Երբ 1985 թվականից Իջեւանում սկիզբ դրվեցին եւ հաջորդող մի քանի տարիներին անցկացվեցին քանդակի համամիութենական եւ միջազգային սիմպոզիումներ, երեւի կարծում էին, թե սա գավառական հայերին կփրկի վայրենացումից եւ կքաղաքակրթի: Այն ժամանակ Իջեւան էին ժամանում քանդակագործներ ԽՍՀՄ եւ եւրոպական երկրներից ու հենց այգում մեկուկես ամիս շարունակ ստեղծագործում էին, այն նվիրելով քաղաքին ու եկող սերունդներին: Այսօր եթե շրջես այգում, կտեսնես, որ քանդակները բոլորովին այլ տեսք են ստացել: Արի ու տես, որ դրանք մշակութային ջարդի համար հարեւան երկրներից բողոքող, բայց իրականում չքաղաքակրթված հասարակության համար չէին: Քսանհինգ տարի առաջ ստեղծած հրաշք ստեղծագործությունները օր օրի ոչնչանում են: Գրեթե բոլոր քանդակները վնասվել են իջեւանյան խուժանի ամենաթողության պատճառով: Իջեւանում "քանդակացավով" տառապողներից մեկն էլ Պատմաերկրաբանական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանն է: Նա մեզ պատմեց, որ տարիներ առաջ այդ այգու պահակն է եղել Գուրգեն Ղազումյանը` Դոդո մականունով համր մի ծերունի, որի օրոք այգին լավ էր պահպանվում: Մերձբալթյան երկրներից ժամանած մի քանդակագործ քանդակել էր Դոդոյի կիսանդրին: Թանանյանը պատմում է, որ օրերից մի օր Դոդոյին տեսնում են իր արձանը գրկած լուռ լացելիս: Պարզվել է, որ ծերունու կիսանդրին ինչ-որ մեկը վնասել էր: Դա առաջին ահազանգն էր: "Մի անգամ էլ Վրաստանից Հայաստան էին ժամանել այդ երկրի քանդակագործներից մեկի` "Երիտասարդ վրացին" քանդակի հեղինակի քույրն ու նրա ամուսինը,-պատմում է թանգարանի տնօրենը:-Նկատեցի, որ կինը լացում է: Երբ հարցրի, թե ինչն է պատճառը, ամուսինը պատասխանեց, որ Վրաստանում քանդակագործը միշտ հպարտացել է, ասելով, որ Իջեւանում գեղեցիկ աշխատանք է քանդակել, եւ քրոջը պատգամել է տեսնել, թե ինչպիսի ստեղծագործություն է: Եւ ահա վրացի կինը, ժամանելով Իջեւան, եղբոր արձանը գտել է գլուխը եւ ձախ ձեռքը պոկած վիճակում": "Յուրաքանչյուր արձան քարե տարեգրություն է, եւ, ցավոք, նման տարեգրությունը ոչնչանում է,-ասում է զրուցակիցս:-Այսպես միայն վայրենիները կանեին": "Երիտասարդ վրացու" բախտին շատ քանդակներ են արժանացել: "Մեղքերի թողություն" աշխատանքում Եւայի ձախ ձեռքը նույնպես վերջերս են պոկել: "Պատանի փարավոն" արձանի (հեղինակ` Սոլվեյգ Կարեն-Նոլուան) գլուխը նույնպես չկա, արձանն էլ շուռ տված-ընկած է զինկոմիսարիատի շրջակայքում: Ալեքսանդր Ապոլոնովի "Երեկո" քանդակում, որտեղ ի սկզբանե պատկերված են եղել մի տղամարդ եւ շնիկ, շնիկը հիմա չկա: Իսկ հունգարացի Յանոշ Կուբիշի "Անի" քանդակը երեք կտոր արված՝ Իջեւանի քաղաքապետարանի մոտ է ընկած: Յուրի Սամվելյանի հեղինակած "Մոմիկի" քիթն են ջարդել, իսկ մեզ անհայտ հեղինակի՝ "Շղթայված Պրոմեթեւսի" ճակատը: "Էնպիսի տեսք ուներ, որ մտածում էիր, թե էս կինը հիմա կշնչի",-Իջեւանի թիվ 2 ավագ դպրոցի հարեւանությամբ տեղադրված, Ջանջուղազյանի հեղինակած "Առատություն" քանդակի մասին ասում է Թանանյանը: Իսկ այդտեղ պատկերված խաղողի որթերով պարուրված կինը զրկվել է թե քթից, թե ձախ ձեռքի արմունկից: Ցոլակ Արմենյանի "Մեռնող ֆլորան" արձանը նույնպես վնասված է: Հազվագյուտ լավ պահպանվածներից է թանգարանի բակում դրված՝ Գետիկ Բաղդասարյանի "Ձոն աշխատանքին" քանդակը: Հայտնի արվեստագետների կողմից իջեւանցիներին ժառանգություն թողած աշխատանքների մի մասն էլ վնասվել է քաղաքական պայքարի արդյունքում: 2007թ. նոյեմբեր ամսվա մի գիշեր հանրությանն անհայտ անձինք վնասել էին մի քանի քանդակներ, մեկն էլ գլորելով տեղաշարժել եւ վայր գցել: Ենթադրեցին, որ զանցանք կատարողները Իջեւանի գործող քաղաքապետի հակառակորդները կլինեն, իբր որոշել են որեւէ վնաս հասցնել, չգիտես` քաղաքապետին, թե քաղաքին... Բայց այդ վարկածը մնաց որպես զուտ ենթադրություն, քանի որ քանդակները վնասելու գործով ոստիկանությունում այդպես էլ քրեական գործ չհարուցվեց: Չնայած Իջեւանի քաղաքապետարանից գրավոր դիմել են:
Մշակութային այդ հարուստ ժառանգությունը, որ Իջեւան քաղաքի ամենամեծ հպարտությունն է, երեւի պետք էր պահել թանգարանում, ոչ թե բացօթյա, այգում, մեծամասամբ մշակույթից գլուխ չհանող բնակչությանը հասանելի, որ ամեն վիժվածք ավերի այն: Տեսնես ինչ զգացողություն են ունենալու այն հայ արվեստագետները, որոնք կերտել են այս քանդակները, երբ իմանան, թե ինչ է կատարվել իրենց աշխատանքների հետ: Կամ այն օտարազգիները, որոնց թվացել է, թե իրենց "զավակները" հոգատար ձեռքերում են: Իսկ մեզ մնում է հայտարարել ի լուր Հայաստանի. եթե ուզում եք տեսնել Իջեւանի քանդակները, ուրեմն շտապեք՝ շուտով դրանք ընդհանրապես չեն լինի:
Կարծիքներ