Վարչապետ, հիշեցնեմ, որ մենք մարդ ենք, ցավ ենք զգում․․․

Վարչապետ, հիշեցնեմ, որ մենք մարդ ենք, ցավ ենք զգում․․․

Դրոշի հետ կապված  այս պատմությունն եմ  հիշում․  հայրս երկար տարիներ կոլտնտեսության նախագահ էր։ Անսպառ էներգիայի տեր մարդ էր, ազնիվ ու անկաշառ պաշտոնյայի համբավ ուներ։ Սովորություն ուներ, գիշերը ուշ ժամին ձիով գնում էր դաշտեր, պահեստներ՝ ստուգելու ամեն ինչ կարգի՞ն է։ Մի այդպիսի ստուգայցի ժամանակ տեսնում է, որ մի կին՝ երկու էշ բարձած,  ցորեն է գողանում։ Ուզում է թաքնվել, որ կինն իրեն չնկատի, բայց բաց դաշտ՝ որտե՜ղ թաքնվեր։ Կինը նկատում ու «ամոթից մի բուռ է դառնում»՝ նախագահ ջան ոտիդ տակի հողը դառնամ, երեխեքս սովից կոտորվում են, ինձ օրենքի ձեռը չտաս։ Հետպատերազմյան դաժան տարիներ էին։ Անասելի խիստ, մի լուցկի գողանալու համար 10 տարի բանտ էին նստեցնում։ Հայրս ճանաչում է կնոջը, ամուսինը պատերազմում զոհվել էր, կինը «ձեռը սրան- նրան մեկնած» երեխեք էր պահում․․․ Գլուխը կախում ու կնոջը ուղեկցում է մինչև իրենց տուն, որպեսզի ճանապարհին մեկը նրան չկանգնեցնի, ասի՝ էդ ինչ ես տանում․․․ Այդ կինն, ինչքան ապրեց, այդ մասին էր պատմում։ Ոսկի մարդ է,- ասում էր։ Հորս անունը գյուղում Ոսկի մարդ մնաց։

Ինչ եմ ուզում ասել։

Դրոշը մարդ չարժե։ Մարդը ամենաթանկ բանն է։ Եկեղեցին առանց մարդու ոչինչ է։ Գնահատեք մարդուն։ Ցավալի է, որ դա ասում եմ երկրի վարչապետին։ Տասնյակ հազարավոր մարդկանց կրճատումներից է խոսում, սպառնում, նվաստացնում  է մարդկանց։ Ով  ուզում է լինի, պատժիր, բայց մի նվաստացրու։ Խաղաղությունից է խոսում, բայց իր մեջ դա չկա։ Երբ մարդու ներսում խաղաղություն չի լինում, դժբախտ է ինքը, բայց երբ երկրի ղեկավարի մեջ չի խաղաղություն լինում, դժբախտ է և ղեկավարը, և ժողովուրդը։

Վարչապետի խոսքը լսենք․

«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից, կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»։ Ո՞վ է ոտքերի տակ գցել, նման բան չկա։ Նման հռետորաբանությունները դրոշի գինը չեն բարձրացնում, մարդու, քաղաքացու արժեքն են իջեցնում։ Մաքսատան աշխատասենյակում տեղադրված անխնամ դրոշի համար ասում է․   «Ով որ էս սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկը չաշխատի, ոչ մեկը»։ Բայց ազգի կեսը անխնամ, տանջված է, առանց երկար- բարակ մտածելու, աշխատանքից  ազատում եք։ Գուցե տան միակ կերակրո՞ղն է, գուցե զինվորի հայր կամ մայր է, գուցե տանը հաշմադա՞մ է կերակրում․․․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը:

 

Դրոշը առանց ժողովրդի փալասի կտոր է, դրոշը առանց երկրի ձողի վրա ամրացված կտոր է։ Ժողովու՛րդը, երկի՛րն է դրոշը դրո՛շ դարձնում, մարդու՜ մասին մտածեք, որ համախմբվեն իրենց ստեղծած սիմվոլի շուրջը։   

Հիշեցնեմ վարչապետին, որ մենք մարդ ենք, ցավ ենք զգում, վիրավորվում, տխրում։ Տխրում ենք նաև մեզ նմանի ցավից, ում ազատում եք աշխատանքից։ Ուրիշի ցավ չկա՜․․․  Մեր ժողովրդի ցավը մեր ցավն է։

 

Հայկը հավաքական կերպար ընդունեք։ Տասնյակ հազարավոր հայկեր կան․․․