Դավաճա՞ն է, պարտադրե՞լ են, թե՞ ուղղակի միամիտ գյուղացի է

Դավաճա՞ն է, պարտադրե՞լ են, թե՞ ուղղակի միամիտ գյուղացի է

Մինչ կիրանցեցիները քուն ու դադարը կորցրած որերորդ գիշեր-ցերեկը իրար խառնած պայքարում են, մի մասը ոտքով կիլոմետրերով ճանապարհ են կտրել դեպի Երեւան, որ կասեցնեն իրենց գլխին կախված «սահմանազատում» անունով աղետը, Կիրանցի վարչական ղեկավարը հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին եւ անակնկալի բերում իր համագյուղացիներին: Պարզվում է, որ Կարո Շահինյանը տեղի ունեցող իրադարձություններին սկսել է նայել Նիկոլ Փաշինյանի ակնոցներով: Մինչ այսօր Շահինյանն իր համագյուղացիների հետ պայքարում էր սահմանազատման դեմ, իսկ երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դուրս եկավ Կիրանցից եւ թափ հավաքելով հասնում է Երեւանին, Շահինյանը գնում է «դեպքի վայր»` սահամանազատման գոտիներ, ու ասում է. «Ինչ ես տեսա՝ պատկերացրածիցս լավն ա եղել, իրանց գյուղից 25% անցնում ա մեզ»: 

«Սահամանզատումն անում են հենց սահմանի գծի վրով: Պատկերացրել եմ, որ ավելի վատը կլինի, դեպի դրականը ա եղել էդ ամեն ինչը: Նույնիսկ եկած մինչեւ էդ տասնհինգ կետը, որ իրանց գյուղի համարյա 25 տոկոսի մեջ ա: Այսինքն, իրանց գյուղից մի 25 տոկոս էլ անցնում ա մեզ: Մենք ունեինք բարձունք` Խաչի յալ կոչվող, որը որ հենց ուղիղ խաչի վրա էր էդ կետը, ըտեղից մի 25 մ իջեցրել են, որի համար շնորհակալ եմ էդ մարդկանց, ովքեր որ իրականացրել են էդ ամեն ինչը: Հիմա մնում ա մեր էս քիթը` գյուղի մասը, ամենացավալի: Այ պատկերացրեք, այն 9,5 հա կորցնում էինք, էդ էլ իջեցված ա գետովը, մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում»-ասել է նա:

Շահինյանի այս կարճ հարցազրույցը իշխանական ստատուսչիներն ու ֆեյքերն արագ-արագ տարածում են համացանցում եւ քարկոծում Բագրատ Սրբազանին ու իր առաջնորդած շարժումը, փառաբանելով «հայրենասեր, փրկիչ» վարչապետին: 

Վարչական շրջանի ղեկավարը, բնականաբար, պետական պաշտոնյա է` նշանակված Իջեւանի քաղաքապետի կողմից: Իսկ Իջեւանի քաղաքապետը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է: Հետեւաբար, զարմանալի չէ, որ այս վճռական պահին իշխանությունը կարողացավ օգտագործել իր «աշխատողին» ու նրանից այսպիսի «հարցազրույց-ցուցմունք» կորզել: Բայց նաեւ չի բացառվում, որ Շահինյանին ուղղակի խաբել են, օգտվել նրա միամտությունից եւ օգտագործել` Տավուշի համար պայքարող մարդկանց թիկունքից հարված հասցնելու համար: Ի վերջո, այս տարիներին իշխանություն կոչվածն այնքան է խաբել, իր խոսքից հրաժարվել, մի բան ասել` մեկ այլ բան արել, որ խելոք մարդիկ վաղուց նրանց չեն հավատում: Իսկ մեր գյուղերում դեռ այնքա՜ն միամիտ ու դյուրահավատ մարդ կա...