Հայը և հայկականը. Հայերի անուններով անվանակոչված գիտական և ուսումնական հաստատություններ

Հայը և հայկականը. Հայերի անուններով անվանակոչված գիտական և ուսումնական հաստատություններ

(1-ին մաս)

«Եթե մի ռասա իր բնական հատկանիշներով կոչված է դառնալու բարձր մշակույթի կրող,

ապա դա հայկական ռասան է»:

Յոհաննես ԼԵՓՍԻՈւՍ

Գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական

 

Հայ եւ հայազգի գործիչների պատվին Իտալիայում, Լեհաստանում, Թուրքիայում, ԽՍՀՄ-ում, Ռումինիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Ուզբեկստանում եւ այլուր անվանակոչվել են գիտահետազոտական ինստիտուտներ եւ ուսումնական հաստատություններ:

 

ՏՓՖԻ-ի շենքը

ԱԼԻԽԱՆՈՎԻ անվան ՌԳԱ-ի տեսական եւ փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ (ռուս․՝ Институт теоретической и экспериментальной физики имени А.И. Алиханова), բազմապրոֆիլ գիտահետազոտական կենտրոն, սակայն առավելապես կարեւորվում են տեսական ու մաթեմատիկական ֆիզիկան, աստղաֆիզիկան, տարրական մասնիկների ֆիզիկայի (բարձր էներգիայի), ատոմի միջուկի ֆիզիկան, պլազմային ֆիզիկան, պինդ մարմնի ֆիզիկան, նանոտեխնոլոգիան եւ տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը: ԳՀԻ 2004-ից կրել է ակադեմիկոս, Սոց. աշխատանքի հերոս, հիմնադրի եւ առաջին տնօրեն Աբրահամ Իսահակի Ալիխանովի (1904-1970) անունը:  ԳՀԻ-ն հիմնադրվել է 1945-ին՝ Ա․ Ի․ Ալիխանովի գլխավորությամբ՝ խորհրդային միջուկային նախագծի պրոբլեմի լուծման համար:

2011-ին (այլ տվյալներով՝ 2022-ից) չնայած աշխատակիցների ընդվզումներին՝ Ռուսաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվեցին պաշտոնապես նրա անունը վերադարձնել ինստիտուտի եւ ՏՓՖԻ-ն ընդգրկվեց ազգային «Կուրչատովյան ինստիտուտ» հետազոտական կենտրոնի կազմ:

ԳՀԻ-ն  գտնվում է Մոսկվայում, Չերեմուշկինսկայա 25 հասցեում:

2022-ից կորցրել է իրավաբանական անձի կարգավիճակը եւ գտնվում է Եվրոմիության, ԱՄՆ-ի, Ճպոնիայի, Շվեյցարիայի եւ Ուկրաինայի պատժամիջոցների տակ:  

   

Գ. Ասաքիի տեխնիկական համալսարանի կրծքանշանը, լոգոն, համալսարանի քաղաքացիական շինարարության ֆակուլտետը

ԱՍԱՔԻԻ անվան տեխնիկական համալսարան (ռում.՝ Universitatea Tehnică Gheorghe Asachi din Iași) պետական համալսարան Ռումինիայի Յասսի քաղաքում: Նախկինում կոչվել է Գեորգե Ասաքիի պոլիտեխնիկական դպրոց, Գեորգե Ասաքիի պոլիտեխնիկական ինստիտուտ: Համալսարանի կարգախոսն է. «Գիտելիքն ինքն իշխանություն է» (լատ. «Ipsa Scientia potestas»): Համալսարանը հիմնադրվել է 1937 թ.-ին (այլ տվյալներով՝ 1912-ին):

1948 թ.-ին կրթօջախը կոչվել է Գեորգե Ասաքիի պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ 1993 թ. մայիսի 17-ից՝ Գեորգե Ասաքիի պոլիտեխնիկական համալսարան:

  Համալսարանում կրթությունը քառամյա է, որն ավարտածները ստանում են բակալավրի («ինժեներ»), 6-ամյա կրթության դեպքում՝ մագիստրոսի («ճարտարապետ») աստիճան: Գոյություն ունի նաեւ կառավարման ասպիրանտուրա: Համալսարանը գտնվում է B-dul Dimitrie Mangeron № 67 հասցեում:

Համալսարանը կոչվել է հայազգի ռումինական գրող, լուսավորիչ, փիլիսոփայության դոկտոր Գեորգե Ասաքիի (1788-1869) անունով։

Քիշինեւում Գ․ Ասաքիի անունով կոչվում է վարժարան:

ԲԱԳԴԱՍԱՐԻ ԱՆՎԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏ (ռում. Bagdasari de Institutul Farmaceutic), դեղագործական ինստիտուտը Ռումինիայի Յասսի քաղաքում:

Ինստիտուտը կոչվել է Ռումինահայ նյարդավիրաբույժ, պրոֆ. (1937), Ռումինիայի ԳԱ անդամ (1947, հետմահու), 1945-46-ին Ռումինիայի առողջապահության նախարար Դումիտրու Բագդասարի (1893-1946) անունով:

1956-ից նրա անունն է կրում նեւրոլոգիայի հիվանդանոցի կլինիկան:

ԹԱՅԻՐՈՎԻ  ԱՆՎԱՆ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈւԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈւԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏ (ուկր.՝ Національний науковий центр «Інститут виноградарства і виноробства імені В. Є. Таїрова»), Ինստիտուտը հիմնադրվել է 1931թ.՝ դեռեւս 1905 թ. Վ. Ե. Թայիրովի հիմնած գինեգործական փորձնական կայանի հիման վրա:

 

Թայիրովի անվ. ԳՀԻ

Ուկրաինայի հնագույն ԳՀ կազմակերպությունն է: 2003 թ.-ին Ուկրաինայի նախագահի որոշումով ԳՀԻ-ին շնորհվել է Ազգային գիտական կենտրոնի կոչում: Իր գործունեության ընթացքում ԳՀԻ-ում ստացվել է մոտ 100 նոր տեսակի խաղողի սորտեր: Միայն վերջին տարիներին ստացվել է ավելի քան 20 տեսակի նոր գինիներ, որոնք բազմաթիվ ոսկե եւ արծաթե մեդալների են արժանացել միջազգային ցուցահանդեսներում ու մրցույթներում:

ԳՀԻ-ին գտնվում է Օդեսայի արվարձանում, Հաղթանակի 40-ամյակի փողոց, 27 հասցեում:

ԳՀԻ-ին կոչվել է  հայազգի խորհրդային այգեգինեգործ Վասիլ Եգորի Թայիրովի (1859-1928) անունով: 

ԿԱՐԱՊԵՏ ԻԲՐԸԻԼԵԱՆՈւԻ անվան բարձրագույն դպրոց (ռում․՝ Istoria in date a Liceului Teoretic «G. Ibraileanu»), ուումնական հաստատություն Ռումինիայի Յասսի քաղաքում: 

Կ. Իբրըիլեանուի անվան դպրոցը

Ուումնական հաստատությունը բացվել է 1899 թ. նոյեմբերի 10-ին որպես մանկավարժական սեմինարիա: Հաստատությունը Կ. Իբրըիլեանուի անունը կրում է 1962 թ.-ից: 1977 թ.-ից դարձել է մեխանիկական ուղղվածության եւ հիդրոտեխնիկական կառույցներով արդյունաբերական ձեռնարկություն եւ անվանվել է Կ. Իբրըիլեանուի անվան արդյունաբերա-հիդրոտեխնիկական լիցեյ (Hydrotechnicals «G.  Ibraileanu»): 2019-ին հաստատությանը 5-րդ անգամ անընդմեջ շնորհվել է Եվրոպական դպրոց կոչում:

Ուումնական հաստատությունը կոչվում է հայազգի ռումինական գրող, բանասեր, թարգմանիչ Կարապետ Իբրըիլյանուի (1871-1936) անունով։

  

Համալսարանի լոգոն եւ ընդհանուր տեսքը

Ի. ԼՈւԿԱՍԵՎԻՉԻ անվան տեխնոլոգիական համալսարան  (լեհ․՝ University of Technology Łukasiewicza), Մերձկարպատյան վոեվոդության կենտրոն Ժեշուվ  քաղաքում: Խոշորագույն տեխնիկական ԲՈւՀ-ը Լեհաստանի հվ.-արլ.-ում: ԲՈւՀ-ը  հիմնադրվել է 1951-ին: Համալսարանը կադրեր է պատրաստում մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, էկոնոմիկայի բնագավառների համար, ինչպես նաեւ ինժեներներ: Համալսարանն ունի 6 ֆակուլտետ եւ մոտ 1600 ուսանող, ուսուցումը եռաստիճան է: Շրջանավարտները մասնագիտություններին զուգահեռ ստանում են գիտության մագիստրոսի (ինժեներ) կոչում: Մեքենաշինության եւ ավիացիայի ֆակուլտետը միակն է Լեհաստանում, որտեղ 1976-ից պատրաստվում են քաղավիացիայի օդաչուներ: Համալսարանում կա լավագույն կահավորված լաբորատորիա: ԲՈւՀ-ը 1974-ից Լեհաստանի Նախարարների խորհրդի որոշումով կրում է Ի. Լուկաշեւիչի անունը: Ինստիտուտը լույս է ընծայում «Politechniki» թերթը:

Համալսարանը կոչվել է հայազգի լեհական դեղագործ, քիմիկոս-տեխնոլոգ Յան Յուզեֆ Իգնացի Լուկասեւիչի անունով: (Հայկական ծագման մասին տես, Люди, которые изменили мир, 2015, էջ 48—49)

ԿՅՈւԼՊԵՆԿՅԱՆ ակադեմիա (պորտ. Kyulpenkyan Academy) (պորտ. պաշտոնական անվանումը՝ Concelho de Oeiras), ակադեմիա Պորտուգալիայի Օեյրաշ մունիցիպալիտետում:

ՎՇՃԳԻ-ի շենքը

ՄԱԶԼՈւՄՈՎԻ անվան Վորոնեժի շաքարի ճակնդեղի գիտահետազոտական ինստիտուտ (ՎՇՃԳԻ), ՌԴ Վորոնեժի մարզի Ռամոնսկի շրջանի Սորոկինո ավանում: Գտնվում է Ռամոնից 3 կմ հեռավորության վրա: Կազմավորվել է 1920-ին, իսկ 1922-ից սկսել է ակտիվորեն աշխատել, 1959-ին վերափոխվել է Համառուսաստանյան շաքարի ճակնդեղի գիտահետազոտական ինստիտուտի: 1966-ին Սորոկինոյում ստեղծվել է եւս մեկ՝ Բույսերի պաշտպանության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտը: ՎՇՃԳԻ ունի փորձա-արտադրական տնտեսություն: Ինստիտուտում ստացվել է ճակնդեղի բարձրարժեք մոտ 6 տասնյակ սորտեր: Սելեկցիայից բացի ինստիտուտում մշակվում են ճակենդեղի մշակման եւ հավաքող նոր մեքենաների կոնստրուկցիաներ: Ինստիտուտը 1967-ին պարգեւատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով: 1972-ից ՎՇՃԳԻ կրում է կենսաբան, սելեկցիոներ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Ա. Լ. Մազլումովի անունը:

 

Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ