Վերլուծություն

Վանաձորցի քույրերի ողբերգության պատճառը մահաբեր խողովակն է

Վանաձորցի քույրերի ողբերգության պատճառը մահաբեր խողովակն է

Վանաձորում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է ողջ հանրությանը։ Քաղաքի կենտրոնական հատվածում Չիչխան գետն են ընկել երկու անչափահաս քույրեր՝ 12-ից 15 տարեկան։ Մի քանի օր շարունակ փրկարարները որոնողական լայնածավալ աշխատանքներ են իրականացրել Չիչխան, Փամբակ և Դեբեդ գետերի ավազաններում, սակայն հունիսի 16-ին ժամը 18։00-ի դրությամբ երեխաներին դեռևս չեն հայտնաբերել։

Լուրը լսելուն պես շտապեցի դեպքի վայր։ Լուսանկարում երևում է Չիչխան գետը հատող 1000 մմ տրամագծով խողովակը, որը, ըստ տեղացիների, տարիներ շարունակ վտանգ է ներկայացրել քաղաքացիների համար։ Ենթադրվում է, որ աղջիկները ցանկացել են այդ խողովակի վրայով քայլելով անցնել գետը՝ քաղաքի կենտրոնից ավելի արագ հասնելու համար Նարեկացի թաղամաս՝ հայտնի «Երրորդ մաս»։ Մինչդեռ խողովակից ընդամենը մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվում է անվտանգ հետիոտնային կամուրջը։

Դեպքի վայրում հանդիպեցինք լոռեցի խաչքարագործ վարպետ Մնոյին, որի տունն ու արվեստանոցը գտնվում են անմիջապես հարևանությամբ։ Նրա խոսքով՝ սա առաջին նման դեպքը չէ։ Եթե խողովակը չհեռացվի, ցավալի պատմությունները կարող են կրկնվել։ Վարպետը հիշեց առնվազն 4-5 համանման դեպք, որոնց ականատեսն է եղել կամ որոնց մասին առաջիններից մեկն է եղել, որ տեղեկացել է։ Նրա խոսքով՝ գետն ընկածներից քչերն են կարողացել փրկվել, և դա էլ հիմնականում այն ժամանակ, երբ գետի ջրերը վարար չեն եղել։

Ինչպե՞ս է այդ խողովակը հայտնվել այստեղ։ Տեղացիների և մասնագետների վկայությամբ՝ այն տեղադրվել է դեռևս Սպիտակի երկրաշարժից առաջ, երբ սկսվել էր քաղաքի կենտրոնը Նարեկացի թաղամասին միացնող մեծաթռիչք կամրջի՝ էստակադայի շինարարությունը։ Շինարարներն այն օգտագործել են որպես ժամանակավոր անցում և աշխատանքային հարմարանք։ Սակայն երկրաշարժից հետո շինարարությունը դադարեցվել է, կարևոր ու հեռանկարային նախագիծը մնացել է անավարտ, իսկ ժամանակավոր խողովակը՝ տեղում։ Շինարարները հեռացել են, բայց վտանգավոր կառույցը չի ապամոնտաժվել։

Տարիների ընթացքում մարդիկ սովորել են անցնել դրա վրայով։ Դժբախտ պատահարների մասին, անկասկած, տեղեկացված են եղել տարբեր ժամանակներում պաշտոնավարած քաղաքային ու մարզային իշխանությունները։ Այնուամենայնիվ, խնդիրը մնացել է չլուծված։

Վարպետ Մնոն և բազմաթիվ քաղաքացիներ այսօր առաջարկում են վերջապես հեռացնել խողովակը։ Նրանք պատրաստ են նաև աջակցել այդ աշխատանքներին։ Խողովակը որևէ էական նշանակություն չունի, չի հանդիսանում կոյուղու կամ ինժեներական գործող համակարգի մաս և, փաստորեն, դարձել է միայն վտանգի աղբյուր։
Մնում է հուսալ, որ այս ողբերգությունից հետո պատասխանատու կառույցները վերջապես միջոցներ կձեռնարկեն մահաբեր խողովակի հեռացման համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image