Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժումն էլ էր հոգեւորական ղեկավարում

Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժումն էլ էր հոգեւորական ղեկավարում

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

- Ո՞ր դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների` եթե վստահ լինի, որ հաղթելո՞ւ է։

- Ոչ միայն, ես հենց դրա համար եմ ասում՝ Պանդորայի արկղը բացվել է, ու այն զարգացումները, որ մենք կարող ենք տեսնել, քաղաքական բոլոր տեսակի ուժերի, միավորների ճնշման եւ անելանելիության արդյունքում բոլորի եզրահանգման արդյունքն է լինելու։

- Քննարկենք լավագույն տարբերակը՝ անցնցում, անարյուն հեռանալու: Գաղտնիք չէ, որ Փաշինյանն անցել է բոլոր կարմիր գծերը։ Ի՞նչ քայլերի կարող է գնալ նա, ըստ Ձեզ։

- Հայտնի բանաձեւով՝ դեռեւս Գանդիի կողմից նշված, սկզբից արհամարհում են, հետո ծիծաղում են, հետո դիմում են ուժի, հետո հաղթանակն է գալիս։ Փորձում են արհամարհել, փորձում են վատաբանել ու այդպիսով կասեցնել ալիքը` տարբեր ձեւերով։ Բայց այդ էտապները որ անցնում են, եւ շարժումն իսկապես այդ էտապները շատ խելամիտ ձեւով կարողանում է անցնել, դրանից հետո ռեժիմն այլ ճար չի ունենում, քան ուժի դիմելու։ Խնդիրը հետեւյալն է` ես էլ, Դուք էլ վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ հոգեկերտվածքն ասեմ, բնավորությունն ասեմ, մտածողությունը, աշխարհընկալումն այնպիսին է, որ նա երբեք այդ իշխանությունից կամավոր կամ խելամտորեն չի հրաժարվելու՝ նա այդ մարդը չէ։ Եվ, բնականաբար, երկիրը դառնալու է ինչ-որ ժամանակ ոստիկանապետություն, այսինքն՝ ուժային մարմինների միջոցով, իր հարկադրանքի ուժով փորձել իրավիճակը պահել վերահսկողության տակ։ Որքան դա կտեւի, այս պահին չեմ կարող ասել, բայց ինձ թվում է՝ իշխանությունն այդ ռեսուրսը չունի, որ դա երկար կարող է պահել, նաեւ չունի գաղափարական առումով, որովհետեւ այդ՝ ժողովրդավարության կղզյակ, այդ բոլոր բաները շատ փոքր տեղ են թողնում, որպեսզի այդ ժամանակային ինտերվալը շատ մեծ դեր ունենա։ Դրա համար, ի վերջո, Հայաստանի ողջ քաղաքական դասը հանգելու է հետեւյալին․ երբ պետական ճգնաժամը, որի մեջ հայտնվելու է պետությունը, դրա հանգուցալուծումը տեսնի նոր Ազգային ժողովի կազմավորման, նոր ուժերի ձեւավորման, նոր գաղափարների շրջանառության եւ նոր կառավարության ձեւավորմամբ նոր պետական քաղաքականություն իրականացնելու միջոցով։

- Եկեղեցու դերն ու մասնակցությունն ինչպե՞ս եք գնահատում․ ինչո՞վ է պայմանավորված ոմանց բացասական վերաբերմունքը, ինչո՞ւ են մոռանում Հայ առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում։

- Այն տեխնոլոգիաները, որ կիրառվում են, ինչ-որ բացասական հենք են ստեղծում, բայց դրանք ընդամենը տեխնոլոգիաներ են, որ փորձում են վատաբանել։ Խնդիրը հետեւյալն է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ նորություն չէ սա։ Անգամ Հայոց համազգային շարժումը ղեկավարում էր Տեր Հուսիկ քահանան։ Ովքեր նոր են ծնվել քաղաքականության մեջ, գուցե իրենց համար ինչ-որ թեզեր նոր են եւ այլն, բայց դա մենք տեսել ենք։ Ես շատ լավ եմ հիշում 1990-ականների սկզբում այդ ամեն ինչը եւ անգամ այդ մեկնաբանությունները եւ այլն` այն տեսանկյունից, որ արդյո՞ք հոգեւորականը քաղաքականությանը կարող է մասնակցել, թե ոչ։ Մասնակցել են, եւ անգամ Նիկոլ Փաշինյանի հոգեւոր հոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժումը ղեկավարել է հենց հոգեւորական։ Դա մի կողմում թողնենք, քաղաքական հարցը հետեւյալն է, որ՝ Հայաստանի քաղաքական ուժեր ասեմ, կուսակցություններ ասեմ, այնքան են ապականված, իրապես ապականված, այնքան են իրենց ապականել, որ Հայաստանի քաղաքական գործընթացներն իր ձեռքը վերցրել է եկեղեցին։

- Ստիպվա՞ծ է վերցրել։

- Այո, ստիպված: Բնականաբար, եթե քաղաքական ուժեր լինեին, վստահություն սերմանեին, նոր գաղափարներով, ինչ-որ նոր մեթոդաբանությամբ հանդես գային, լուծումներ, լծակներ եւ այլն, այդ ամենը եթե լիներ, եկեղեցուն չէր հասնի։ Եկեղեցին, մեծ հաշվով, ստիպված է մտել այս գործընթացի մեջ, ստիպված է հայտնվել, որովհետեւ պետությունը կա, պետության քաղաքական առաջնային ֆունկցիան իրականացնող՝ անվտանգության ապահովման ֆունկցիան իրականացնողները չկան, եւ անգամ քաղաքական դաշտում այդ դերակատարները չկան, որոնք կարող են այդ ձեռնոցը վերցնել։ Եվ դրանով է պայմանավորված, որ եկեղեցին հայտնվել է առաջին պլանում. այդ տեսանկյունից է պետք նայել, գնահատել։ Բնականաբար, այլ արտաքին ուժեր փորձելու են օգտվել դրանից, փորձելու են խթանել դա իրենց շահերից ելնելով, յուրաքանչյուրն իր շահն է փորձելու սպասարկել։ Մեր խելամտությունն այնտեղ պիտի լինի, որ փորձենք ինքնիշխանությունն ապահովել, ինքնուրույնությունն ապահովել, Հայաստանի պետական շահն ապահովել։ Այստեղ պետք չէ զարմանալ ուրիշների վարքից: Սեփական վարքը, սեփական սուբյեկտայնությունն է պետք, եւ ազգային ու պետական խնդիրներ է պետք լուծել։