Խաղաղություն ես ուզում՝ կատարիր թշնամուդ բոլոր քմահաճույքները

Խաղաղություն ես ուզում՝ կատարիր թշնամուդ բոլոր քմահաճույքները

«Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերությունը, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» (Fly Arna) անունով, հիմնադրվեց 2021-ի դեկտեմբերին, առաջին անգամ չվերթ իրականացրեց 2022 թվականի հուլիսին, իսկ 2024 թվականի հունվարից չի աշխատում։ «Ստիպված եմ խոստովանել, որ ծրագիրը ձախողվել է»,- 2024 թվականի մարտի 20-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Այս ծրագրում մոտ 5 միլիարդ դրամ պետական գումար էր ներդրվել։ Ձախողման համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել եւ, թերեւս, չի էլ կրելու։ 

Խոստովանությունը քրիստոնեական խորհուրդ է: Աշխարհիկ կյանքում դա այլ անուն ունի՝ մեղայական, հանցանքի խոստովանություն: Իսկ հանցանքի խոստովանությունը շարունակություն է ունենում: Եթե ոչ այսօր, ապա վաղը, բայց անպայման ունենում է: Այս պահին փաստն այն է, որ որոշակի քանակով չվերթներից հետո թավշյաները հասկացան, որ ազգային ավիաուղիներ ունենալու ծրագիրը ձախողել են։

2020 թվականի պատերազմում պարտվելուց, պարտությամբ հպարտանալուց, 2021 թվականին վերարտադրվելուց հետո թավշյաները հայտարարեցին, որ խաղաղության օրակարգ ունեն, հետո հայտարարեցին խաղաղության դարաշրջան բացելու մասին, հիմա՝ խաղաղության խաչմերուկ, որն ակնհայտորեն ձախողվել է, բայց «ստիպված եմ խոստովանել, որ ծրագիրը ձախողվել է» արտահայտությունը դեռ չենք լսել։

Հին Հռոմից եկած եւ դարերով ապացուցված «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» պարզ ճշմարտության փոխարեն թավշյաները որդեգրել են իրենց իսկ հորինած «Խաղաղություն ես ուզում, կատարիր թշնամուդ բոլոր քմահաճույքները» կործանարար եւ մահաբեր սկզբունքը եւ 2023 թվականի հոկտեմբերին հրապարակեցին «Խաղաղության խաչմերուկի» իրենց պատկերացում-տեսանյութը։ Անցել է մոտ ութ ամիս, թավշյաները տանը, դրսում, բոլոր առիթներով ներկայացրել են «Խաղաղության խաչմերուկը»՝ համացանցային ոչ մանրակրկիտ որոնումների արդյունքների համաձայն, առնվազն 30 անգամ։ Ութ ամսում՝ 30 անգամ։ Ստացվում է՝ գրեթե շաբաթական մեկ անգամ։ Եվ դա ներկայացրել են տարբեր տրամաչափի թավշյաներ։ 

Օրինակ՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին (2023 թվականի նոյեմբեր), Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելին (2023 թվականի դեկտեմբեր), Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմին (2024 թվականի ապրիլ), Ուրուգվայի արեւելյան հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիին (2024 թվականի մարտ), Գերմանիայի արտգործնախարարությանը (2023, նոյեմբեր), Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին (2023 թվականի նոյեմբեր) եւ այլն։

«Խաղաղության խաչմերուկը» գովազդել է նաեւ Նիկոլ  Փաշինյանը, օրինակ՝ 2023 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ։ Այս մեռելածին ծրագիրն են գովերգել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ 2024 թ․ մարտին, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի մոտ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ 2023 թվականի նոյեմբերին Լեհաստանից Հայաստան ժամանած փորձագետների մոտ։ Ընդ որում, պաշտոնական հաղորդագրությունում չի ասվում, թե որ ոլորտի փորձագետներ են։ «Խաղաղության խաչմերուկը» ներկայացվել է հայկական, իրանական, հնդկական, վրացական եւ թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետներին (2023 թվականի դեկտեմբեր), նույն ամսին ներկայացվել է դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման ժամանակ, Սեւ ծովի տարածաշրջանի հարցերով բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկմանը (2023 թվականի նոյեմբեր), արգենտինական լրատվամիջոցներին (2024 թվականի մարտ), եւ այսպես շարունակ։ 

Ծրագիրը քննարկել ու դրա մասին խոսել են անգամ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Արդյունք դեռ չկա։ Սայլը տեղից չի շարժվում։ Ոչ ոք չի ոգեւորվում այդ ծրագրով։ Ուղիղ խոսքով չեն մերժում, բայց չեն էլ ընդունում։ Բանական մարդիկ գիտեն, թե ում են ասում ուղիղ խոսքը։ Թավշյաները կա՛մ չգիտեն ու անուղղակի խոսքը չհասկացողի համառությամբ խոսում են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից, կա՛մ էլ շատ լավ գիտեն, թե ում են ասում ուղիղ խոսքն ու ուղիղ խոսքի հասցեատիրոջ համառությամբ խոսում են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից։ Ուղիղ խոսքի հասցեատիրոջ համառությունն այս դեպքում առնվազն ողջունելի չէ։

Գրիգորի Գորինի գրքի հիման վրա ռեժիսոր Մարկ Զախարովի նկարահանած «Այդ նույն Մյունհաուզենը» հրաշք ֆիլմի հերոսուհիներից մեկը մեկ հարցով «սպանում է» բոլոր նրանց, ովքեր պնդում են, որ բարոն Մյունհաուզեն ներկայացող մարդը բարոնը չէ։ «Աստված իմ, մի՞թե պետք է անպայման սպանեք մարդուն, հասկանալու համար, որ նա ողջ է»,- հարցնում է նա։ Նույն տրամաբանությամբ հարց թավշյաներին․ «Մի՞թե պիտի պատերազմ լինի, որ հասկանաք, որ խաղաղություն չկա, ու ձեր «Խաղաղության խաչմերուկն» ի ծնե ձախողված էր»։

«Խաղաղության խաչմերուկը» ձախողվել է խոստովանության սպասումով՝ Արեգ  ՄԱՐԳԱՐՅԱՆ