«Հրապարակ». Ճանապարհ փակողները խուլիգան չեն

«Հրապարակ». Ճանապարհ փակողները խուլիգան չեն

Երկու պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը՝ երկու ընկերների հետ, ապրիլի 21-ից կալանքի տակ է, այն օրվանից, երբ Բագրատաշենի ճանապարհին տեղի ունեցած ակցիայի ժամանակ «ՈւԱԶ» ավտոմեքենան վրաերթի ենթարկեց նրանց։ Թվում է՝ ՈՒԱԶ-ի վարորդին պետք է մեղադրեին՝ մարդկանց գիտակցաբար վրաերթի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար, բայց ոչ` ՈւԱԶ-ը մարդկանց վրա վարած քաղաքացին տուժող է ճանաչվել, իսկ մեղադրյալի կարգավիճակում Արմանն ու նրա 3 ընկերն են։ Նրանց մեղադրում են Այրումից Բագրատաշեն ճանապարհը փակելու, խուլիգանական արարքների կատարման մեջ։ 

Այն, ինչ երեւում է համացանցում տարածված տեսանյութերում, թե ինչպես է ՈւԱԶ-ի վարորդը մեքենան վարում Արմանի եւ նրա ընկերների վրա, քննիչները չեն տեսնում։ Ըստ նրանց, ՈւԱԶ-ի վարորդն ընդամենը «պահանջել է բացել ճանապարհը եւ իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը», նրա մոտ «վախ են առաջացրել», նրան հայհոյել են ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։ Տղաներից միայն մեկն է ազատության մեջ, երեքը կալանավորված են։ 

Ըստ Արգիշտի Քյարամյանի ՔԿ-ի, Արմանն ու նրա երկու ընկերները ոչ թե ակցիա են իրականացրել, այլ «տեւական ժամանակ միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերեւույթ խուլիգանական արարքներ» են կատարել։ Այսինքն՝ նրանց մղումը ոչ թե քաղաքացու պայքարն է, հայրենիքը մասնատումից ու թշնամուն հանձնելուց պաշտպանելը, այլ` խուլիգանությունը։ 

Անտեսելով ոստիկաններին՝ «նշված անձինք հարձակվել են ՈՒԱԶ-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները եւ կոտրելով դիմապակին։ Բացի այդ, նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է ՈՒԱԶ-ի անվադողը»,- նույն օրը հաղորդել է ՔԿ-ն` ի ցույց դնելով, թե որքան կողմնակալ կարող է լինել իրավապահ կառույցը, երբ ենթարկվում է քաղաքական իշխանություններին եւ անկախ չէ։ 
Ի՞նչ ընթացքում է գործը։ Քննչական կոմիտեի խոսնակն ընդամենը հայտնում է, որ նախաքննությունը դեռ չի ավարտվել` «միջոցներ են ձեռնարկվում միջադեպին մասնակից այլ անձանց գործողություններին եւս իրավական գնահատական տալու ուղղությամբ»։ Սա նշանակում է՝ չի բացառվում, որ Այրումի ճանապարհը փակելու գործով նոր մեղադրյալներ լինեն։ 

Իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցը կարծում է, որ սա մահակ է, որը պահելու են մարդկանց գլխավերեւում։ «Այս կիսաբաց գործերը, նախաքննական պրոցեսները պահելու են մարդկանց գլխին, որ թույլ չտան, որ մարդիկ իրականացնեն իրենց սահմանադրական իրավունքը, իսկ դա ոչ միայն խաղաղ հավաքների անցկացումը կամ դրանց մասնակցելն է, այլ նաեւ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված բազմաթիվ այլ պարտականությունների իրականացումն է՝ ՀՀ սահմանների անքակտելիության, պաշտպանության հետ կապված»,- ասում է նա։ Նինա Կարապետյանցին հարցրինք՝ մարդիկ ցույց են անում, փակել են ճանապարհը եւ թույլ չեն տալիս, որ մեքենաներն անցնեն, սա կարելի՞ է դիտարկել որպես խուլիգանական դրդմամբ կատարվող հանցարարք, ի դեպ` Քրեական օրենսգրքի այս հոդվածը վերջին շրջանում շատ են կիրառում։ 

- Քանի դեռ հավաքը խաղաղ է, քանի դեռ խնդիր չկա, ոստիկանությունն ունի միակ ֆունկցիա՝ այդ հավաքին աջակցել, այլ գործառույթ նա չունի, ու նաեւ պաշտպանել ցուցարարներին՝ հակառակ տեսակետ ունեցող մարդկանցից, ապահովել ցուցարարների անվտանգությունը։ 

- Եթե մեքենան շարժվում է ցուցարարի վրա, նա չի նահանջում, ցուցարարին կարելի՞ է ճանաչել խուլիգան։ 

- Այստեղ կա մի հանցանք՝ ոստիկանության անգործություն եւ անձեռնհասություն։ Ոստիկանը պարտավոր է պահպանել, աջակցել խաղաղ ցուցարարներին` նրանց անհնազանդության ակցիաներն իրականացնելիս։ Եթե ոստիկանությունը համարում է, որ տեղի է ունենում խախտում, ապա դրան պետք է միջամտի միայն ոստիկանությունը։ Որեւէ մեկ այլ անձ՝ կլինեն հեղինակություններ, առանց հեղինակության մարդիկ, անցորդներ, որեւէ մեկը ո՛չ որոշում կայացնելու իրավունք ունի, ո՛չ ինքնագործունեություն իրականացնելու։ Այսինքն՝ այստեղ հստակ եղել է ոստիկանության անգործություն, եւ դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնք պարտավորություն են ունեցել՝ պահպանել կարգն ու պաշտպանել խաղաղ ցուցարարներին։ 
Իսկ «Մարտական եղբայրության» անդամ Դավիթ Սանասարյանն իր ընկերներին կալանավորելու առիթով մեղադրանքներ է ներկայացնում նախկին իմքայլական թիմակիցներին. «Դուք ճամփա փակելով եկաք, հիմա փակողներին եք բռնում»։