Իշխանությունից այսօր առավոտյան հրահանգ է իջեցվել

Իշխանությունն այնքան վախեցած է ու անհանգիստ, որ գործի է դրել իր ամբողջ գործիքակազմը․ ոստիկանություն, իշխանամերձ քաղաքագետներ, լատենտ նիկոլականներ, ոչ իշխանական կուսակցություններ ու գործիչներ, որոնց մեծ մասն, ի դեպ, 2018 թվականի ապրիլին կատաղի պայքարում էին Նիկոլ Փաշինյանի շարժման դեմ եւ բացահայտորեն ծառայում էին Սերժ Սարգսյանին՝ փորձելով կասեցնել որեւէ փոփոխություն։ Հիմա եկել է Նիկոլին ծառայելու ժամանակը։
Այսօր առավոտից հավանաբար իշխանական «ծանր հրետանին» հրահանգ է ստացել՝ հուժկու, կազմակերպված «համազարկ» տալու Բագրատ սրբազանի ուղղությամբ եւ ֆեյսբուքյան «գործիչները» կազմակերպված ձեւով կատարել են այդ հրահանգը։
Մենք նկատեցինք, որ րոպեների տարբերությամբ ֆեյսբուքում ստատուսներ են գրել կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որն այդպես էլ չհասկացավ, որ ինքը կառավարության հաստիքային աշխատող է, ոչ թե ֆեյսբուքյան ստատուսչի։ Համաժամանակյա ստատուսներ գրեցին նաեւ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը եւ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ, 1-ին․ամ-ի խմբագիր Արման Բաբաջանյանը։
Ձեւով սրանց ստատուսները տարբերվում են, բայց բովանդակությամբ շատ նման են։ Տարոն Չախոյանն, օրինակ, հպարտանում է, որ երբեք ոչ մի տերտերի աջ չի համբուրել, իսկ նրանք, ովքեր ժամանակին համբուրել են Սրբազանի աջը, «որպես Բագրատ սրբազան են համբուրել, այլ ոչ որպես ակտիվիստ Վազգեն» եւ իր հեղինակավոր կարծիքն է հայտնել, թե վաղուց արդեն չկա Բագրատ սրբազան, կա՝ Վազգեն ակտիվիստ եւ եկեղեցուն մեղադրել է «հասարակություն-եկեղեցի օրեցօր խորացող անջրպետի համար»։ Առնվազն մարդը պետք է կույր լինի, որ չտեսնի՝ երբեք հայ մարդն այսքան մոտ չի եղել եկեղեցուն եւ եկեղեցին երբեք այսքան բարձր հեղինակություն չի ունեցել, քան այսօր։
Հակառուսական հայացքներով հայտնի Ռուբեն Մեհրաբյանն ավելի առաջ է գնում՝ տգեղ լեքսիկոնի մեջ եւ աջահամբույրի թեմային իր կրթվածության եւ կուլտուրայի «բարձունքից» է անդրադառնում՝ հայհոյելով սրբազանին։
Հաջորդ թունդ նիկոլականը՝ խմբագիր, արեւմտամետ Արման Բաբաջանյանը կոչ է անում․ «Ձեզ երբեք, երբեք չնույնացնեք եկեղեցու հետ, Ամենայն հայոց կաթողիկոսության, եկեղեցու նվիրապետության և ժառանգության հետ», շարունակությունը՝ մեհրաբյանական բառապաշարով եւ եկեղեցուց աբիժնիկությանբ։
Հարց է ծագում՝ այս մարդիկ հայելու մեջ նայելիս չեն ամաչո՞ւմ․ խաղաղ, բարեպաշտ, հոգեւոր տեքստեր արտաբերող, հայրենիքի համար ցավ ապրող Սրբազանի հասցեին նման այլասերված ու տհաճ տեքստեր գրելը ինչով են արդարացնում։
Արեգ Մարգարյան
Կարծիքներ