Թուրքիայում հնագետները հայտնաբերել են Հիսուս Քրիստոսին պատկերող եզակի եւ հնագույն որմնանկար, որտեղ Քրիստոսը մորուք չունի։ Պատկերը թվագրվում է ՄԹ 3-րդ դարով։ Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։ Որմնանկարում Հիսուս Քրիստոսը պատկերված է Բարի Հովվի կերպարով։ Որմնանկարը հայտնաբերվել է ժամանակակից Իզնիկ քաղաքի մոտ հայտնաբերված դամաբարանում։ Սուրբ Գրային ժամանակներում այդ քաղաքը կոչվում էր Նիկիա։ Որմնանկարը հիանալի պահպանվել է։
Այն հռոմեական ոճով է արված, ինչն ինքնին եզակի երեւույթ է։ Քրիստոսն էլ այդ որմնանկարում առանց մորուքի է, ինչը եւս եզակի է համարվում։ Բարի Հովվի կերպարը քրիստոնեության սիմվոլներից է։ Վաղ քրիստոնեական որմնանկարներում Հիսուսը սիմվոլիկ կերպով պատկերվում է որպես պատանի հովիվ, ով ուսերին կրում է ուլ կամ գառնուկ, ինչը խորհրդանշում է մարդկային հոգու փրկությունը։