են գնում։ Վեց տարվա պառակտածը պետք է ինչ որ կերպ միացնել, կողք- կողքի դնել։  Պետք է մարդկանց համախմբել գաղափարի շուրջ, չէ՞ որ հայրենիքը մեկն է ու այն բոլորինն է։ Կարծում եմ մոտեցումը ճիշտ է, երբ համախմբում է այն բոլոր ուժերը, որոնք պատրաստ են միավորվել՝ պետության գոյության համար։ Միավորվել՝ մեր ազգային արժանապատվությունը պահելու, ազգ մնալու համար։ Իշխանության կողմից առաջին հերթին թիրախավորվում, ծաղրվում է համախմբումը։ Սա այն ցավոտ կետը, բաց վերքն է, որը նրան սոսկալի  ցավ է պատճառում, որովհետև հասկանում են, որ համախմբվել նշանակում զորանալ, ապաքինվել, ոտքի կանգնել․․․