Սոնա Ամատունու օրագիրը (21.04.2010)
Հասմիկ ջան, ինձ շարունակ նախատում ես մեղմության համար: Երբեմն ասում ես, որ թույլ եմ ու ներողամիտ, որ ինձ լրիվ ուրիշ աշխատանք կսազեր: Ես քեզ հետ համաձայն չեմ, անկեղծ ասած: Ինձ կոշտ կանայք երբեք դուր չեն եկել, եւ երբ փորձել եմ նմանվել դրանց, այդ տեսակս ինձ տհաճ է եղել: Տես մեր կին քաղաքական գործիչներին, կին պաշտոնյաներին: Թվում է՝ խելացի են, կարդացած, կրթված, աշխատասեր, բայց ինչ-որ կոշտ, տղամարդկային բան կա բոլորի մեջ անխտիր: Մի տեսակ չոր, կանացիությունից զուրկ, առանց հմայքի կանայք են: Թեեւ բոլորն էլ իրենց աշխատանքով ու իրենց որակներով չեն զիջում տղամարդկանց: Ես երբեմն ափսոսում են, որ նրանց մեջ կանացի մեղմությունը պահպանած, սեթեւեթելու ընդունակ, հմայիչ ու ճաշակով կին չկա: Բայց մյուս կողմից՝ եթե լիներ, հաստատ չէին հասնի այդ դիրքին: Այդ մեղմությունն ու կանացիությունը կխանգարեր: Նախ՝ մրցունակ չէին լինի, տղամարդիկ կհաղթեին ու դուրս կմղեին ցանկացած ասպարեզից: Հետո՝ նրանց ոչ կընտրեին, ոչ կվստահեին իրենց ղեկավարները: Դե, կանացի, գրավիչ ու մեղմ կանանց քարտուղարուհի կընդունեն, ուսուցչուհի կամ էլ առավելագույնը՝ վարչության պետ, բայց ոչ նախարար կամ պատգամավոր: Դրա համար էլ մեղմ ու քնքուշ կանայք, որքան էլ խելացի լինեն, ճաշ են պատրաստում, երեխաներ ծնում ու դաստիարակում, առավելագույնը՝ ձեռքի հետ մի թեթեւ աշխատանք անում, ասենք՝ դպրոցում կամ մի գրասենյակում, բայց այդպես էլ բարձր դիրքերի չեն հասնում: Հետո, գիտես, մենք անհասկանալի ժողովուրդ ենք՝ ոչ կարգին Ասիա ենք, ոչ կարգին Եւրոպա: Ինչու եմ ասում, որովհետեւ եթե Եւրոպայում կին գործիչներին շատ նորմալ են վերաբերվում եւ նրանց հավասարի աչքով են նայում, ու նրանք վարչապետներ, նախագահներ ու կուսակցության լիդերներ են դառնում, ապա Ասիայում էլ չեն մերժում կին գործիչներին: Բենազիր Բհուտոն, Ինդիրա Գանդին՝ քեզ օրինակ: Անշուշտ, մոտեցումները տարբեր են, եւ Ասիայում նույն չափանիշները չեն գործում, ինչ Եւրոպայում, բայց արդյունքի առումով նույնն է: Մեզանում փաստորեն ոչ Մարգարետ Թետչեր է ծնվում, ոչ Հիլարի Քլինթոն, ոչ էլ Ինդիրա Գանդի: Եւ բանն այն չէ, որ հնդիկ կամ անգլիացի ժողովրդի արգանդն ավելի բեղուն է: Պարզապես մեր՝ տղամարդկային հասարակությունը կնոջն իրեն հավասար չի դիտում եւ նրա հասարակայնորեն օգտակարության հավանականությունը մերժում է: Ավելի շուտ՝ ընդունում է միայն, կներես արտահայտությանս համար, ղզողլանների իրավունքները: Նրանց, ովքեր նման են իրենց՝ տղամարդկային անկատար սեռին: Մտածում են իրենց նման՝ կարճ եւ անհեռատես, գործում են իրենց նման՝ անհոգի ու կոպիտ: Կինը, որ իր մեղմությամբ է ուզում հաջողության հասնել, որ կարող է արցունք թափել, կարեկցել ու զղջալ, որ իր էմոցիաները չի թաքցնում, նրանց կարծիքով թույլ էակ է՝ ղեկավարելու, ինքնուրույն ապրելու անընդունակ: Իրենց կարծիքով, հենց նրան է հարկավոր ղեկավարել, ուղղություն ցույց տալ, թելադրել ու ստրկացնել: Չեն հասկանում, որ ամենամեծ ազատությունը ներքին ազատությունն է, ամենամեծ պատիժը դիպուկ ու սիրով արված դիտողությունը, ամենախիստ պահանջը՝ սեփական օրինակի վրա ցույց տվածը, ամենաճիշտ որոշումը՝ սրտով ու սիրով կայացված որոշումը: Այնպես որ, Հասմիկ ջան, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ:
Քո Սոնա
Քո Սոնա
Կարծիքներ