Խարկովի մոտ թեժ մարտեր են․ ռուսները մեծ գրոհ են սկսել

Խարկովի մոտ թեժ մարտեր են․ ռուսները մեծ գրոհ են սկսել

Մայիսի 10-ի առավոտից Ուկրաինայի Խարկովի մարզի սահմանամերձ շրջանները գտնվում են ռուսական բանակի զանգվածային գնդակոծության տակ։ Կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, ասել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Զրահատեխնիկայի ուղեկցությամբ ներխուժելու այս փորձը, ըստ էության, նոր ճակատ է բացում պատերազմում, նշում է Reuters-ը։

Խարկովի մարզի սահմանամերձ շրջաններում մարտերը շարունակվում են, Կիևը լրացուցիչ ուժեր է ուղարկել բախումների թեժ գոտի, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Վերջին օրերին Վոլչանսկի ուղղությամբ ռուսները օդային հարվածներ են հասցրել՝ օգտագործելով կառավարվող ռումբեր։ Գիշերը ռուսները մեծացրել են հրետանային կրակի ճնշումը պաշտպանության առաջնագծում։

«Մոտավորապես ժամը 5-ին հակառակորդի կողմից զրահատեխնիկայի քողի տակ փորձ է արվել ճեղքել մեր պաշտպանական գիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նշում է, որ ռուսական հարձակումը հետ է մղվել, և տարբեր ինտենսիվության մարտերը շարունակվում են։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ռուսական հարձակման նոր ալիք է սկսել, իսկ այդ ուղղությամբ կատաղի մարտեր են ընթանում. «Մեր զինվորականները, մեր հրամանատարությունը գիտեին այս մասին և հաշվարկել էին իրենց ուժերը, որպեսզի հակառակորդին դիմավորեն կրակով»։