Եկեղեցուն հարվածում են, հասարակությանը՝ պառակտում

Եկեղեցուն հարվածում են, հասարակությանը՝ պառակտում

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մարտիրոսյանի հետ

- Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս կբնորոշեք այն, ինչ կատարվեց մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ, երբ ոստիկանական ուժերի միջամտությամբ փորձ էր արվում կասեցնել Վեհափառի մուտքը Սարդարապատ։

- Ինձ համար կատարվածը սրբապղծությանը հավասարարժեք բան է, Ամենայն հայոց կաթողիկոսն ինչ-որ մի կուսակցության հոգեւոր առաջնորդ չէ, ինչ-որ մի խմբի շահերը հետապնդող կառույց չէ, այն համազգային կառույց է եւ առաջնորդվում է համազգային շահերով։ Ի դեպ, ինքը ներկա դրությամբ համազգային կառույցների մեջ թիվ մեկն է։ Նորություն չեմ ասի, որ եկեղեցու իշխանությունն Աստծո կողմից տրված ցմահ իշխանություն է։ Դա ընտրություններով չես կարող փոխել, ոչ էլ քաղաքական կուսակցություն է, որ հավանես կամ չհավանես, քրիստոնեական ուսմունքը դոգմայի պես բան է, որը փոփոխման եւ քննարկման ենթակա չէ, ու երկրի վրա այդ գաղափարախոսությունը, վարդապետությունն իրականացնում է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ հոգեւոր սպասավորները։ Իսկ կաթողիկոսի առաջ ճանապարհ փակելը ես գնահատում եմ որպես սրբապղծություն։ 2-րդ․ այդ քայլը տեղավորվում է հասարակությանը պառակտելու եւ սեւերի ու սպիտակների բաժանելու տրամաբանության մեջ։ Այդ մի կառույցն է մնացել, դա էլ են ուզում քանդել, ուզում են մեզ տրամադրել եկեղեցու դեմ ու հիմա էլ եկեղեցուն են թիրախավորում, ավելին՝ եկեղեցին միշտ էլ թիրախավորվել է բոլոր օտար տիրապետողների կողմից, նույնիսկ բոլշեւիկները հիմքից որոշեցին եկեղեցիները փակել, քանդել, պետականացնել, բայց չհաջողեցին, որովհետեւ մեր ժողովուրդն իր հավատը, սերը եկեղեցու հանդեպ պահեց։ Հիմա այդ մարդիկ որոշել են եկեղեցին թիրախ դարձնել, վարկաբեկել, սկսել են բոլշեւիկյան ժամանակների կինոներից պատառիկներ հանել ու դնել սոցիալական ցանցերում, որպեսզի ատելություն բորբոքեն, նպատակը մեկն է՝ պառակտել հասարակությանը։ Ցավոք, մեր հասարակությունն էլ այնքան կրթված չէ, որ հասկանա այդ ամենը։

- Կատարվածից հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իր գլխավորած կառավարության՝ իշխանության գալուց հետո «ամենամեծ ամոթը» կղերաֆեոդալական ավանդույթների շարունակությունն էր։ Այս տեսակ գնահատականն ի՞նչ նպատակ է հետապնդում։

- Կարճ ասեմ՝ այդ հրահանգը գալիս է Թուրքիայից։ Ժամանակին թուրքերը մեր հոգեւոր սպասավորների, հատկապես Կոստանդնուպոլսի պատրիարքների նկատմամբ ճնշումներ են գործադրել, բայց նաեւ հարգանք էլ են ցուցաբերել եւ բազմաթիվ եկեղեցականների հանդեպ ունեցած հարգանքից ելնելով՝ ընդառաջել են, նույնիսկ արաբ նվաճողները, պարսից շահերը, օրինակ՝ Նադիր շահը, որ եկեղեցի չի քանդել, չի վարկաբեկել, ընդառաջ են գնացել խնդրանքներին, տեղ են տվել, հաշվի են նստել նրանց հետ։ Մեր Կոստանդնուպոլսի պատրիարքարանը միջնորդ էր հայ համայնքի եւ օսմանյան կառավարության միջեւ, հիմա սրանք օսմաններից բեթար են լինելու․․․ ի՞նչ է նշանակում կղերաֆեոդալական ավանդույթներ, նախ, որ հայտնի չէ, թե այդ՝ «կղերա» պահպանողական գաղափարներն ինչքանով են վատ հասարակության համար, գուցե լավ բան են, բայց կղեր անվանել այսօրվա հոգեւորականներին, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաեւ ժամանակավրեպ է եւ չի արտահայտում եկեղեցականության էությունը։ Ի՞նչ կղեր, եթե մարդն «այֆոն» է օգտագործում, մեքենա է վարում, հեռուստացույց է նայում, ընդունում է մարդկության առաջադիմական բաները, բայց դու նրան կղեր ես անվանում։

- Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին՝ նշելով, որ ոստիկանությունն ուղղակի փորձել է ճշտել` արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ ոչ։

- Մեկը չկար, ասեր՝ այ տգետ, Ամենայն հայոց կաթողիկոս՝ նշանակում է բոլոր հայերի հոգեւոր առաջնորդ եւ չի նշանակում Բագրատ սրբազանի կամ ՔՊ-ի կողմնակիցների առաջնորդ, նա բոլորի առաջնորդն է, եւ նրա առաջ բոլոր դռները պետք է բացվեն։ Ինչպե՞ս կարելի է այս աստիճան մանիպուլացնել այս ժողովրդին։ Վեհափառը գնացել էր ընդամենը «Հայր մեր» ու «Տեր ողորմյա» ասելու։

- Նորանկախ Հայաստանի եւ ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մեջ եղե՞լ է նման դրվագ, որ կաթողիկոսի ընթացքը փակեն ոստիկանական պատնեշով։

- Երբեք չի եղել, որ այսպիսի վերաբերմունքի արժանացնեն եկեղեցու հովվապետին․ Վեհափառ հայրապետը մեր բոլորի հայրապետն է, նա մի խմբինը չէ, եւ այստեղ իսկապես, Կեսարի ասած՝ Ռուբիկոնն անցան, այդ կարմիր գիծը հատեցին, որը չէր կարելի թույլ տալ։ Ալիեւը հիմա հոխորտում է՝ ասելով, թե պետք է ստիպենք, որ Հայաստանը Խոջալուի ցեղասպանությունը ճանաչի, բա մեկը չլինի՞, դրա դեմն առնի ու ասի՝ այդ ի՞նչ ես ասում․․․։