Անլուրջ է պատասխանատու պաշտոն զբաղեցնող գործչի նման ձեւակերպումը

Անլուրջ է պատասխանատու պաշտոն զբաղեցնող գործչի նման ձեւակերպումը

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ Դավիթ 
Կարապետյանը
:

- Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության ֆորումի ժամանակ հայտարարել է, որ եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ապա հիմա Հայաստանի Հանրապետություն, որպես ինքնիշխան երկիր, գոյություն չէր ունենա: Ի՞նչ նկատի ունի նա:

- Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, իր ամպլուայի մեջ է: Նրան բնորոշ է նման աշխարհացունց, պաթետիկ ու էքստրավագանտ հայտարարություններ անելն ու երեւակայական, ուտոպիստական, ֆանտաստիկ, ֆետիշացված մտքեր արտահայտելը: Գաղտնիք չէ, որ նա իրեն «փրկիչ-հերոս-մեսիա» է կարգել ու որպես «ժողովրդավարական բաստիոնի» առաջնորդ՝ այդ պրիզմայով դիտարկել ու իրեն վերագրել ցանկացած բան, այդ թվում՝ երկրի ինքնիշխանության, պետության գոյության պահպանումն ու լինելը-չլինելը: Նման մտքեր մատուցելուց նա կատարսիս է ապրում: Բնականաբար, իրական ժողովրդավարությունն իր ուրույն տեղն ու դերն ունի պետության ու պետականության, պետական ինստիտուտների ու ողջ համակարգի կայացման եւ պահպանման գործում:

- Անդրադառնալով Եվրամիությանը միանալու համար առաջարկվող հանրաքվեին՝ Փաշինյանն ասել է, որ ԵՄ-ում այսօր ներքին գործընթացներ են գնում, ու այս պահին հստակ որեւէ բան ասել չի կարող: Արդյո՞ք նկատի ունի, որ ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում։

- Հանուն արդարության պետք է ասել, որ գոնե այս առումով վարչապետը հստակ դիրքորոշում է հայտնել՝ ասելով, որ նպատակահարմար չի գտնում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե անցկացնել, քանի որ չգիտի` արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է ընդունել Հայաստանին։ Եվ իրոք՝ հարցերի հարցը հենց դա է:

- Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն հանդիպելու է Արարատ Միրզոյանի հետ: Այս հանդիպման նպատակը ո՞րն է, եւ արդյոք արժե՞ տողատակ փնտրել:

- Այցի բուն նպատակն այն է, որ այսօրվանից Հայաստանը ստանձնելու է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018 թ. առաջին կեսին: Դա պաշտոնական արարողակարգ է, որը տեղի է ունենալու Երեւանում: Քննարկվելու են տարածաշրջանային, ինչպես նաեւ կազմակերպության անդամ երկրների միջեւ առեւտրաշրջանառությանը եւ կոմունիկացիաներին վերաբերող մի շարք հարցեր: Հնարավոր է ստորագրվեն հուշագրեր:

- Գանք ներքաղաքական հարցերին` ո՞ր փուլում է հիմա Բագրատ սրբազանի շարժումը: Մարզեր այցելություններն ի՞նչ հետագա զարգացումներ են հուշում։

- Բազմիցս արտահայտել եմ կարծիքս, որ շարժումը մարում է: Այն ինքնամսխվում է: Պատճառները եւս բազմիցս թվարկել եմ: Իհարկե, սրբազանը խոսում է երկարաժամկետ ծրագրերի մասին ու վստահություն է հայտնում դրական վերջնարդյունքով կուլմինացիայի մասով: Մարզերում նա ժողովրդի տրամադրություններն է «ստուգում», փորձում է հասանելի դարձնել իր պայքարի գաղափարախոսությունն ու նպատակները: Ընթացքը ցույց կտա, թե արդյոք նման այցելություններն ու հանդիպումները դրական ազդեցություն կունենա՞ն շարժման ընթացքի վրա: Փաստ է, որ այս պահին քաղաքական օրակարգ չի գեներացվում:

- ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օրեր առաջ հայտարարեց, որ «ՌԴ-ն է զավթել Արցախն ու հանձնել այն Ադրբեջանին»: Մարիա Զախարովան դա որակեց հոգեպես հիվանդ մարդու կամ ինչ-որ քարտուղարուհու խոսք։

- ԱԽ քարտուղարի այդ սենսացիոն հայտարարությունը բավականին ծանրակշիռ մեղադրական է, որի համար նա պետք է կարողանա փաստերով հանդես գալ: Այլապես անլուրջ է նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող բարձրաստիճան գործչի նման ձեւակերպումը: Իսկ հետեւանքները կրելու է հայ ժողովուրդը:

- Զախարովայի արձագանքում մի հետաքրքիր նյուանս կար՝ ուղղված հայ ժողովրդին, որ այս իշխանությունները նվաստացնում են հայ ժողովրդին: Դա կո՞չ էր, թե՞ քաղաքական ուժերին ուղղված ակնարկ։

- Ամեն անկյան տակ այն կարելի է դիտարկել: Այլ հարց է, թե որքան էլ որ սենսացիոն էր ԱԽ քարտուղարի հայտարարությունը, այդուհանդերձ, լավ կլիներ, որ Զախարովայի կողմից հնչեր կոնկրետ մեղադրականին վերաբերող պատասխան:

- Անդրադառնանք ԵՄ-ում փոփոխություններին՝ Ֆոն դեր Լայենը կմնա, իսկ ԵՄ խորհրդի ղեկավար է ընտրվել Հունգարիան՝ ԵՄ քաղաքականության գլխավոր քննադատը:

- Այո, տիկին Ֆոն դեր Լայենը կմնա, իսկ աջ ազգայնական եւ եվրոսկեպտիկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դարձավ ԵՄ խորհրդի ղեկավար: Քաղաքական գործիչ, ով իր անկաշկանդ խոսքով բազմիցս հրապարակայնորեն քննադատել է ԵՄ կառույցների աշխատանքը։ Նա պաշտոնին ընտրվելուց անմիջապես հետո հայտարարել է. գնում է Բրյուսել՝ «թափահարելու այնտեղի ուժային կառույցները»: Ըստ ընթացակարգի, մինչեւ տարեվերջ Հունգարիան՝ որպես ԵՄ խորհրդի ղեկավար, նախագահելու է նախարարական խորհուրդների նիստերը, կազմելու է դրանց օրակարգը եւ բանակցելու է Եվրախորհրդարանի հետ: Ի դեպ, ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահության ֆոնին խիստ հավանական է Վիկտոր Օրբանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հարաբերությունների սրացում: Ժամանակին նրանք սուր վիճաբանություն են ունեցել Բուդապեշտին ֆինանսական օգնության շուրջ: Այն ժամանակ ԵՄ-ն սառեցրել էր 30 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնությունը Հունգարիային: