Նման է, բայց նույնը չէ

Նման է, բայց նույնը չէ

Ինչպե՞ս անել, որ մարդիկ խորամանկությունը խելքի հետ չշփոթեն, ճարպկությունը` ճկունության եւ հնարամտության, սեփական սխալներից կառչելը եւ դրանք համառորեն կրկնելը` հետեւողականության, լկտիությունը` համարձակության եւ ազատամտության: Ինչպե՞ս բացատրել հայ պատգամավորին, որ խաղաղության, հանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի մասին անընդհատ խոսելը դեռ եվրոպական արժեքներ կրել չի նշանակում: Իսկ ԼԳԲՏ-ի բացահայտ քարոզչության դեմ ընդվզելն էլ հետադիմության նշան չէ: Ո՞վ կարող է հասցնել որոշ սահմանափակ ուղեղներին, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ խզելու մեջ վտանգներ տեսնող բոլոր մարդիկ չէ, որ դեմ են Եվրոպա գնալուն: Եվ Եվրոպա գնալն էլ միայն վիզա ու գրանտ ստանալ չի նշանակում: Իսկ «ռսի սապոգը լիզելու» ու ամերիկացու դրոշը համբուրելու մեջ մեծ տարբերություն, ըստ էության, չկա:

Կարեւոր չէ, թե քո ազգային ինքնասիրությունը որ երկիրն է ոտնահարում, եւ ով է քեզ իր վասալը համարում: Եվ երբ քո իշխանությունը մի օր Եվրոպա է շտապում` ռուս սահմանապահներին հանելով «Զվարթնոցից», իսկ մյուս օրն ասում է. ես չգիտեմ` արդյո՞ք Եվրոպայում մեզ սպասում են, դա բոլորովին էլ կոմպլեմենտար եւ հավասարակշռված քաղաքականություն վարել չի նշանակում: Դա նշանակում է, որ երկիրը կառավարողները խնդիր ունեն կողմնորոշվելու, աշխարհաքաղաքական իրողություններից գլուխ հանելու հարցերում եւ ունակ չեն Հայաստան կոչվող նավը տարբեր փոթորիկներից զերծ պահել: Նրանք, երբ ծովը խաղաղ է, նավահանգստում են կանգնեցնում նավը, իսկ երբ փոթորիկը սկսվում է, բաց ծով են հանում: Իսկ ղեկի մոտ ոչ թե հմուտ նավապետ է կանգնած, այլ՝ առաջին անգամ նավ բարձրացած նավաստի, որը ոգեւորվել է ծովի տեսքից, նավի մեծությունից, նավի վրա գտնվող ուղեւորների քանակից: