Եթե մարդը պետության հաշվին կառչած է իր աթոռից, նա ամեն ինչ կարող է անել․ Անի Սամսոնյան

Եթե մարդը պետության հաշվին կառչած է իր աթոռից, նա ամեն ինչ կարող է անել․ Անի Սամսոնյան

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իր աջակցությունն է հայտնել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, իսկ կուսակցության անդամ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Անի Սամսոնյանը գրել էր. «Սրբազանին սպասում ենք Երեւանում», ինչը ոմանց դուր չէր եկել` ԼՀԿ-ին հիշեցրել էին իր երկդիմի ու ճամբարափոխ քաղաքականությունը վերջին տարիներին։ «Հրապարակի» հետ զրույցում Սամսոնյանն ասաց, որ միանալու են այսօրվա հանրահավաքին։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Սամսոնյանն ասաց, որ Մարուքյանն ու Դավիթ Խաժակյանը բացակայում են երկրից։ Նա ասում է, որ շարժմանը սատարելու մասին հայտարարությունից հետո մեծ թվով դրական արձագանքներ էլ են եղել: Իսկ այս շարժմանը համակրում են, որովհետև տեսնում են, որ շարժման հիմքում կա իսկապես արդարացի բողոք։

«Այն, ինչ մենք ենք ասում նաև մեր հարցազրույցներում, որ սահմանազատման գործընթացը տեղի է ունենում միակողմանի, ոչ իրավական հենքով և ընտրված քարտեզներով, այն պետք է լինի երկկողմանի, այս բողոքն առկա է նաև շարժման մեջ, որովհետև այնտեղ` տեղում են մարդիկ զգում այդ ամենը»,-ասաց Սամսոնյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ իրենց քննադատում են պատերազմից հետո Փաշինյանի հետ համագործակցության գնալու համար, ասաց, որ պատերազմից հետո իրենք չեն գնացել համագործակցության իշխանության հետ, այլ հակառակը՝ իրենց մանդատները վայր են դրել, որ իշխանությունը հրաժարական տա, որպեսզի մարդիկ գնան և ընտրեն նոր բանակցողի, որպեսզի պարտված բանակցողը չունենա իշխանություն և այդ բեռը չմնա նրա պարտված հոգեբանության տա։

«Մենք արել ենք մեր քայլը, հասել ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ նա հրաժարական է տվել, այնուհետև մարդիկ գնացել են ու նրան են ընտրել։ Քանի որ մեր հռետորաբանությունը ընտրություններին եղել է համերաշխությունը, մենք հասկացել ենք, որ միգուցե կա արտաքին քաղաքական ճակատում, դիվանագիտական ճակատում աջակցության կարիք և փորձել ենք մեր մի անդամի, մեր նախագահի միջոցով այդ բացը լրացնել, բայց, ինչպես ժամանակը ցույց է տվել, գործողությունները և իրադարձությունները գնացել են այլ հունով, որովհետև այն կարմիր գծերը, որն ի սկզբանե հայտարարել էր իշխանությունը և որը մենք ի սկզբանե ասում էինք, որ մենք պատրաստ ենք աջակցել և պաշտպանել, իշխանությունները չեն պահել և մենք հասկացել ենք, որ այլևս անելիք չկա»,-ասաց Սամսոնյանը։

Նա հավելեց, որ խոշորացույցով էլ չենք գտնի մի պաշտոնյա, որ հրաժարական է տալիս, այնուհետև ժողովրդին ազնիվ բացատրում է, թե ինչու է հրաժարական տվել, այնինչ իրենք թաքցնելու ոչինչ չեն ունեցել և այդ առումով մարդկանց հետ շատ ազնիվ են եղել, իսկ այդ մարդիկ ազնվությունը բնազդաբար են զգում և գնահատում։
Անդրադառնալով ԱԱԾ-ի և Ոստիկանության հայտարարություններին, արդյոք Նիկոլ Փաշինյանը կգնա ծայրահեղ քայլերի, ասաց․ «Ես ամեն ինչի հավատում եմ, ես ոչինչ չեմ բացառում, բայց գիտեք` եթե մարդը պետության հաշվին կառչած է իր աթոռից, նա ամեն ինչ կարող է անել՝ ես չեմ բացառում»։