Այդ թեզերը հանրային մեծ խմբերի վրա այլեւս ազդեցություն չունեն

Այդ թեզերը հանրային մեծ խմբերի վրա այլեւս ազդեցություն չունեն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը:

- Կարո՞ղ ենք զուգահեռներ անցկացնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եւ 2018-ի թավշյա հեղափոխության միջեւ:

- 2018-ի շարժումն ու այսօրվա շարժումը տարբերվում են ոչ միայն իրենց բնույթով, այլ նաեւ գաղափարական հենքով։ Հասարակությունը տարբեր պահանջներ ու տրամադրություն ուներ 2018-ին. ունեինք Արցախ, արժեքներ, մշակութային եւ ազգային գաղափարներ, բանակը մեզ համար ուժ էր եւ ապահովություն, դիվանագիտությունը՝ հավասարակշռված եւ պրոֆեսիոնալ։ Հասարակությունը դժգոհ էր իշխանություններից, տարիներ շարունակ ընդդիմությունը հասարակությանը ներարկել էր այնպիսի ուղերձներ, որ թալանչիները, գողերը մեր ղեկավարներն են, պետք է հեռացնենք եւ ապրենք ազատ։ Հասարակությունը դուրս եկավ փողոց, որպեսզի փոխի, ազատվի «չարի տիրապետությունից»։ Հետադարձ հայացք նետելով՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղերձները՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորումն այդպես էլ տեղի չունեցավ։ Իշխանափոխությունից հետո վարչապետի կողմից օգտագործված բառամթերքն ու խոսույթը գեներացրին ատելություն, եւ հասարակությունը դարձավ յուրային եւ ոչ յուրային, սեւ եւ սպիտակ։ Փաշինյանի եւ իր թիմի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հրահրվեց պատերազմ, պատերազմի ժամանակ անպատասխանատու գործելաոճը բերեց պարտության, հազարավոր զոհեր ու խեղված ընտանիքներ, համաճարակն էլ՝ իր հերթին` առողջապահական ոչ գրագետ քաղաքականության արդյունքում, խլեց բազմաթիվ կյանքեր, կորցրինք Արցախը, հարյուր հազար մարդ մնաց անօթեւան, եւ այսօր էլ օրեցօր կորցնում ենք Հայաստանին պատկանող տարածքները կամ հանձնում ենք թշնամուն։ Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հստակ ուղերձ ունի՝ հասարակությունը չի վստահում օրվա իշխանություններին, հայաստանցու անվտանգության երաշխիքներն ապահովված չեն, Տավուշը, Սյունիքը, Վարդենիսը վտանգի առաջին գծում են։ Հասարակությունը չի ուզում կորցնել իր պետականությունն ու երկիրը։ Իշխանությունն ամեն օր մանիպուլացնում է հասարակությանը, իր սխալները կոծկելու համար մե՛կ մեղադրում է նախկին իշխանություններին, մե՛կ՝ ռուսներին, մե՛կ՝ ընդդիմությանն ու քաղաքական ուժերին, բայց երբեք չի մեղադրում ինքն իրեն։ Վերջին տարիներին այնքան է ամեն ինչ վարկաբեկվել եւ պիտակավորվել, որ հասարակությունը որեւէ մեկին չի վստահում։ Այս օրհասական իրավիճակում հասարակությանը միակ համախմբողը կարող էր դառնալ Հայ առաքելական եկեղեցին, շատ մտավորականներ, հանրային գործիչներ, ելք չտեսնելով, պարբերաբար դիմում էին Եկեղեցու սպասավորներին, որպեսզի առաջնորդեն իրենց, համերաշխության մթնոլորտ ձեւավորեն, հասարակությունը միաբանվի։

- Ի՞նչ տեխնոլոգիաներ է կիրառում սրբազանն այս օրերին: 

- Բագրատ սրբազանն ունի մեծ հեղինակություն, նրա գործելաոճը, բարոյական կերպարը շատերին են հայտնի, նաեւ՝ իշխանությանը։ Առաջնորդը պետք է լինի առաքինի, գրագետ, հավասարակշիռ, հայեցի մտածողությամբ, որով օժտված է սրբազանը, նրան վստահում է հասարակությունը: Այն մարդիկ, ովքեր դեմ էին իշխանությանը, բայց հույս էլ չեն կապում ընդդիմության հետ, նույնպես համախմբվել են սրբազանի շուրջը։ Սրբազանն իր բնական կեցվածքի եւ հոգեվիճակի մեջ է՝ համերաշխության եւ միաբանման կոչերով, մարդկանց իրավիճակը բացատրելով, ընթացքում իշխանության վարկաբեկմանը պատասխանելով։ Բագրատ սրբազանն ունի հաղորդակցային շատ լավ հմտություններ, առաջնորդին բնորոշ հատկանիշներ, ինչն էլ օգնում է, որպեսզի կարողանա համախմբել մարդկանց։ Շարժումն ունի ուղերձներ, ունի քայլերգ, ունի առաջնորդ եւ շարժմանն օրեցօր միացող մարդիկ։

- Իշխանությունը փորձում է այս պայքարը սեւացնել: Նշում են, որ այն Ռուսաստանից է կառավարվում եւ այլն: Սա ի՞նչպես կազդի՝ ըստ Ձեզ:

- Ի՞նչ են անում իշխանության ներկայացուցիչները՝ պարբերաբար տարածում են վարաբեկող, սուտ տեղեկատվություն՝ հասարակությանը մոլորեցնելու համար։ Իշխանությունը պարբերաբար հասարակությանը մոլորեցնելու համար տարբեր թեզեր է շրջանառության մեջ դնում՝ իբրեւ թե «նախկին իշխանություններն են, ռուսներն են» կանգնած այս շարժման հետեւում, որ այս «շարժման մասնակիցները պատերազմ են ուզում եւ դեմ են խաղաղությանը», որ Բագրատ սրբազանը կուսակրոն է, «բայց որդիներ ունի, որոնք բանակում չեն ծառայել», որ «եկեղեցին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու»։ Ուսուցիչը դժգոհում է, ասում են՝ դասդ տուր եւ նստիր տեղդ, իրավունք չունես քաղաքականությամբ զբաղվել, դասախոսը, բժիշկը, արվեստագետը, գիտնականը, հոգեւորականը դիրքորոշում հայտնելու իրավունք չունեն, որովհետեւ իրենք ո՞վ են, որ քաղաքականությամբ զբաղվեն։ Ստացվում է, որ այսօր քաղաքականությամբ կարող են զբաղվել միայն կենսագրություն չունեցող, քաղաքականությունից եւ դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու իշխանության ներկայացուցիչները, իսկ մյուսները կարծիք, դիրքորոշում հայտնելու իրավունք չունեն։ Այս թեզերով սնվում են նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի թիմում են, իսկ հանրային մեծ խմբերի վրա դրանք այլեւս ազդեցություն չունեն, որովհետեւ նրանք շատ լավ հասկանում են, որ իշխանությունը վերջին ճիգերն է անում իշխանությունը պահելու համար՝ անընդհատ պատերազմով վախեցնելով։ Մենք այսօր էլ պատերազմի մեջ ենք....։ Հերյուրանքը, կեղծիքն ու ապատեղեկատվությունը դարձել են բութ գործիք իշխանության ձեռքին, իշխանությանը մոտ կանգնած հասարակական կազմակերպությունների, քաղաքական եւ հանրային գործիչների ու սպասարկող լրատվամիջոցների ձեռքին։ Հանրային հեռուստաընկերությունն էլ ամեն օր խախտում է հանրույթի մեծ զանգվածի՝ անաչառ լրատվություն ստանալու իրավունքը։ Ով քննադատում է իշխանությանը, բոլորին համարում են ռուսական գործակալներ եւ ցինիզմի հասնող բառամթերքն ամեն օր շաղ են տալիս ԱԺ-ում։ Նման գործելաոճը հակառակ ազդեցությունն է թողնում, եւ 2018-ին փողոց դուրս եկած մարդիկ էլի փողոցում են, որովհետեւ հուսախաբվել եւ հուսալքվել են։ Իշխանությունն օգտագործում է բոլորի բերանը փակելու, լռեցնելու տեխնոլոգիան: 
Շարժման առաջնորդի կեցվածքը, վարքագիծը, հասարակության հետ հարաբերվելու մոտեցումը, այսօր սպիտակ հագնելու խորհուրդն ուղերձ է, որը հանրային կապերի տեսանկյունից արդարացված է, որովհետեւ PR-ի հիմքում ռազմավարական հաղորդակցությունն է։ Մարդկանց մոտ հույս է արթնացել, այս սեւ օրերի մեջ լույս են տեսնում, ուզում են իրենց հավատը վերականգնել, անտարբերության քողը հեռացնել։