Եվրաբացիլների կյանքից
Բագրատ սրբազանը չի թողնում, որ Նիկոլ Փաշինյանը հանգիստ խղճով սահմանազատում եւ սահմանագծում իրականացնի: Ավելին, Բագրատ սրբազանն ընդհանրապես դադարեցնել է տվել այդ կարեւոր գործերը, որ մենք չկարողանանք վերադարձնել ՀՀ այն սուվերեն տարածքները, որտեղ այժմ ադրբեջանական զինված խմբավորումներն են վխտում: Իսկ եթե, Աստված մի արասցե, Նիկոլ Փաշինյանը չկարողանա սահմանազատումն ու սահմանագծումը գլուխ բերել եւ խաղաղության պայմանագիր ստորագրել, ապա պատերազմ կսկսվի: Հետեւաբար, Բագրատ սրբազանը պատերազմ է ուզում: Եթե չեք կարդացել Ստյոպիկ Սաֆարյանի ֆեյսբուքյան երկարաշունչ հոդվածը, որ «լույս տեսավ» սրբազանի՝ Սյունիք կատարած այցի օրերին, ապա ասեմ, որ այն Սյունիքում տեղի ունեցած հանդիպումներում հնչած հայտարարությունների մասին է: Ստյոպիկն ահազանգել էր՝ Բագրատ սրբազանը, փաստորեն, կոչ է անում դադարեցնել սահմանազատում-սահմանագծումը, ինչը հղի է մեզ համար տխուր հետեւանքներով: Դրանից հետո մենք ինչպե՞ս պետք է հետ բերենք մեր սուվերեն տարածքները՝ ողբում է երբեմնի վերլուծաբանը:
Նա, իհարկե, սխալվում է: Ամենամեծ ցանկության դեպքում էլ սրբազանը չի կարող Փաշինյանին հետ կանչել Ադրբեջանի հետ բանակցություններից եւ արգելել նրան զբաղվել Հայաստանի ոչնչացմամբ: Փաշինյանն այլեւս անցել է բոլոր կարմիր գծերն ու անգամ վերադարձի ճակատագրական կետը: Դրանից հետո արգելակումը Փաշինյանի համար հղի է ամենատխուր հետեւանքներով: Եվ ես չեմ կարծում, որ Բագրատ սրբազանն այնքան անխիղճ է, որ Փաշինյանի առջեւ հետդարձի պահանջ դնի: Այլ հարց, որ Փաշինյանից այսօր պահանջվում է հեռանալ, գոլորշիանալ, ցնդել օդում եւ կամ հանձնվել ՀՀ անվտանգության մարմիններին, եթե չի ցանկանում իր մահկանացուն կնքել ոչ այնքան ստերիլ պայմաններում: Սադամը եւ Քադաֆին՝ ձեզ օրինակ:
Սրբազանի կոչին հնազանդվելը Փաշինյանի համար մի ուրիշ անհարմարություն էլ ունի: Հնազանդվել՝ նշանակում է իր պաշտոնը, թեկուզ ժամանակավորապես, զիջել հրապարակում վարչապետ «ձեռնադրված» սրբազանին: Մեզ՝ կողքից դիտողներիս կարծիքով, դա այնքան էլ վատ տարբերակ չէ մեկի համար, որ ուզածդ իրավական երկրում կդատապարտվեր գնդակահարության: Արցախի կորուստ, կապիտուլյացիա, առանց որեւէ կրակոցի եւ դիմադրության Հայաստանի սուվերեն տարածքների նվիրաբերում թշնամուն, տասնյակ հազարավոր զոհեր, հաշմանդամներ, փախստականներ, անկառավարելի արտագաղթ… Այս բոլորը գնդակահարության արժանի արարքներ են, մինչդեռ սրբազանն ընդամենը պահանջում է հրաժարվել, պոկվել էդ անտեր աթոռից, որ կանգնեցվի հետագա զուլումը: Այստեղ արդեն, պիտի ասել, որ նաեւ սրբազանն է սխալվում: Նա դեռ Նիկոլի մասին շատ գրքեր պետք է կարդա, որ հասկանա, թե Նիկոլն ինչքան է սիրում իր պաշտոնն ու ինչերի է ընդունակ այն մեկ օր ավելի պահելու համար: Եվ, ուրեմն, Ստյոպիկ Սաֆարյանը կարող է չանհանգստանալ, որ Նիկոլը հանկարծ կարող է անսալ սրբազանի կոչերին ու հայտարարություններին եւ «պաշտոնազրկվել»:
Եթե չեմ սխալվում, Ստյոպիկ Սաֆարյանը եւ իր նմանները նաեւ կողմ են, որ Հայաստանը, ենթադրում եմ՝ Նիկոլի հետ միասին, գնա Եվրամիություն: Չեմ հիշում, նա կոնկրետ մասնակցո՞ւմ էր ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելուն նվիրված խորհրդարանական լսումներին, թե՞ ոչ: Աչքովս չի ընկել, ինչ-որ: Բայց դա էական չէ: Խնդիրն այն է, որ ԵՄ գնալը Հայաստանի համար նոր ու ավելի տխուր հետեւանքներով է հղի, քան սրբազանի մարզային այցելությունները, որոնց ժամանակ նա ժողովրդին հստակ ասում է, որ Նիկոլը ստախոս է եւ Հայաստանին ոչ մի տեղ էլ չի տանում: Նիկոլն ընդամենը կործանում է Հայաստանը, եւ միայն այդքանը: Ուստի, այս վայ-եվրոպամետները լավ կանեին՝ հընթացս մտահոգվեին ոչ թե սրբազանի ասած ճշմարտություններով, այլ Նիկոլի վարած պրոբլեմատիկ քաղաքականությամբ, որը ոչ մի օգուտ չի կարող տալ Հայաստանին ու հայ ժողովրդին:
Կուզենայի հասկանալ նաեւ, թե ինչու է Ստյոպիկ Սաֆարյանն այսպես ճղում իրեն Նիկոլի համար: Ո՛չ կարգին պաշտոն ունի, ո՛չ ՔՊ-ական է, ո՛չ էլ օլիգարխ, որ ասեմ՝ կուտակած հարստությունն է փորձում փրկել: Սրբազան շարժումն ու սրբազանն ինչո՞ւ են Ստյոպիկին ու նրա նմաններին դրդում՝ փեշերը փռել Նիկոլի վրա: Ինչո՞ւ են իրենց գրելու, վերլուծելու որակները զոհաբերում Հայաստանի կործանման գործին, այսինքն՝ Նիկոլին: Էդմոն Մարուքյանը, օրինակ, խոստովանեց, որ նախկինների պատճառով չի միանում շարժմանը: Իսկ ի՞նչ պատճառ ունեն այս վերլուծաբանները՝ շարժմանը չմիանալու: Մարդ ես, ու Նիկոլը թռավ, ի՞նչ է լինելու Սաֆարյանի հետ, ինչպե՞ս է արդարանալու Փաշինյանի մոտ լաքեյ աշխատելու, երկրին այսքան վնաս տալու համար: Ի դեպ, գոնե գիտե՞ն, որ Փաշինյանն արդեն որոշել է ԵՄ չգնալ: Դուք արդեն խնդիր ունեք՝ որոշակի հետեւություններ անելու:
ՀԳ. Նիկոլ, Ոսկեվանն էլ հանձնիր, Սափարանց Ստյոպիկն ու նրա գործընկերները համաձայն են:
Կարծիքներ