Սփյուռքի դերը

Սփյուռքի դերը

Սփյուռքի նախարար չունենք, իսկ թե ինչու՝ հարցրեք մեր իշխանավորներին։ Սրանց կարծիքով, նախարարի կամ այլ պաշտոն, ըստ երեւույթին, մի բարիք է, որ տրվում է մարդկանց՝ ընդամենը վայելելու համար։ Փոխարենը ունենք սփյուռքի գործերի հանձնակատար։ Բայց թե նա ինչ է անում՝ ոչ ոք չգիտի։ Միայն լսում ենք, որ, բացառապես իր ընտրությամբ, երբեմն այցելում է սփյուռքյան համայնքներ, որտեղ էլ «կարգին» դիմավորման է արժանանում։ Անցած երեք տարիների ընթացքում հարգարժան հանձնակատարը դեռեւս չի հասցրել այցելել սփյուռքյան մի քանի կարեւոր համայնքներ. երեւի «կարգին դիմավորման» վախից։ 

Եթե ընդունենք, որ մենք՝ աշխարհով մեկ սփռված հայերս, տասը միլիոն ենք, իսկ դրա յոթ միլիոնն ապրում է սփյուռքում, ապա ո՞նց կարելի է այդ 7 միլիոնին այսքան արհամարհել, փոխարենը, 3 միլիոնի գործերը վարելու համար կես միլիոնի հասնող պետական գործիչ ունենալ։ Սա էլ մի նո՞ր ձեւ է՝ բյուջեն մսխելու եւ հավակնելու, որ կոռուպցիա չկա։ Բոլորն էլ նորմալ պետական աշխատողներ են՝ բավարար աշխատավարձով ապրող, ու վերջ։ 

Իսկ սփյուռքի հարցերը շատ են, բազմաթիվ ու բազմապիսի, բոլորն էլ պետական հոգատարության ու լուծման կարոտ։ Սա մեր ժողովրդի ճակատագիրն է։ Աշխարհով մեկ սփռված ենք` հազար ու մի բարդությունների ու մարտահրավերների դեմ-հանդիման։ Թե՛ նախկինների օրոք եւ թե՛ այս նորելուկների ժամանակ սփյուռքի մասին խոսելիս բավարարվում ենք միայն ամպագոռգոռ մտքերով ինքներս մեզ խաբելով, որ, ճիշտ է` մենք նավթ չունենք, բայց փոխարենը սփյուռք ունենք։ Դեռ ավելին՝ նավթը մի օր կվերջանա, բայց մեր սփյուռքը հավերժական է․․․ Եկեք մի պահ կանգ առնենք այս մտքերի վրա։ Նախ փառք տանք Աստծուն, որ մենք նավթ չունենք, որովհետեւ հակառակ դեպքում, այս հոգեբանության պարագայում, հայտնի չէ, թե ինչեր կպատահեին, կամ որտեղ կապրեինք։ Կարծում ենք, որ եթե նավթ ունենայինք, այլեւս բան չէինք ունենա անելու կամ էլ կանեինք այն, ինչ արեցինք սփյուռքի եւ Արցախի հետ: Միայն պոռոտախոսություն, ուրիշ ոչինչ: Անցած 40 տարիների ընթացքում նավթային պաշարներով հարուստ, սակայն բնակլիմայական պայմաններով ուղղակի անտանելի վիճակ ունեցող արաբական մի քանի երկիր, որտեղ անապատային սողուններից բացի այլ կենդանի չի ապրում, շնորհիվ իրենց հողին կպած, մեծ կամքի տեր մարդկանց խելամիտ քաղաքականության ու աշխատանքի, այսօր դարձել են աշխարհի ամենագրավիչ կենտրոններից մեկը: Արդյո՞ք մենք էլ նույնը կանեինք... 

Կասկածից վեր է, որ Իսրայելը երբեք ու երբեք այսքան ուժեղ չէր լինի, եթե իր մեջքին չունենար աշխարհի գերհզոր պետության (եւ ինչու ոչ` նաեւ մյուսների) անվարան հովանավորությունը: Իսկ այդ հովանավորությունն ինքնըստինքյան չի ստեղծվել: Այդ ժողովուրդը, որի երկիրը Հայաստանից փոքր է եւ Հայաստանից էլ ավելի հուժկու թշնամիներով է շրջապատված, շնորհիվ իր բանիմաց քաղաքական այրերի, աշխարհով մեկ սփռված իր համայնքների ներուժն օգտագործելով, կարողացել է կատարյալ ազդեցության տակ պահել շատ ու շատ երկրների հանրային կարծիքը՝ հօգուտ Իսրայելի։ Ընդամենը մեկ դար առաջ նրանց՝ աշխարհով մեկ թափառական լինելու այդ չարիքն այսօր վերափոխվել է բարիքի։ Եվ նրանք այսօր կարողանում են ձեռնոց նետել նավթային պաշարներով հարուստ տասնյակ երկրների: Այդ նրանք են, որ իրավունք ունեն ասելու, որ եթե նավթ չունեն, փոխարենը սփյուռք ունեն, փոխարենը բանիմաց ու քաղաքագետ այրեր ունեն, ծրագրել գիտեն, չարիքը բարիքի վերածելու շնորհք ունեն եւ ապրում են ձիգ ու անպարտ: 60 տարվա թշնամի հարեւանների հրթիռակոծությունը չկարողացավ նրանց պոկել իրենց երկրից: Փոխարենը՝ մնացին ու պայքարեցին եւ կմնան ու կստիպեն բոլորին հաշվի առնել իրենց ե՛ւ իրական, ե՛ւ իրավական ներկայությունը պապենական հայրենիքում...

Սփյուռքի ներուժը չգիտակցելու, դրա նկատմամբ այսքան մակերեսային ու արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու եւ, ընդհանրապես, միտումնավոր կամ ոչ միտումնավոր սփյուռքի գոյությունն ու դերը նսեմացնելու մեր այս շնորհազուրկ իշխանավորների անգործության պատճառով է, որ մեր համայնքները «կարգին դիմավորման» են արժանացնում հարգարժան գործակատարին: Իրականում դրա սլաքի ծայրն ուղղված է ներկա բոլոր իշխանավորներին։

Ցավոք սրտի, մեր անցյալի դառը պատմական փորձը մեր սրտերում ու հոգիներում կուտակել է աշխարհի ու կյանքի նկատմամբ բացասական էներգիայի հսկայական ծավալ: Այսօրվա պայմաններում ե՛ւ ուզում ենք, ե՛ւ չենք կարողանում ազատվել դրանից: Հայի եւ թուրքի բախումից անպայման խուսափում ենք, որովհետեւ պարտվող կողմը մեզ ենք համարում: Արցախն ամբողջությամբ լքում ենք, որովհետեւ կարծում ենք, որ մեզ կոտորելու են: Դեռ ավելին՝ այս վերջին պատերազմից հետո երկիրը լքողների մոտ կար նաեւ այսպիսի մտահոգություն. «Հայտնի չէ, թե վաղը թուրքը չի հայտնվելու Երեւանի կենտրոնում, ուրեմն օր առաջ փախչենք»:
Ոչ մի կենդանի էակ այս հոգեբանությամբ չի ապրում: 

Սփյուռքի նախարար ունենանք կամ ոչ, մենք պարտավոր ենք պետական բարձր մակարդակներում ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել սփյուռքի օրակարգը եւ լուրջ ներդրումներով ու ողջամիտ քաղաքականությամբ առավելագույնս օգտագործենք մեր՝ արդեն իսկ մեծ ու տարածուն սփյուռքի ներուժը՝ հօգուտ մեր երկրի ու մեր ժողովրդի։ Սա այլեւս հնի ու նորի կամ նախկինի ու ներկայի հարց չէ․․․

Վահան Դարբինյան