«Ողջ աշխարհի համար օրինակ ծառայող» երկրի իրական պատկերը  

«Ողջ աշխարհի համար օրինակ ծառայող» երկրի իրական պատկերը  

Հուլիսի 1-ին հայաստանյան ժողովրդավարության «ջատագովները» մասնակցում էին Ժողովրդավարության հայկական հերթական ֆորումին: Դրանք այն անձինք էին, որոնց կարծիքով նախկինների ավտորիտար ռեժիմին վերջ էր տրվել 2018-ի «թավշյա հեղափոխության» շնորհիվ: Եվ հիմնական հարցի լուծումից հետո մնացել են ինչ-ինչ խնդիրներ, որ լուծվում են հընթացս: Հենց դա էր նշանակում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի այն խոսքը, թե բարեփոխումներն անընդհատ տեղի ունեցող գործընթաց են: Իսկ դրանց կանգառի դեպքում տեղի կունենա հետընթաց: Ասվածից կարելի էր եզրակացնել, որ այն, ինչ կատարվում է այսօր մեր երկրում, նպատակամղված է ժողովրդավարության կատարելագործմանը:

Եվ որպեսզի հաստատի իր ասածը՝ կատարում է վերին աստիճանի կասկածելի պնդում: Այն է՝ եթե իր իշխանությունը չլիներ ժողովրդավարական, այսօր գոյություն չէր ունենա մեր անկախ պետականությունը: Այս երևույթը, երբ մի պնդումը փորձում է հաստատել մեկ այլ պնդման միջոցով, կարելի է համարել նիկոլական պոպուլիզմի գագաթնակետը: Որքան ինձ հայտնի է՝ որևէ պնդման ճշմարտացիության ստուգումը կատարվում է փորձնական եղանակով այն ապացուցելով: Իսկ եթե փորձը, որպես այդպիսին, անհնար է տվյալ պնդման առումով, ապա դրա համար օգտագործվում է հիմնավորումների կամ փաստարկումների շղթան: Այն, ինչ սովորաբար բացակայում է Նիկոլի դեպքում: Դրա տիպիկ օրինակը «Սրբազան շարժման» իբրև թե մարելու մասին վերջինիս մեկնաբանությունն էր. «այն մարել է, քանի որ ժողովուրդն ընդունել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը»:     

Անցնենք ժողովրդավարության ֆորումում այդ երևույթի վերաբերյալ ասվածը հերքելու հիմնավորումներին: Որպես առաջին հակափաստարկ զուգահեռ անցկացնենք մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև: Երկու դեպքում էլ ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ բողոքելով իշխանության դեմ: Երկու դեպքում էլ ժողովրդի դեմ կիրառվեց բռնի ուժ, ինչը բազմաթիվ մարդկանց հիվանդանոց ընկնելու պատճառ հանդիսացավ: Միակ տարբերությունն այն է, որ հունիսին 12-ին ՀՀ քաղաքացիներ չսպանվեցին: Բայց դա տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ գործող իշխանությունը ժողովրդավարական է, այլ Բագրատ սրբազանի շնորհիվ: Վերջինս, ի տարբերություն Նիկոլի, նախ փախուստի չդիմեց և մնալով իրադարձությունների կենտրոնում՝ մարդկանց հորդորում էր չտրվել սադրանքների: Իսկ մարտի 1-ին Նիկոլը հրահրում էր մարդկանց, որպեսզի նրանք բախվեին ոստիկանության հետ: Հիշենք, օրինակ, «հոգին փառավորվելու» վերաբերյալ նրա խոսքը: Իսկ հետո էլ փախուստի դիմեց իրադարձությունների վայրից: Հիմա հարցը՝ ոստիկանության նույնպիսի վերաբերմունքը չի՞ խոսում, արդյոք, իշխանության նույնանման բնույթի մասին: Պատասխանեմ՝ այն էլ ինչպես: Կարող ենք նաև երկրորդ եզրակացությունը կատարել. Սրբազանի վարքագիծը շատ ավելի էր համապատասխանում ժողովրդավարական գործչի ոգուն, քան Նիկոլինը մարտի 1-ին: 

Մեկ այլ հիմնավորում, բայց լրիվ տարբեր ոլորտից. նախկինների օրոք եթե քիչ թե շատ աչքի ընկնող որևէ գործարար հարում էր ընդդիմությնը, ապա խնդիրներ էր ունենում իրավապահների հետ: Ու այդ պատճառով էլ, նախ, գործարարները փորձում էին չխառնվել քաղաքականությանը: Իսկ ընտրությունների ժամանակ էլ խուսափում էին գումար հատկացնել ընդդիմադիր քաղաքական ուժերին: Բայց դա չէր խանգարում, որպեսզի լիարժեք ֆինանսավորվեր իշխող քաղաքական ուժը: Նույնը տեղի է ունենում այսօր, ինչը հասել է այն մակարդակի, որ գործարարներից ստացված գումարները սեփական կուսակցականների անուններով մուտքագրելով՝ չեն ստուգում նույնիսկ նրանց եկամուտների ծավալը: Ու ստացվում է, որ մարդը, ենթադրենք, տարեկան 1-2 միլիոն դրամ եկամուտ ունի ու այդքանն էլ նվիրաբերում է կուսակցությանը: Իսկ զավեշտի գագաթնակետն այն է, որ նույնչափ գումար են հատկացնում գործազուրկ և եկամուտներ չունեցող անձինք: 

Գործարների մասին նշելուց անցում կատարեմ գործարարության ազատության խնդրին: Վերցնենք մեր մամուլի կողմից անդրադարձ կատարված՝ «gg» տաքսի ծառայության ղեկավար Խաչատուր Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Պարզվում է, որ հարկային ինչ-ինչ խնդիրների պատճառով իրավապահները նյութեր են նախապատրաստել դեռևս անցյալ տարի: Սակայն քանի որ վերջինս իրեն «խելոք էր պահում»՝ դրան չէին անդրադառնում: Հենց որ հիշյալ գործարարը ՖԲ–ում գրեց, որ «եթե հայ ես, քո տեղը Բաղրամյանի վրա է», դարձավ ուշադրության օբյեկտ: Սկզբում վարչապետի աշխատակազմի ղեկավարի թիրախը, հետո էլ իրավապահներինը: Ու իրենց գզրոցներից հանեցին նախորդ տարի բացված ու քնեցված նյութերը: Իսկ այն գործարարները, ովքեր պարտաճանաչորեն տարին մեկ մուծվում են Նիկոլի կնոջ կողմից ղեկավարվող կուսակցական հիմնադրամին, ենթադրում եմ, որ երբեք խնդիրներ չեն ունենում իրավապահների հետ: Դա էլ է ժառանգության կարգով նախկիններից անցել գործող իշխանությանը: 

Փաստորեն, «ողջ աշխարհի համար օրինակ ծառայող» (ըստ դեսպանի) երկրում ճիշտ այնպիսի բարքեր են, ինչպիսին առկա էին այն ժամանակ, երբ այդ երկիրը դեռևս նման «կարգավիճակ» չուներ: Ինչը նշանակում է, որ հանուն գործարարության օգուտի գործարարն իրավունք չունի ունենալ սեփական կարծիք հանրային այս կամ այն երևույթի մասին: Ի դեպ, միջազգային հեղինակավոր «Հերիթեյջ» հիմնադրամի (The Heritage Foundation) «Տնտեսական ազատության ինդեքս» 2023 թվականի զեկույցում 176 հաշվարկված երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը՝ գտնվելով տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում: Իսկ 2020-2021 թթ.-ին մեր երկրի տնտեսությունն, ըստ նույն ինդեքսի, «հիմնականում ազատ» էր: Բայց եթե հաշվի ենք առնում «gg» տաքսի ծառայության ղեկավարի նկատմամբ նախաձեռնված քրեաքաղաքական (հենց քրեաքաղաքական և ոչ թե քրեաիրավական) հետապնդումը, ապա մեկ դեպքը պետք է բավարար լինի, որպեսզի 2024 թվականի ՏԱԻ զեկույցում ՀՀ-ն գլորվի ավելի ներքև՝ տեղ զբաղեցնելով վերջին՝ տնտեսապես «ճնշված» երկրների խմբում: