Որ քաղաքական ուժերն ինչպես են մասնակցում Սրբազան շարժմանը

Որ քաղաքական ուժերն ինչպես են մասնակցում Սրբազան շարժմանը

Կիրանցից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կարողացավ հայաստանյան քաղաքական-հասարակական դաշտում երկու կարեւոր արդյունք արձանագրել. նախ կարողացավ համախմբել, նույն «սեղանի շուրջ» նստեցնել քաղաքական դաշտում խիստ տարաձայնություններ ունեցող քաղաքական ուժերին: Երկրորդ կարեւոր արդյունքն այն է, որ սրբազանը կարողացավ հիասթափության եւ հուսահատության ճիրաններից հանել  հասարակության զգալի հատվածին: Նա արդեն իսկ իրականացրեց արժեքների հեղափոխություն` փոշիացնելով Փաշինյանի ու ՔՊ-ի ապազգային, պարտվողական, հակաքրիստոնեական եւ այլ անընդունելի արժեքները: Սրբազանի շուրջը համախմբվեցին անհատներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, որոնք ո՛չ «նախկին» են, ո՛չ ներկա: Համախմբվեցին արտաքին տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող ուժեր:

ՀՅԴ-ն` շարժման լոկոմոտիվ

Ակնհայտ է, որ սրբազան շարժման կարեւոր քաղաքական ուժը ՀՅԴ-ն է: Ոմանք շարժման ետեւում տեսնում են Ռոբերտ Քոչարյանին՝ հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն եւ երկրորդ նախագահը գրեթե միշտ եղել են քաղաքական նույն հարթակում: Սակայն ՀՅԴ-ի ակտիվությունը կապել Քոչարյանի գործոնի հետ՝ տեղին չէ. ՀՅԴ-ն, որպես կուսակցություն եւ քաղաքական ուժ, եղել է մինչեւ Ռոբերտ Քոչարյանի ծնվելը եւ, հավանաբար, դեռ երկար կշարունակի լինել, անգամ երբ քաղաքական դաշտից եւ առհասարակ հեռացած կլինեն Քոչարյանը, Փաշինյանը եւ շատերը: ՀՅԴ-ականներն են իրենց ակտիվության պատճառով ենթարկվում ծեծի, կտտանքների, իրավական հետապնդումների: Շարժման վրա ՀՅԴ-ի ազդեցությունը շատերին է մտահոգում՝ որ դաշնակցականները կարող են «նախանձել», թե իրենց մոտ չստացվեց Փաշինյանին հեռացնելը, թող ուրիշի մոտ էլ չստացվի, ուստի կարող են սրբազանին ոչ ճիշտ խորհուրդներ տալ: Բայց այս հարցում կարելի է հանգիստ լինել, քանի որ Բագրատ սրբազանը լսում է շատերին, սակայն որոշումներն ինքն է կայացնում: 

ԱԺԲ-ն դուրս եկավ իր քաղաքական «մենաստանից» 

Սրբազան շարժմանն ակտիվորեն մասնակցում է նաեւ Ազգային ժողովրդավարական բեւեռը, որը վերջին տարիներին միշտ ակտիվ է եղել, սակայն երբեք չի միացել այլ ուժերի կազմակերպած շարժումներին, գործել է իր խաղի կանոններով: Անգամ հաճախ տպավորություն էր, թե այս ուժն իր քաղաքական ակցիաները կանխամտածված կազմակերպում է այն օրերին եւ այն տեղերում, որոնք զուգադիպում են մյուս շարժումների հետ, եւ տպավորություն էր, թե նպատակ կա՝ մյուս շարժումները մասնատելու, վնասելու: Սակայն սրբազան շարժմանն ԱԺԲ-ն աննախադեպ ակտիվություն ցուցաբերեց, ԱԺԲ-ականներին, Ժիրայր Սեֆիլյանին կարելի է տեսնել բոլոր ակցիաների կիզակետում: Սեֆիլյանն անգամ Սյունիք էր մեկնել: ԱԺԲ-ի ներկայությունը մի զրպարտություն էլ հերքեց, որ Բագրատ սրբազանին կառավարում են Կրեմլից: Հակառուսական տրամադրություն ունեցողները հանգստացան այս առումով: Իսկ ռուսական կողմնորոշում ունեցողները մտահոգվեցին, թե սրբազան շարժումը կարող է խոչընդոտել մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վերականգնմանը: 

ՀՀԿ-ն անհավես է դարձել...

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ միանում են շարժմանը, ամեն ինչով աջակցում են: ՀՀԿ-աններից շատերին կարելի է տեսնել սրբազան շարժմանը մասնակցելիս: Փաստ է, որ շատ ՀՀԿ-ականներ իսկապես դեմ են Նիկոլ Փաշինյանին, պատրաստ են նրան իշխանությունից հեռացնելու համար պայքարի բոլոր դժվարություններով անցնել: Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի՝ անազատության մեջ մնալը դրա վկայությունն է: Շատերի համար սա ոչ միայն անձնական վրեժ է`  իշխանությունից 2018-ին զրկվելու համար, այլեւ հայրենիքի գլխին Փաշինյանի բերած աղետների համար պատասխանատվության ազնիվ պահանջ, հայրենիքը շարունակական ողբերգություններից փրկելու անկեղծ մղում: Սակայն գլոբալ առումով ՀՀԿ-ն, ի դեմս Սերժ Սարգսյանի, այդքան էլ եռանդուն չէ կպած Փաշինյանին հեռացնելու գործին: Որքան էլ կուսակցությունն այսօր չունի իշխանություն եւ հասարակության վստահությունը, սակայն ունի ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ, շատ գործարարների վրա ազդեցություն, որոնք կարող են սրբազան շարժման ակցիաները դարձնել ավելի մարդաշատ: Այս՝ անհավես լինելու պատճառը գուցե այն է, որ Սերժ Սարգսյանը սրբազանին խոստացել է, որ իրենք իշխանության չեն գալու: Իսկ քանի որ իշխանության ակնկալիք չկա, սրանից ավելի պայքարելու սիրտ ու հավես էլ չկա: 

ԲՀԿ-ն սպասողական վիճակում է

Քաղաքական դաշտում 2021-ի ընտրություններից հետո պասիվացած Գագիկ Ծառուկյանն այլեւս իր բիզնես շահերով է առաջնորդվում, չի ուզում իր կապիտալը վտանգի տակ դնել: Բագրատ սրբազանը, ճիշտ է` հանդիպեց նրա հետ եւ կցկտուր տեղեկություն տվեց, թե խոսել են ջրհեղեղի աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցի շուրջ: Իհարկե, քչերը հավատացին, որ սրբազանն ու Ծառուկյանը չեն զրուցել երկրի գլխին եկած մյուս կարեւոր աղետի` Փաշինյանի ու նրա հեռացման մասին: Բայց կուլիսներում խոսում են այն մասին, որ սրբազանը վստահ է` «Ծառուկյանն իրենց հետ է», ուղղակի նա կորցնելու շատ բան ունի, իսկ Փաշինյանը չի ներում իր դեմ դուրս եկած գործարարներին եւ անմիջապես ուժայիններին գործուղում է նրանց մոտ, ինչպես եղավ «Ջիջիի» հետ։ Ուստի շատերը խուսափում են բացահայտ աջակցել սրբազանին եւ նրան կմիանան վերջին պահին, երբ այլեւս ակնհայտ լինի, որ Փաշինյանը «գնացող» է, եւ նրա հրաժարականը մոտ է: Իսկ հայտնի ԲՀԿ-ականները մասնակցում են ակցիաներին, խոսում են, քննադատում:

«Աբիժնիկությունը»՝ «քաղաքական» կատեգորիա

 Այս ընթացքում եղան մարդիկ, քաղաքական ուժեր` մարդ-կուսակցություններ, որոնք ցանկացան սրբազան շարժումը «սեփականաշնորհել», դառնալ թելադրող, «փայատեր»: Նրանք հույս ունեին, որ Բագրատ սրբազանի հետ պայմանավորվածություն ձեռք կբերեն` Փաշինյանին հեռացնելու դեպքում լավ պորտֆել ստանալու եւ իշխանական սեղանի շուրջ նստելու հարցում: Սակայն նման պայմանավորվածություններին, պահանջներին ու նախապայմաններին Բագրատ սրբազանը տեղիք չի տալիս: Այնպես, ինչպես եղավ Էդմոն Մարուքյանի պարագայում: Սպասված խոստումն ու պայմանավորվածությունը չստանալուց հետո նման ակնկալիքներով մարդիկ դառնում են սրբազան շարժման ու Բագրատ սրբազանի ամենաուժեղ քննադատն ու հակառակորդը: Հենց նրանց է ուղղված Բագրատ սրբազանի խոսքը` «սա չակնկալիքների շարժում է», այսինքն` պաշտոնների եւ իշխանության կռիվ մի արեք: