Հայոց առաքելական եկեղեցին ավելի մեծ ուժ է, քան Հայաստանի Հանրապետությունը

Հայոց առաքելական եկեղեցին ավելի մեծ ուժ է, քան Հայաստանի Հանրապետությունը

«Հրապարակի» զրուցակիցն է կրոնագետ, սոցիոլոգ, «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը։

-Երբ Փաշինյանը հայտարարեց Տավուշի 4 գյուղերի հանձնման մասին, ձևավորվեց դիմադրություն, որի սիմվոլներից մեկը Բագրատ Սրբազանն է։ Փաստացի այնպիսի վիճակ է ձևավորվել Հայաստանում, երբ ամենաազդեցիկ ուժը Եկեղեցին է։

-Մենք ներքին, աներևույթ, պայմանական ասած կուլուարային բանակցություններից տեղյակ չենք։ Դրանից կարող է տեղյակ լինել միայն իշխանությունը և առավել հավանականությամբ իշխանության ամենաբարձր օղակը միայն կարող է տեղյակ լինել։ Համանման իրավիճակներում եկեղեցին որպես այդպիսին ներկայացնում է հասարակությունը, որովհետև քրիստոնեությունը դա ամենազորեղ կրոնն է այսօր էլ, և մեծաքանակության տեսակետից, և իր ունեցած ազդեցությամբ հայ ժողովրդի պատմության մեջ խաղացել է բացառիկ դեր։ Քրիստոնեի հայոց առաքելական եկեղեցին հանդիսանում է ավելի մեծ ուժ, քան Հայաստանի Հանրապետությունը, եթե հաշվի առնենք նրա ազդեցությունը Սփյուռքում, արտերկրում ընդհանրապես ունեցած ազդեցությունը։ Կամայական դեպքում նույնիկ կաթոլիկ եկեղեցու հնարավոր զարգացումների մեջ, տարբեր հեղափոխական շարժումների, տարբեր ընթացքների քաղաքական ժամանակահատվածում, ի հայտ են եկել այն ժամանակ անգամ՝ բոլորիս շատ հայտնի, կարմիր կարդինալներ, որոնք կանգնած են եղել քաղաքական շարժումների գլխին։ Այսինքն, նրանք միշտ առաջնորդող շերտի մեջ են եղել։ Հիմա ասել, որ Հայաստանը այս հարցում պետք է բացառություն լինի, երբ այն ևս քրիստոնեական երկիր է, այդպիսի բան ուղղակի չի կարող լինել։

-Եվ ո՞րն է խնդիրը։

-Մեր անզեն աչքով կատարած պարզունակ հետազոտությունը խոսում է առաջին հերթին այն մասին, որ մենք ունենք երկու հարևան, որոնք հայատյաց և թշնամական քաղաքականություն են որդեգրել Հայաստանի հանդեպ՝ պետական մակարդակի վրա։ Հիմա կամայական զիջումին, կապված նրանց ազդեցության մեծացման հետ, հասարակությունը չի կարող ցավոտ ռեակցիա չտալ։ Այդպիսի ռեակցիայի պայմաններում իհարկե պետք է առաջ գա նաև այն ուժը, որը 1700 տարի իրենով պայմանավորել է շատ բան, իսկ դրանից պետություն չունեցած ժամանակահատվածում համարյա թե ամեն ինչ հայ ժողովրդի ընթացքի մեջ, այսինքն, զարգացումների և ճակատագրի ձևավորման մեջ հետագա։ Սա անխուսափելի օբյեկտիվ իրավիճակ է։ Դրանից ոչ պետք է նեղանալ, ոչ պետք է դրանից եզրահանգումների գալ, որ տեղի է ունեցել այս կամ այն, նորից եմ կրկնում՝ դա բնական ընթացք է, որպես այդպիսին։

- Իսկ ինչո՞ւ է մարդկանց մեջ արմատացել համոզում, որ հոգևորականը չի կարող քաղաքական տեսակետ ունենալ և դա արտահայտել, կամ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներում։ 

-Կարդինալները զենքը ձեռքին գնում էին կռվելու՝ կաթոլիկ եկեղեցու ամենաէլիտար խավն է։ Կաթոլիկ եկեղեցու ամենացածր պաշտոնից սկսած՝ վերջացրած կարդինալներով, ներգրավված են լինում այդ քաղաքական զարգացումների մեջ։ Իսկ մեր հասարակության մեջ արմատացած այդ մտայնությունը զարմանալի է, որովհետև աշխարհում կարելի է ասել, որ քաղաքականությունը վերասերվել է՝ կոռեկտ տերմին օգտագործեմ, որովհետև ով ասես սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ Այսինքն, մարդիկ, ովքեր քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեն քաղաքական գիտելիքների հետ անգամ։ Բոլորիս համար կարող է պատկառազդու երևալ Հաբեքը, որ փաստացի գերմանիայի կանցլերի դերն է կատարում կամ Աննա Լեննա Բերբոքը, անձնավորություն, որը գլխավորում է Գերմանիայի, այսինքն, Եվրոպայի գլխավոր դրայվերի՝ տնտեսական ու քաղաքական դրայվերի արտգործնախարարը։ Բայց այդ մարդիկ որքանո՞վ են քաղաքականության հետ կապված։ Եթե Հաբեքը գրել է մանկական գրքեր, բայց արդյոք դա բավարա՞ր է, որ ներկայիս քաղաքական իրավիճակներում նա ունենա և գիտելիքներ, և արդեն ձևավորված ինտուիցիա, որը փորձի արդյունքում է ձևավորվում։ Ամբողջ աշխարհով մեկ այսպիսին է իրավիճակը և հենց մենակ Հայաստանում մի կողմ է ի հայտ գալիս, որը ոչ մի կերպ հաշվի չի առնում համաշխարհային ներկայիս զարգացումները։ Վերջապես, երբ որ հասարակությունը հայտնվում է սահմանային իրավիճակում, ինչպիսին մեր ներկայիս իրավիճակն է, անվիճելիորեն բոլորը փորձում են գնալ դեպի քաղաքականություն։ Դա բնական, օբյեկտիվ և անշրջելի պրոցես է այսպիսի իրավիճակներում։

-Եկեղեցուն իշխանականներն ու ադրբեջանական կողմը ռևանշիստական են անվանում․ արդյոք վատ բան կա ռևանշիստ լինելու մեջ։

-Ռևանշիզմը որպես այդպիսին փորձում են ներկայացնել որպես տերմին, որը դատապարտելի ,դատափետելի է՝ դա այդպես չի։ Յուրաքանչյուր ժողովրդի, իսկ մեր եկեղեցին կոչվում է Հայոց Առաքելական, ի դեպ, երբ ասում ենք հայ առաքելական՝ կրոնագիտական տեսանկյունից դա ճշգրիտ տերմինը չի՝ դա Հայոց Առաքելական Եկեղեցին է, որովհետև դա հայ քրիստոնեություն չի՝ դա հայոց եկեղեցին է, այսինքն հայերի քրիստոնեական եկեղեցին է։ Այն ազգային եկեղեցի է, հետևաբար ազգային խնդիրներ չեն կարող լինել, որոնք օտար կլինեն նրա համար, առավել ևս սահմանային իրավիճակներում, երբ լինել-չլինելու, երբ ծայրահեղ վտանգավոր փոփոխությունների ժամանակ է։

-Ծիծեռնակաբերդում Արշակ Սրբազանը նզովվեց երկիրը հանձնողներին , դավաճանողների, որ սերնդեսերունդ անիծված լինեն։ Որքանո՞վ էր կարևոր այդ քայլը որ արվեց Սրբազանի կողմից։

-Ես առավել հավանական համարում եմ այն, որ ներկայիս որդեգրած քաղաքականությունը շատ բանով օտարել է հայ ժողովրդից նրա պոտենցիալ հսկայական ուժը՝ հայկական Սփյուռքը։ Այսինքն, հայկական Սփյուռքը գոյություն ունի, քանի դեռ Հայաստանը ճառագում է հայոց շահերի սեղմ վեկտորը՝ ուժագիծը։ Այսօր, երբ ամբողջ Սփյուռքի շրջանակում պարզ չի, թե ինչ է ճառագում Հայաստանը, և շատերի մոտ տպավորություն է, որ դա նեգատիվ զարգացումների, հնարավոր պարտվողական ընթացքի ուժագիծը, մենք ունենք այդպիսի շատ լուրջ խնդիր, որը չի կարող չանդրադառնալ եկեղեցու վրա, որը նորից եմ կրկնում, սփռված է ամբողջ աշխարհով մեկ, ամբողջ աշխարհից ստանում է էմանացիաներ, այսինքն այնտեղի տրամադրությունները իր համար պարզ են։ Բոլորիս համար պարզ է, որ եթե մեր Սփյուռքը տիրապետում է ավելի քան մեկ տրիլիոն դոլար կարողության, դա նշանակում է, որ նրա հզորությունը պարզ չի քանի անգամ գերազանցում է ներկայիս Հայաստանի Հանրապետության հնարավորությունը։

-Իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ պայմանավորված է այն գիտակցումով, որ եկեղեցին իրենցից հզո՞ր է։

-Իհարկե ինչ-որ շահերի հակասություններ կարելի է տեսնել, այսինքն ներկայիս իշխանությունների համար շատ լուրջ խնդիր կարող է դառնալ Եկեղեցու կողմնորոշումը։ ԵԿեղեցին պասիվ օրգանիզմ է, բայց հիմա սահմանային իրավիճակ է, խոսքը չի վերաբերում սահմանի գյուղերին, այլ ընդհանրապես իրավիճակին, որի հետևանքով բոլորը խոսում են քաղաքականությունից։ Այդտեղ եկեղեցին չի կարող բացառություն կազմել, առավել ևս, երբ այն ուզում է, թե ոչ, ինքը հանդիսանում է այդ ողջ հասարակական էներգետիկայի շրջաբերման կենտրոնում գտնվող կառույց, որին ուղղված են հասարակության հայացքները։

-Իշխանական քարոզիչները, ադրբեջանական լրատվամիջոցները լծվել են առավել ակտիվ Սրբազանների վրա ցեխ շպրտելուն։ Արդյոք դա իր բացասական ազդեցությունը կունենա՞։

-Ես համարում եմ, որ այդ ամենը իր արդյունքը չի կարող տալ այն առումով, որ եկեղեցին կվարկաբեկվի և այլն։ Եկեղեցին ամեն դեպքում շարժվում է հասարակության մեջ գոյություն ունեցող իր ընկալած էներգետիկ ալիքով։ Այսինքն, հասարակությունն ինքը չի կարող խիստ գոհ լինել նրանից, որ հայատյաց քաղաքականություն որդեգրած, պետականորեն քաղաքականություն իրականացնող ուժերը կատարում են արմատական զիջումներ։