Վախ 

Վախ 

Շատերը կանդրադառնան, թե ինչու՞ Փաշինյանը հրատապ ասուլիս հրավիրեց։ Հարցը տարբեր տեսանկյուններից կդիտարկվի։ Բայց ես ավելի պարզ բացատրություն կտամ, որը հենց ինքը խոստովանեց ։ Հրատապ ասուլիս տվեց, որովհետև Տավուշյան շարժման երթը Երևանին է մոտենում։ Խնդիր է դրվել  նրա առաջ՝ դուրս գալ ու պատասխան տալ իր արածի համար։ Լրագրողներից մեկը հարցրեց այդ մասին։ Բառացի չեմ ձևակերպում՝ դուրս գալու՞ եք ժողովրդի առաջ, պատասխան տալու՞ եք։ Չէ՞ որ դուք ասում էինք, որ ժողովրդավար պետություն եք և երեք միլիոն վարչապետ ունեք։ Հանդիպելու՞ եք վարչապետների հետ, երբ հրապարակ հասնեն ու ձեզնից պատասխան ուզեն։  
Ինչպես բոլոր հարցերն է լղոզում, Փաշինյանն այդ հարցը ևս լղոցեց՝  երկա՜ր, կեռումեռ ճանապարհներով, խորդուբորդություններով լի ճանապարհ ընտրեց։ Մանրևողին թվաց, թե այդ կածաններում մոլորեցրեց հանրությանը, բայց ո՜չ, ուշիմ մարդը կարող էր հասկանալ նրա մանրևելու կետերը։

Նա ասաց, որ Հայաստանի երեք միլիոն վարչապետներն այս դահլիճում են և փորձեց՝ ինչպես 2018-ին ժողովրդին էր սիրաշահելով խաբում, խաբել նաև լրագրողներին՝ դուք եք իմ վարչապետները։ Կարծում եմ ոչ մի խոհեմ լրագրող այդ խոսքերից չշոյվեց, ավելին՝ վիրավորվեց, բայց սա չէ կարևորը։ Կարևորն այն է, որ նա որքան էլ փորձեց քողարկել, պարզ էր, որ ինքը չի հանդիպելու ժողովրդի հետ։ Ինքը իր «վարչապետներին»՝ հանձինս լրագրողների, հրավիրել է, որ այդ պատասխանը նրանց տա։ Սա երկու բան է հուշում։ Ինքը վախենում է հանդիպել ժողովրդին։ Իսկ վախը մեղքի դեպքում է առաջանում։ Երկրորդ՝ ինքը շարժումն առաջնորդող Սրբազանից, Եկեղեցուց է վախենում, որը հայ ժողովրդի հայրենատիրության ու արժեքների կրողն է ու որին բազում փորձերից հետո չկարողացավ ոչնչացնել, ինչպես մյուս կառույցների հետ վարվեց։ Ու ամենազավեշտալին, մինչև երթի տեղ հասնելը, ինքը արդեն պատասխան է տալիս։ Հետո կթաքնվի, չի երևա և կասի, որ ինքը արդեն պատասխանել է։ Կարծում եմ, նման վարքագծի դրսևորումը մի բառ ունի՝ վախ՝ պատասխանից առաջ։ Իսկ նման կարգի վախի դեպքում, մեր հոգևոր հայրերը կիմանան, այդ մարդը պատրաստ է ամեն ինչի։ Թեկուզ՝ թշնամու ձեռքով։