Անտեր գառը գայլը կհոշոտի․․․

Անտեր գառը գայլը կհոշոտի․․․

Իմաստություն է․ «Եթե հայտնվում է մեկը, ով պատրաստ է սարեր շուռ տալ, ապա նրան կհետևեն ուրիշները, ովքեր պատրաստ կլինեն նրա վիզը ոլորել»: Միշտ այդպես է եղել, բայց այսօր այնքա՜ն պարզ է երևում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը մարդկային հոգիների կարծրացած սարեր է շուռ տալիս, հայի արժանապատվությունը, ազգային հոգևոր արժեքները փորձում է ցեխի միջից հանել ու ամբողջացնել ու զարմանու՞մ եք, որ ֆեյքային մի ողջ բանակ է գործում նրա դեմ։ Զարմանու՞մ եք, երբ ինչ որ ծակերից հայտնվում են ինքնություն չունեցող մարդիկ, որոնց, եթե քաղաքակրթությունը թույլ տար, բառիս բուն իմաստով «վիզ կոլորեին»։ Երկիրը կործանման շեմին՝ ծաղրում, ծիծաղում են մի առաջնորդի, ով փորձում է կասեցնել այդ կործանումը։ Ի՜նչ լավ է, երբ հոգևոր մարդ է առաջնորդի դերում, ով պաշտպանվելու զրահ ունի ու աշխարհիկ ցեխը չի կպչում նրան։

Մի բան լավ է, որ նրանք մրմռում են ու մատնում իրենց։ Ուզում ես ասել՝ սոխ որ չես կերել, բերանդ ինչո՞ւ է մրմռում։ Որտեղից եմ լսել, չեմ հիշում, բայց պիտի ասեմ․ «Սարսափելի չէ, երբ քեզ վրա ծիծաղում են. ավելի սարսափելի է, երբ քեզ վրա լաց են լինում»: Արցախը լաց էր լինում, Սյունիքն էր լաց լինում, հետո Ջերմուկը, այսօր Տավուշը, վաղը․․․ Վարդենիսը․․․ Արարատը․․․ Համայն հայությունը լացում է։ Ու՞մ վրա է լացում, գիտե՞ք․․․ Նրա վրա, ով որպես ղեկավար չկա, իր անտեր պետության վրա է լացում, որ ով վրա է հասնում՝ հոշոտում է։ Անտեր գառը գայլը կհոշոտի, ո՞վ չգիտի։ Բաց ամանը շունն էլ կլիզի, կատուն էլ։ Իսկ ծիծաղելու, ծաղրելու համար «վիզ ոլորողներ» բոլոր ժամանակներում եղել ու պատմության մեջ մնացել են իրենց արժանի անուններով։