«Կամ-կամ»-ի օրենքը 

«Կամ-կամ»-ի օրենքը 

Կարծում եմ, որ Փաշինյան Նիկոլն աստիճանաբար գալիս է այն գիտակցության, որ իր խմբակը 2018 թվականի մայիսի 8-ին բռնազավթել է ՀՀ իշխանությունը: Որը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից ժամանակավորապես, ինչպես ինքն է սիրում արտահայտվել, հատկացվել էր Հանրապետական կուսակցությանը: Այն ժողովրդի, որին սիրում եւ որի առաջ խոնարհվում էր մի ժամանակ ինքը, եւ որն այդ իշխանության իրավական կրողն է: Եվ այդ ընտրությունների արդյունքներն էլ իր կողմից չէին բողոքարկվել, քանի որ ինքը եւս ընդդիմադիր երկու կուսակցությունների հետ դաշինքի կազմում տեղ էր զբաղեցրել 6-րդ գումարման Ազգային ժողովում:

Այս եզրակացությանը կարելի է գալ՝ դիտարկելով վերջինիս խոսքերն առ այն, որ ինքը նույն այդ ժողովրդից լեգիտիմ տարբերակով ստացել է իշխանությունը 2021-ի հունիսի 20-ին: Ինքը, չգիտես ինչու, մոռանում է, որ նույն ձեւով ստացել էր իշխանությունը նաեւ ավելի վաղ՝ 2018-ի դեկտեմբերի 9-ին: Բայց դա իրականում ոչ թե մոռանում է, այլ չի հիշատակում, քանի որ 2018 թվականի իր կուսակցության նախընտրական ծրագրում առկա չի եղել պատերազմի միջոցով Արցախը հանձնելու դրույթը: Եվ փորձում է մոռացության մատնել այդ հանգամանքը: Քանի որ այն իր մոտ անընդհատ կոգնիտիվ դիսոնանս կամ առնվազն հոգեբանական անհանգստություն է առաջացնում:

Ինչեւէ, եթե նույնիսկ առաջնորդվենք նիկոլական մտածողությամբ, ապա բաց է մնում 2018-ի մայիսի 8-ից մինչեւ դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածը: Որովհետեւ այդ ընթացքում վարչապետ հանդիսանալով՝ ինքը լեգիտիմ մանդատ չէր ստացել ժողովրդի կողմից: Ինչն իր հերթին նշանակում է, որ 6 տարի առաջ տեղի է ունեցել փողոցի բռնի ուժով իշխանության զավթում: Եվ ոչ թե ժողովրդավարական մեխանիզմի՝ ընտրությունների միջոցով իշխանության օրինական, խաղաղ եւ անցնցում փոխանցում: Այն, ինչի մասին իր խմբակի անդամներն անընդհատ խոսում են, երբ վտանգ են զգում նույն ժողովրդի կողմից: Երբ տեսնում են, որ նույն տարբերակով՝ փողոցի ուժով, իրենք կարող են զրկվել իշխանությունից:

Ասվածը նշանակում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եւ դրա ղեկավար Բագրատ սրբազանի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերող ՔՊԿ-ականները Նիկոլի առաջնորդությամբ պետք է կողմնորոշվեն: Եվ պետք է գիտակցեն՝ իրենք լեգիտի՞մ են եղել, թե՞ ոչ 2018-ի մայիսի 8-ից մինչեւ դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակաշրջանում: Եթե ընդունում են, որ եղել են լեգիտիմ, ապա նույն իրավունքով է օժտված նաեւ այս շարժումը: Եվ ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց՝ հարգելով իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը, ապա նույնը պետք է անի Փաշինյան Նիկոլը: Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ՔՊ խմբակցությունը պետք է ՀՀ վարչապետ ընտրի շարժման ղեկավարին:

Իսկ եթե վարչապետի աթոռից կառչած անձը, այնուամենայնիվ, բիրտ ուժ կիրառի շարժման դեմ, ապա ինքը դրանով անուղղակիորեն խոստովանում է, որ իր առաջնորդած շարժման նկատմամբ եւս պետք է նման վերաբերմունք ցուցաբերվեր 2018 թվականի գարնանային իրադարձությունների ընթացքում: Այսինքն՝ այդ գործընթացը պետական հեղաշրջում էր: Եվ որպես այդ հեղաշրջումը գեներացնող անձ՝ ինքը պետք է պատասխանատվություն կրի օրենքի ողջ խստությամբ: Ինչո՞ւ եմ դա ասում: Որովհետեւ ինքն անընդհատ ասում է, որ, օրինակ, դուռ ջարդելով Ռադիոտուն ներխուժելուն իրավական գնահատական չի տրվել, քանի որ, ենթադրաբար, այն հանցակազմ չի պարունակել: Բայց քանի որ նախաքննությունն իրականացվել է իր վարչապետության օրոք, դա ենթադրել է տալիս, որ ինքն ազդեցություն է գործել իրավապահների գործողությունների վրա: Որքան էլ ինքը փորձի հերքել այդ ազդեցության հանգամանքը:
Ի վերջո, սա այն դեպքն է, որտեղ գործում է «կամ-կամ»-ի օրենքը: Կա՛մ 2018 թվականի գարնանային իրադարձությունները պետական հեղաշրջում էին, եւ ինքը պետք է ձերբակալվի ու դատվի, կա՛մ էլ դա հեղափոխություն էր, որի դեպքում գործում է հեղափոխության իրավունքը, եւ այդ դեպքում նույն վերաբերմունքը պետք է ցուցաբերվի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ:

 

Հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից, կարող եք կարդալ այս հղումով՝ https://hraparak.am/