ՄԱԿ-ում տարածվել է Արցախի փաստաթուղթը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի փաստաթուղթը

Օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի կողմից պատրաստված փաստաթուղթը, որը ներկայացնում է Արցախի մեկուսացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է զարգացման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Մարդու իրավունքների հռչակագրով, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների եւ տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին դաշնագրերով։



Հղում կատարելով միջազգային իրավունքի մի շարք նորմերի՝ փաստաթղթում ընդգծվում է, որ անհատական եւ կոլեկտիվ իրավունքների եւ հիմնարար ազատությունների, այդ թվում` սոցիալական եւ տնտեսական իրավունքների իրացումը չի կարող կախված լինել մարդկանց բնակության երկրի կարգավիճակից, հետեւաբար, միջազգային ճանաչվածության բացակայությունը չի կարող ազդել Արցախի Հանրապետության՝ միջազգային հարաբերություններում ներգրավվելու եւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորության վրա։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնում համագործակցելու ՄԱԿ անդամ երկրների հետ՝ հանրապետությունում կայուն եւ թափանցիկ տնտեսական գործունեության ապահովման նպատակով։ «Իրենց հերթին Արցախի Հանրապետության իշխանություններն անում են հնարավորինը, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ կարողանա լիարժեք կերպով իրացնել միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները, ազատորեն զարգացնել եւ իրացնել սեփական ներուժը։ Այսկերպ Արցախի իշխանությունները նպաստում են խաղաղ, կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայացմանը»,- նշված է փաստաթղթում։