Գովք ստի ու կեղծիքի վրա հիմնված փիառին

Գովք ստի ու կեղծիքի վրա հիմնված փիառին

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը որոշել է, որ ինքն ընտրել ֆորպոստ լինելու կամ չլինելու բանաձևից դուրս գալու տարբերակը: Ինչը մեզ, որպես ծայրագավառի, պարտադրված էր կայսրության կողմից: Այդ բանաձևն ինքը, որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, փոխարինել է Հայաստանի ինքնիշխանությամբ: Ասված է հիանալի, որ հայը չի ցանկանա, որպեսզի իր երկիրը լինի իսկապես ինքնիշխան: Մնում է տեսնել, թե ինչ է արվել կամ այսօր արվում այդ ուղղությամբ: Տնտեսության զարգացումն է ապահովվո՞ւմ, թե՞ զարկ է տրվում ռազմական արդյունաբերությանը: Կամ գուցե բանակն է առաջանցիկ տեմպերով վերազինվո՞ւմ և կամ դիվանագիտությունն է ակտիվացվո՞ւմ: 

Իհարկե, տեղի չի ունենում ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը, ո՛չ չորրորդը և ո՛չ էլ տասներորդը: Միակ բնագավառը, որտեղ առկա է իրական ու տեսանելի զարգացում, փիառն է, քարոզչությունը: Չնայած տրամաբանական է, որ Գյումրիից բոմժանման տեսքով մայրաքաղաք հասնելով ու փողոցի բռնի ուժով իշխանություն գրավելով՝ Նիկոլի խմբակը զուտ ստի ու կեղծիքի վրա հիմնված փիառն է առաջ մղել: Որովհետև, նախ, զուտ դրան է ընդունակ, և երկրորդ, հենց դա է եղել ընդդիմադիր թերթի խմբագիր, իսկ այնուհետև հասարակական-քաղաքական գործիչ Փաշինյան Նիկոլի հիմնական զբաղմունքը նախկինների օրոք: 

Իսկ ստի ու կեղծիքի վրա հիմնված փիառի հիմնական սպառողը հասարակության կիսագրագետ հատվածն է, ինչը ժամանակին բացահայտել և օգտագործել են հիտլերյան Գերմանիայում: Տհաճ է, որ 21-րդ դարի 20-ականների հայաստանցու մտածողությունը հավասարազոր է 20-րդ դարի 30-ականների գերմանացիների մտածողությանը: Պատերազմի խայտառակ պարտությունն ու դրան հետևած մնացած արհավիրքները, բնականաբար, փոքրացրել են վերը նշված հատվածի մեծությունը: Բայց այն հանգամանքը, որ գործ անելու փոխարեն իշխանության այս կամ այն ներկայացուցիչն աչքի է ընկնում զուտ փիառով, չէ, կներեք, պոռոտախոսությամբ, վկայում է, որ այդ «ծառայության» նկատմամբ դեռևս առկա է հանրային պահանջարկ: 

Եղանակ ստեղծողն էլ, անկասկած, երբեմնի «դուխով» և «ժողովրդի փրկիչ» անձնավորությունն է: Ով պետության ինքնիշխանության հաստատման անվան ներքո, հանուն աթոռի պահպանման, կյանքի է կոչում մեր թշնամու ցանկությունները: Դրանք, սակայն, լսարանին ներկայացնում է որպես այնպիսի գործոններ, որոնք «ձևավորվում են անվտանգային երաշխիքներ, պատերազմը զրկվում է հիմքից և դառնում է անտրամաբանական ու ոչ լեգիտիմ»։ իսկ թե ինչ արժեք ունեն իրականում այդ  «անվտանգային երաշխիքները»՝ կարող է տեսնել յուրաքանչյուր ոք: Եթե ցանկություն ունի և ունակ է տեսնելու, թե ինչ է կատարվում իր շուրջը: 

Հուսով եմ, որ Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող շարժմանը կհաջողվի Հայաստանում վերացնել թշնամանքի հասցված պառակտվածությունը: Ինչի շնորհիվ էլ, վերջապես, կհաջողվի վերջակետ դնել այն իշխանության գոյությանը, որ սեփական ազգին ծառայելու փոխարեն ծառայում է թշնամուն: Իսկ մարդկանց հիմարի ապակողմնորոշելու համար որպես սեփական արժեք ներկայացնում է հայ ժողովրդի ազգային արժեքները: Բայց քանի որ վերջինս տարված է «հայ, հայոց» բառերի փոխարեն «Հայաստանի Հանրապետություն» օգտագործելու մոլուցքով՝ մոռանում է, որ ՀՀ-ում բնակվող եզդի ժողովրդի համար, օրինակ, չի կարող ազգային արժեք համարվել իր թվարկած «Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին» և նույնիսկ ուղղակի քրիստոնեությունը:

Ի գիտություն քպկական «ազգընտիր» Կարապետյան Մարիայի էլ ասեմ, որ մեր եկեղեցու սպասավորները և ընդհանրապես հասարակության ոչ մի խումբ չի կարող ընդվզել մի երևույթի դեմ, ինչը գոյություն չունի. խոսքը քպկականների քաղաքական մտքի մասին է: Եթե դեմ եք ասվածին՝ բողոքեք ընդդեմ ձեր առաջնորդի, որն էն գլխից պատերազմ էր հայտարարել բոլոր «իզմերին»: Իսկ առանց «իզմերի» չի կարող գոյություն ունենալ որևէ քաղաքական միտք: Ինչ մնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբինյան Ռուբենի կողմից՝ Տեր Աստծո անունը զուր տեղը չարտասանելու պատվիրանի հիշատակմանը, ապա նա պետք է իմանար, որ քրիստոնեական բոլոր եկեղեցիների սպասավորներին տրված է Աստծո անունն արտասանելու իրավունքը հենց իրենց իրավասությունների իրավունքի ուժով: