Մենք այս անգամ պարտվելու իրավունք չունենք․ պետք է միանալ սրբազանի պայքարին

Մենք այս անգամ պարտվելու իրավունք չունենք․ պետք է միանալ սրբազանի պայքարին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասսայականացմանը զուգընթաց, սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելու Փաշինյանի փորձերն ավելի հաճախակի են դառնում։ Երեկ եւս Փաշինյանն իր «հրատապ» ասուլիսի ժամանակ հայտարարեց. Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ, եթե․․․

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ իսկապե՞ս Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, ի՞նչն է նման եզրակացության համար հիմք տալիս, իսկ գուցե սա բացարձակապես հորինված վարկած է` հանրությանը վախեցնելու եւ պրոադրբեջանական որոշումներն իրականացնելու համար, ի՞նչը կարող է զսպել կամ հրահրել Ալիեւին։

Ռազմական փորձագետը նկատեց՝ պատերազմները սկսվում են միայն այն դեպքում, երբ հարձակվող կողմը քիչ թե շատ վստահ է լինում իր հաջողության հեռանկարի հարցում, եւ երբ դիմացինը լինում է խոցելի։

«Նիկոլ Փաշինյանով մեր երկիրը, 2018 թվականից սկսած, դարձել է խոցելի, տարեցտարի ավելի ու ավելի խոցելի, եւ, ի վերջո, այս անձնավորության` երկրի ղեկին գտնվելու հանգամանքով պայմանավորված, աղետն աղետի հետեւից է եկել։ 2020-ի նոյեմբերից հետո, եթե զուտ քանակապես ֆիքսենք, որքան մեծ ու փոքր ռազմական գործողություններ է բերել այս մարդը մեր երկրին` խաղաղության օրակարգի մասին ծղրտան ու ականջ սղոցող ձայնով խոսելիս, սկսած Դիզափայտի բարձունքի հանձնումից մինչեւ բոլորովին վերջերս Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները, երբ էլի 4 զոհ ունեցանք։ Հետեւությունը մեկն է՝ Ադրբեջանը չի հարձակվի, ագրեսիայի չի դիմի այն ժամանակ, երբ տեսնի, որ Հայաստանում պատրաստվում են այդ ագրեսիան հավուր պատշաճի դիմակայելու։ Ուժն է, որ կարող է զսպել ագրեսորին»,- ասաց Ջամալյանը։

Տվյալ դեպքում մենք գործ ունենք հետեւյալի հետ. հանձնել թշնամու պահանջածը՝ վախեցնելով պատերազմով։ Այստեղ խնդիրը խաղաղություն բերելը չէ՝ նկատում է ռազմական փորձագետն ու հավելում․ «Այս նիկոլական խմբակի այլասերված աշխարհաքաղաքական պատկերացումների համաձայն, Հայաստանն ամեն գնով Ռուսաստանից կտրելն է, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հարաբերությունները կարգավորելն է, եւ կապ չունի, թե ինչ կարժենա սա։ Այսինքն, հանուն այդ իդեա-ֆիքսի՝ մանիակալ հակառուսականությամբ տարված, այս մարդիկ զիջում են, զիջում, որովհետեւ իրենք ունեն այդպիսի այլասերված արժեքային համակարգ, համաձայն որի՝ տարածքը ոչինչ է: Եթե ինքնիշխանություն, ապա միայն Ռուսաստանից»։

Խաղաղությունը կարծեցյալ է, որովհետեւ թուրքի համար, թուրքի ընկալումներում Հայաստան սուբյեկտ գոյություն չունի, եւ ամեն հերթական զիջումից հետո նա ավելին է ստանալու, ավելին ստանալուց հետո ավելի ուժեղի դիրքերից է խոսելու, ավելի ուժեղանալով` հարվածելու է, եւ եթե անգամ Երեւան չմտնեն զորքով, ինչպես Ալիեւն է բացահայտ ասել, իրենք մնացյալը, այն, ինչ կմնա այս զիջումներից հետո, կնվաճեն դեմոգրաֆիական էքսպանսիայով։

«Բնավ պատահական չէ, որ հենց այս օրերին հերթական զիջումը ստանալով Տավուշում՝ իրենք մեծ հանդիսավորությամբ բացեցին Արեւմտյան Ադրբեջանի հեռուստաընկերություն Բաքվում։ Իրենք այդկերպ ինստիտուցիոնալ տեքստ տվեցին Արեւմտյան Ադրբեջանի գաղափարին՝ նույնն է, թե հայոց պետականության կործանման գաղափարին»,- ասաց Ջամալյանը։

Անդրադառնալով Փաշինյանի ու իր իշխանության մտահոգության առարկա դարձած «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանն ու դրա առաջնորդությունը ստանձնած Բագրատ սրբազանին, ռազմական փորձագետն ասաց, որ սրբազանն իսկապես փրկություն է բերում մեր պետականությանը։

«Ինքս դեմ լինելով այդ կռապաշտական, կուռքեր ձեւավորելու միտմանը, ուզում եմ ասել, որ վերջապես Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությամբ ձեւավորվում է ազնիվ շարժում, մաքուր, առողջացնող, միավորող շարժում, պետականությանը նոր կենսական լիցքեր հաղորդող շարժում։ Հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր դեռեւս կամուկացի մեջ են, սակայն ճանաչում են ինձ, մեր ընտանիքը, բոլոր կասկածները դնել մի կողմ ու միանալ սրբազան պայքարին»,- ասաց ռազմական փորձագետը։

Ջամալյանը հավելեց, որ իր հարգանքն է հայտնում Բագրատ սրբազանին եւ մյուս սրբազաններին, Վեհափառին ու Հայ առաքելական եկեղեցուն․ պայքարն ազնիվ է, պետք է միանալ, պետք է հաղթել եւ պետք է զրոյից, ըստ էության, շատ տարբեր դեպքերում ու հարցերի վերաբերյալ սկսել աշխատել․ «Մենք այս անգամ պարտվելու իրավունք չունենք, բոլորս Բագրատ սրբազանի առաջնորդությամբ դեպի Երեւան՝ մայիսի 9-ին»։