Հայտնի են պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը

Հայտնի են պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական եւ 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը:

Ըստ այդմ, հուլիսի 3-ին դիմորդները կարող են վերաքննություն հանձնել․ 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» եւ 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկաներից։ Հուլիսի 4-ին՝ 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու», 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» առարկաներից։ Հուլիսի 8-ին՝ 9-րդ դասարան՝ «Բնագիտություն», 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն» առարկաներից։

Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ժամը 10։00-ին www.atc.am կայքէջում կտեղադրի քննական թեստը։ Դպրոցը պետք է կայքէջից տպագրի թեստը եւ տրամադրի վերաքննություն հանձնողին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։

Նշենք, որ այս փուլում կարող են վերաքննություն հանձնել 9-րդ դասարանում՝ ավարտական, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններում դրական շեմը չհաղթահարած սովորողները: