ԱՄՆ-ն՝ «վատ ոստիկա՞ն»․ Գազան, Արցախն ու տավուշյան պայքարը

ԱՄՆ-ն՝ «վատ ոստիկա՞ն»․ Գազան, Արցախն ու տավուշյան պայքարը

Պաղեստինցիների պաշտպանության ու խաղաղության համար ոտքի է կանգնել ամերիկյան մի շարք առաջատար համալսարանների ուսանողությունը․ նրանք պահանջում են անհապաղ հրադադար հաստատել Գազայում եւ վերջ տալ այնտեղ բնակչության արյունահեղությանն ու հալածանքներին։

Երիտասարդները ժամանակավոր ճամբարներ են տեղակայել իրենց համալսարանների մերձակայքում, բախումներ են տեղի ունենում իրավապահների հետ, հարյուրավոր երիտասարդներ են ձերբակալվել։ Համալսարանների վարչակազմը հորդորում է դադարեցնել բողոքի ցույցերը եւ սպառնում ապամոնտաժել վրանային ճամբարները՝ զուգահեռաբար բանակցելով իրենց ուսանողների հետ։ Եվ այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ում, որն Իսրայելի երդվյալ դաշնակիցն է ու միջազգային ճնշումների պայմաններում Թել Ավիվի թերեւս միակ հուսալի գործընկերը։ 

Բայց․․․ Ամերիկան հայտնի է նաեւ որպես լավ բարեկամ-վատ ոստիկան զուգադերով, եւ բացառված չէ, որ այս ցույցերի միջոցով նպատակ ունի անուղղակի ճնշում գործադրել Իսրայելի վրա, չէ՞ որ աշխարհին ԱՄՆ-ն ներկայանում է որպես ազատության, ժողովրդավարության եւ մարդասիրության բաստիոն։ Ի դեպ, փորձագետների պնդմամբ, իրականում, Վաշինգտոն-Թել Ավիվ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն․ օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մարտիկների դեմ՝ Գազայում ենթադրաբար իրականացրած հանցագործությունների համար։

Երբ հետահայաց գնահատում ես, ցավալին այն է, որ ԱՄՆ-ում ահռելի սփյուռք ունեցող հայությունը ո՛չ Արցախի 9-ամսյա շրջափակման, ո՛չ դրան հաջորդած 2023 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի եւ Արցախի հայաթափման օրերին, ո՛չ էլ այսօր՝ Տավուշում կատարվող կորստաբեր գործընթացների ֆոնին, չկարողացավ նման ալիք գեներացնել ամերիկյան համալսարաններում, հասարակության մեջ, ու ա՛յն պարագայում, որ ԱՄՆ-ն մխրճվել է մեր տարածաշրջան ու մանավանդ՝ Հայաստան եւ բարեկամ-բարեկամ է խաղում ․․․ 

Արցախցիները, ինչպեսեւ պաղեստինցիները, մշտապես պայքարել են իրենց ինքնորոշման իրավունքի, ազատ ու խաղաղ գոյակցության համար։ Նրանց երկուսի ճակատագիրն իրապես շատ ընդհանրություններ ունի։ 2023 թ․ հոկտեմբերի 7-ից շարունակվող իսրայելա-պաղեստինյան պատերազմը լուսաբանելիս անհնար է չնկատել Գազայի եւ Արցախի նմանությունները․ շրջափակում, բռնի տեղահանում, արգելված՝ ֆոսֆորային զենքերի կիրառում, քաղաքացիական անձանց ու օբյեկտների թիրախավորում։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո անջատեց պաղեստինյան Գազայի հատվածի էլեկտրականության, ջրի եւ սննդամթերքի մատակարարումը։ Սա խստացրեց պաղեստինյան անկլավի բլոկադան, ինչը գործում էր վաղուց։

Իրավապաշտպաններն առայսօր ահազանգում են, որ Իսրայելի գործողությունները Գազայում կարող են հանգեցնել էթնիկ զտումների։ Մի բան, որ տեղի ունեցավ Արցախում՝ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո։ Գազայից պաղեստինցիներին, իսկ ավելի վաղ՝ Արցախից հայերին տեղահանելու գործողությունները դատապարտող հայտարարություններում որոշ վերլուծաբաններ նկատում են  երկակի ստանդարտներ։ Հաշված օրերի ընթացքում ԱՄՆ-ն իր նավատորմները բերեց Միջերկրական ծով՝ ի պաշտպանություն Իսրայելի, իսկ Հայաստանին ու Արցախին սատարել է ու սատարում է միայն հայտարարություններով։

Այսօր էլ, երբ սահմանազատման ու սահմանագծման պատրվակով օրվա իշխանությունները հլու-հնազանդ կատարում են Ադրբեջանի պահանջները, սահմանային սյուներ են տեղադրում Տավուշում, շուտով էլ, ըստ ամենայնի՝ Գեղարքունիքում՝ մեր հերոսների արյունագծած հողը ծվեն-ծվեն հանձնելով թշնամուն, երբ ոտքի է ելել ըմբոստ ու արդարամիտ տավուշցին, երբ Երեւանով ու ամբողջ հանրապետությունով մեկ բողոքի ակցիաներ են ընդդեմ ներքին ու արտաքին թշնամու, ԱՄՆ-ն ու Արեւմուտքը ոչ թե «մի անկյունում նստած՝ լուռ ծխում են», ոչ թե դատապարտում են հերթական ցեղասպան գործընթացը, այլ ողջունում են Երեւանի ու Բաքվի՝ սահմանազատման հարցով վերջին պայմանավորվածությունը։ Թե բա՝ խաղաղություն ու բարգավաճում է բերելու տարածաշրջանին։
Այստեղ են ասել՝ Աշխարհ, կանգնիր, իջնող կա․ Սիամանթոն ավելի պատկերավոր է ասել ու դիպուկ․ «Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քու ճակատիդ…»…