Այս օրերին արդարություն վկայակոչելն անիմաստ զբաղմունք է

Այս օրերին արդարություն վկայակոչելն անիմաստ զբաղմունք է

ՀՀ քննչական կոմիտեի վերջին հաղորդագրումներից մեկի հասցեատերը վանաձորցի 27-ամյա երիտասարդ էր: Ենթադրաբար վերջինա նաև քպկական «ազգընտիրների» հակահերոսն էր, ով 3000 դրամով մարդ է տանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին:

Բայց հարցը  ներկայացնենք հերթականությամբ: Ըստ պետական այդ կառույցի, «ծառայողների կողմից կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հավաքներին մասնակցելու Վանաձոր քաղաքի բնակչի կողմից նյութապես շահագրգռելու դեպքեր»: Մեկ-երկու օր առաջ կարդալով այս պարբերությունը՝ պատկերացրի մեր երկրում գործող 5-րդ շարասյան անդամներից մեկի գործունեության բացահայտումը: Սակայն պարզվեց, որ այն շատ չի տարբերվում հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի և Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի միջև երկու տարի առաջ տեղի ունեցած միջադեպի պատմությունից: 

Ներկայացնեմ կոմիտեի կայքէջում գրավոր նյութի հետ ներկայացված 7 րոպե 10 վայրկյանանոց տեսահոլովակը: Դրանում լսվում է երեք ձայն՝ տղամարդու, ով ենթադրաբար քննիչն է, միջին տարիքի կնոջ և ծեր կնոջ: Միջին տարիքի կինը սկզբում ասում է, թե ինչ-ինչ ծախսեր հոգալու համար մեքենայում գումար է բաժանվել, ենթադրաբար, գնալուց առաջ: Իսկ մեկ րոպե անց նույն ձայնն ասում է, որ գումարը (3000 դրամ) բաժանվել է արդեն հետ գալուց: Համաձայնեք, որ 3000 դրամ ստանալու պահը մոռանալն այնքան էլ հիմնավոր չէ, եթե ստացողը հիշողության առումով խնդիր չունի և ոչ թե միլիոնատեր է, այլ բարեգործական ճաշարանի շահառու: Այդ կնոջն, ի դեպ, երկու անգամ են տարել Վանաձորից դուրս: Առաջին անգամ տարել են Ոսկեպար, սակայն շատ ավելի վաղ, քան սկսվել են Տավուշյան բողոքի ակցիաները: Համենայն դեպս, առաջին անգամվա կապակցությամբ հանրահավաքի մասին ինքը չխոսեց: Երկրորդ անգամ, երկու շաբաթ առաջ, տարել են Լոռու մարզի Վահագնաձոր գյուղը: Նույնիսկ քննիչը զարմացավ, թե ինչու հենց այդ գյուղը: Որտեղ, ենթադրաբար, կազմակերպված է եղել հանրահավաք: Սակայն ինքը չի մասնակցել, իսկ նրան այդտեղ հասցնողն էլ չի ստիպել: 

Քննիչի երկրորդ զրուցակիցը՝ տատը (ինչպես քննիչն է նրան դիմում), հավաքի վայրում բացի դրոշներից տեսել է վաճառքի համար ուտելիքով և ջրով բարձած ավտոներ: Տատի ասելով, ինքը փողը ստացել է այն ժամանակ՝ երբ դեռ չէին շարժվել: Մի քիչ դժվար է պատկերացնել, որ բողոքավոր մարդկանց տանում էին տոնավաճառի վայր: Կամ էլ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները հանրահավաքի հետ մեկտեղ կազմակերպել են տոնավաճառ: Ինչևէ, ուշադրության արժանի է նաև մեքենաների հարցը. միջին տարիքի կնոջ ասելով իրեն տարել են ԳԱԶԵԼ-ով, իսկ ավելի ուշ ասում է, որ սպիտակ ԲՄՎ-ով: Չեմ պատկերացնում, որ Վանաձորում ԲՄՎ մակնիշի միկրոավտոբուսներ լինեն: Տատի ասելով էլ, իրենց տարել են «մարշրուտկով»:

Իսկ ի՞նչ է եղել իրականում: Իրականում Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» անդամ երիտասարդները բարեգործական ճաշարանի մի քանի շահառուի մի քանի անգամ տարել են էքսկուրսիաների (դրա մասին նաև տատն է ասում): Ու վերջին անգամ այն համընկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքային ժամանակաշրջանին: Կամ էլ, քանի որ Արթուր Ասատրյանը հայտարարել է սրբազանին աջակցելու մասին, նրա երիտասարդները այդ մարդկանց տարել են նաև հանրահավաքի: Ինչպես կասեին հնում՝ կատարվել է «երկուսը մեկում» գործողությունը: Ինչը քննչականի կողմի ներկայացվել է որպես «բողոքի ակցիային դրամական շահադրդմամբ մասնակցություն»:

Ի դեպ, քարոզչական նպատակով ոչ ունևոր մարդկանց ակտիվ «հանգիստը» կազմակերպելը մեզանում նորություն չէ: Տարիներ առաջ այն նախաձեռնվում էր «ԱԼՄ Հոլդինգ»-ի և այդ թվում հեռուստաընկերության հիմնադիր և ղեկավար Տիգրան Կարապետյանի (վաղուց արդեն հանգուցյալ) կողմից: Հենց այդ երևույթի վկայությունն են կոմիտեի կայքէջում տեղադրված երկու նկարները: Պարզ երևում է, որ էքսկուրսիա կազմակերպողները գովազդել են հենց իրենց շարժման գործունեությունը: Այն, ինչ ժամանակին հենց իր անվան առումով անում էր Տիգրան Կարապետյանը: Հիշեցնեմ վերջին 3 տարում Դոն Պիպոյի հետ կապված իրադարձությունները: 2021 թվականին սպանվել էր նրա եղբայրը, իսկ 2022-ին՝ մտերիմ ընկերը: Այդ թվականներին նրա տանը կրկնակի խուզարկություն էր կատարվել, դրանց արանքում ինքը հրաժարվել էր ՀՀ քաղաքացիությունից: 

Չնայած ո՛չ նախկինների և ո՛չ էլ հատկապես գործող իշխանության օրոք հարգանք չեմ ունեցել քննչական մարմինների նկատմամբ, բայց այս մեկը գերազանցել է բոլոր բացասական ակնկալիքներս: Այնպես որ, ոմանց ինքնագործունեությունը ներկայացնել որպես ընդդիմության կողմից 3000 դրամով մարդկանց հանրահավաքների տանելու ակցիա՝ առնվազն արդար չէ: Ի դեպ, վանաձորյան երիտասարդների շապիկներին Դոն Պիպոյի նկարն էր ու «արդար է» գրությունը: Չնայած նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում արդարություն վկայակոչելն անիմաստ զբաղմունք է:

Վերջաբանի փոխարեն. ԶԼՄ-ներում ներկայացվեց, որ ինչ-որ մարդիկ փորձել են փող բաժանել կիրանցիներին, բայց, չգիտես ինչու, քննչական կոմիտեն այդ հարցով զբաղվելու ցանկություն չի դրսևորել: Իսկ դա, իմ կարծիքով, ավելի ծանր հանցագործություն է, քան գումարով միջոցառման մասնակցությունն ապահովելը: Որովհետև սրա կամ նրա սեփականությունն անօրինական օտարելն ու այնուհետև փող առաջարկելը կարող է հանգեցնել վտանգավոր երևույթի: Այն է՝ այդ գործընթացով կարող է հետաքրքրվել նաև թշնամին և միջնորդների միջոցով կազմակերպել ամբողջական բնակավայրերի (տուն, հողամաս, անասուններ) օտարումը: Ի դեպ այն թշնամին, որ շատ ավելի մեծ գումարներ կարող է առաջարկել, քան նիկոլական էմիսարները: Իսկ մեկ անգամ արդեն այդ վիճակում գտնվողները կարող են դեմ չլինել նաև ավելի բարձր գնով օտարմանը՝ հատկապես որ չեն իմանա, թե ով է իրականում փող տվողը: