37 թ-ի ոգով

37 թ-ի ոգով
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մեկնաբանել է մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսի վերջին հայտարարություննները: Մասնավորապես, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ «ոստիկանությունը պետք է իշխանության կողքին լինի»-ի վերաբերյալ նշեց . «Նմանատիպ արտահայտությունն ինձ համար անընդունելի է, որովհետեւ ոչ միայն ոստիկանույունը, այլ նաեւ իշխանությունը պետք է քաղաքացու կողքին լինեն: Ոչ թե ոստիկանությունն ու իշխանությունը իրար կողքի, իսկ քաղաքացին էլ չգիտենք այստեղ ուր մնաց»: Ալիկ Սարգսյանի մեկ այլ փայլատակում, որ վերաբերվում է «ժողովրդի ներքին թշնամիներին հաղթելուն» Արմեն Հարությունյանն անհասկանալի համարեց ու տարակուսած հարցրեց. «Եթե ներքին թշնամին հանցագործներն են եւ ոստիկանապետը նրանց ի նկատի ունի, ապա հանցագործության հետ կապված դեռ վաղ է, որ մենք հաղթանակ արձանագրենք, իսկ եթե ոչ, պետք է իրեն հարցնենք: 37 թվին Խորհրդային Միությունում ժողովրդի թշնամի հասկացություն կար, բայց  դրա համար գոնե քրեական օրենսգրքում որոշակի հոդվածներ կային, իսկ ներքին թշնամու համար ո՞րն է հանցակազմը, ի՞նչ հոդված ունենք, որ դրա նկատմամբ հաղթանակ են տարել, մենք էլ տեղյակ չենք դրա մասին»: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, չպետք է դժգոհի, որ հասարակությունը չի օգնում իր ղեկավարած գերատեսչությանը: «Հասարակությունը եթե որեւէ պետական կառույցի չի օժանդակում, այդ դեպքում ոչ թե հասարակությունը մտածելու բան ունի, այլ այդ պետական  կառույցը», -հայտարարեց օմբուդսմենը՝ վերոհիշյալ պաշտոնյաների հայտարարությունները որակելով ավտորիտար հասարակությանը բնորոշ: