Ուզում են որդիների հետ ծառայել

Ուզում են որդիների հետ ծառայել




Զինծառայողների մայրերը սկսել են «Զինվորի մայր» ՀԿ-ին դիմել իրենց զինվոր որդիների հետ զորամաս զորակոչվելու աջակցության խնդրանքով: Ծնողները պատրաստակամություն են հայտնել, թե զորամասերում ցանկացած աշխատանք կկատարեն, միայն թե իրենց որդիների կողքին լինեն: Այս մասին երեկ Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ հրատարակված «Բարի ծառայություն (օգնություն զինվորին)» վերնագրով գրքույկի շնորհանդեսին ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Գրետա Միրզոյանը: «Իրենք իմացել են, որ բանակում տղաները էլ զուգարան չեն մաքրում, խոհարարները դրսից են բերում, ասում են, դե որ էդպես է, համ մեր էրեխու կողքին կլինենք, համ էլ փող կաշխատենք»,- պատմեց տիկին Միրզոյանը, հավելելով, որ նման խնդրանքը մի քիչ ծիծաղելի է եւ պայմանավորված է իրազեկման պակասով: Այդ բացը լրացնելու է ՀՀ զինվորական օրենսդրության՝ զինծառայողի իրավունքներին եւ պարտականություններին վերաբերող կետերը ներառող գրքույկը, որի  2-րդ հրատարակությունը կապված է ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների հետ: Իսկ Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նկատեց, որ նման երեւույթներն իրականում խորքային պատճառներ ունեն, որոնց ճիշտ լուծման տարբերակներից մեկը համարձակություն ունենալն ու անկեղծ դրանց մասին խոսելը պետք է լինի: