Մեր ժողովուրդը մի ցավոտ մականուն է ձեռք բերել` ուտող-խմող

Մեր ժողովուրդը մի ցավոտ մականուն է ձեռք բերել` ուտող-խմող

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ վաստակավոր նկարիչ, Երեւանի նախկին գլխավոր նկարիչ Սամվել Սեւադան է:

- Երեւանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային վահանակները: Երեւանի քաղաքապետարանը կարծում է, թե դրանք են մայրաքաղաքը տգեղացնում: Աշխարհի առաջադեմ եվրոպական քաղաքները տարեցտարի ավելի են գեղեցկանում, իսկ Երեւանն օրեցօր այլանդակվում է տգեղ ու թամանյանական ճարտարապետության հետ կապ չունեցող շինություններով: Ով ինչ որտեղ ուզում` կառուցում է: Ձեր տպավորությամբ` ինչպիսի՞ն է այսօր Երեւանը, եւ վերադառնալով գովազդային վահանակներին` ի՞նչ ազդեցություն ունեն դրանք քաղաքի տեսքի վրա:

- Երեւան քաղաքի վիճակը լավ չէ: Երկար տարիներ երգում էին վարդագույն Երեւանի մասին: Շատ լավ կլիներ, որ մայրաքաղաքը սկզբունքորեն պահեր իր վարդագույն մականունը: Այդկերպ աշխարհի բոլոր քաղաքներից կտարբերվեր` վարդագույն տուֆով, որը հայկական քար է եւ այսօր նույնիսկ արտահանվում է արտերկիր: Լավ կլիներ, որ Երեւանը մնար այդպիսին, մնար վարդագույն, բայց…. ինչ վերաբերում է գովազդային վահանակներին, ապա պետք է ասեմ, որ դրանք կան աշխարհի բոլոր երկրներում, բոլոր քաղաքներում, մեզ մոտ ուղղակի այդ ամենը համակարգված չէ, քաղաքն իսկապես ծանրաբեռնված է ավելորդ գովազդային վահանակներով: Բացի դա, նույն այդ վահանակները շատ հաճախ խանգարում են երթեւեկությանը` իրենց ավելորդ լուսավորությամբ եւ այլն: Մյուս կողմից էլ` բոլոր քաղաքներում է այդ պատկերը: Նույնիսկ համեմատաբար փոքր քաղաքներում կա նման խնդիր: Օրինակ` Աբովյան քաղաքն այս առումով շատ ծանրաբեռնված է: Ամենուր` առանց թույլտվության շենքեր են կառուցվում, գովազդներ են փակցնում խանութների վրա՝ հաշվի չառնելով անցորդների անվտանգության հարցը: Եթե դրանք կոտրվեն ու ընկնեն անցորդների վրա, հետեւանքները կլինեն անդառնալի: Ժամանակին ես Լոս Անջելեսում ուսումնասիրել եմ այդ հարցերը` աշխատանքի բերումով: Այնտեղ հատուկ պրոցեսներ են տեղի ունենում, եւ մինչեւ համապատասխան ստուգում չանցնեն, չստանան թույլտվություն, չեն կարող դրանք փակցնել: Հայաստանում պատկերն այլ է, անգամ այս փոփոխություններից հետո: Երեւանն ավելորդ շատ են ծանրաբեռնել, այն ուղղակի չի շնչում այսօր: Աշխարհում կան մեծ քաղաքներ, որոնք տարբեր կերպ թեթեւացնում են քաղաքի ծանրաբեռնվածությունը, այս առումով մեզ մոտ ոչինչ չի արվում: Քաղաք մտնելը դարձել է հանցագործություն:

- Մայրաքաղաքում ամեն քայլափոխի կարելի է սրճարանների հանդիպել: Դրանց թիվը տարեցտարի ավելանում է: Որոշ սրճարաններ գրավել են մայթերի զգալի հատվածը: Սրանք ազդո՞ւմ են քաղաքի արտաքին տեսքի վրա:

- Քաղաքի տեսքը փչացնում են դրանք, էն էլ ոնց: Խանգարում են նաեւ, բայց մեր ժողովուրդը մի ցավոտ մականուն է ձեռք բերել, դարձել է ուտող-խմող: Այսքան ռեստորան, այսքան սրճարան, այսքան ժամանցի կետեր, զարմանալի բան է, մեր ժողովուրդը փոխվել է: ԽՍՀՄ տարիներին Երեւանում ընդամենը 10-12 սննդի կետ կար, նորմալ չափերի, ոչ շատ մեծ: Հիմա դրանց թիվն անցնում է հազարը: Ամենուր ռեստորաններ են, այն էլ` հսկայական, շատերն անգամ մեքենա կայանելու տեղ չունեն, բայց գործում են, ուտող-խմող ժողովուրդն օգտվում է դրանցից: Մի կողմից դա լավ է, մյուս կողմից` վատ:

- Մայրաքաղաքն ունի գլխավոր դիզայներ: Ո՞րն է նրա գործառույթը: Փաստացի, ով ինչ ուզում, անում է….

- Այն ժամանակ, երբ աշխատում էի որպես քաղաքի գլխավոր նկարիչ, դեռ նոր էր սկսվել գովազդային վահանակների պահանջարկը, ով որտեղ ուզում, կախում էր: Ինձ ոչ ոք հաշվի չէր առնում, բանը հասավ նրան, որ խնդրեցի քաղաքապետին, ով դիմեց ներքին գործերի նախարարություն, որպեսզի մեր բաժնին ոստիկաններ կցեն, որպեսզի այն, ինչ վատ էր, անճաշակ էր, կարողանայինք հեռացնել: 25 տարի է անցել այդ ժամանակներից, տեսնում ենք, որ ինչ ուզում, անում են, թե ինչով է զբաղված դիզայները, տեղյակ չեմ:

- Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջերս մի հայտարարություն էր արել: Նշել էր, որ հերիք է խաչքարեր տեղադրենք, մնում է ամեն մեկի ոտքից մի խաչքար կապենք եւ այլն: Համաձա՞յն եք այս պնդումների հետ:

- Դե, նայած թե ինչի մասին է խոսքը: Եթե միջնադարյան խաչքարերի մասին է խոսքը, որոնք դրված են Նորատուսում, կամ գերեզմանների խաչքարերը, դրանք ունեն այլ նշանակություն, բայց հիմա քաղաքներում, գյուղերում սարերի վրա խաչեր են շարում, ես դրանց կտրականապես դեմ եմ: Մետաղից, չգիտես ինչեր են սարքում, հիմա էլ մոդա է, վրան լույսեր են դնում, որ թշնամին լավ իմանա՝ որտեղ կան բնակավայրեր: Էլ չեմ խոսում ճաշակի մասին: Առանց չափուձեւի, առանց հասկանալու, թե թեւերի լայնությունն ինչքան պիտի լինի, լայնությունը՝ ինչքան, վերցնում, խաչ են սարքում: Ես դրանց դեմ շատ եմ պայքարել, անգամ մի քանի անգամ դիմել եմ համայնքապետարաններ, բայց ոչինչ չի փոխվել: Ինչ վերաբերում է խաչքարերին, ապա դրանք ունեն հստակ տեխնոլոգիա: Կան քանդակագործներ, որոնք զբաղվում են հենց խաչքարերով: Եթե լավ արված գործ է, ճաշակով է, ոչ մի բացասական բան չկա այդտեղ, մենք քրիստոնյա ազգ ենք: