«Հրապարակ». Փաշինյանը լրագրող էր, Հայաստանը դարձավ լրագրողապետությո՞ւն

«Հրապարակ». Փաշինյանը լրագրող էր, Հայաստանը դարձավ լրագրողապետությո՞ւն

Հարցազրույց «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանի հետ

-  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց սխալն այն է եղել, որ 2018-ին գալով իշխանության՝ շարունակել են կղերաֆեոդալական պետության ավանդույթները: Ի՞նչ է դա նշանակում: Հայաստանում ե՞րբ են նման ավանդույթներ գործել, թերեւս այն տարիները նկատի ունի, երբ նախկին նախագահները ջերմ հարաբերություններ ունեին եկեղեցու եւ Վեհափառի հետ:

- Մեզանում երբեք նման ավանդույթներ չեն եղել, դա ի՞նչ նոր բան էր: Բայց դե, մի տեսեք՝ ով է նման հայտարարություն անում, մարդ, ով ողջ օրն անիմաստ հայտարարություններ անելով է զբաղված: Նա առաջին հերթին պետք է պատկերացում ունենա, թե ինչ բան է ավատատիրությունը եւ ավատատիրական հասարակարգը: Անիմաստ հո բառերի կույտ ասելով երկիրը չի՞ դառնում այսպիսին կամ այնպիսին: Գուցե կան սովորություններ, որոնք 21-րդ դարի հասարակությունների համար ընդունելի չեն, բայց խոսել ավատատիրական բարքերի մասին, ասել, որ Հայաստանը կղերաֆեոդալական ավանդույթներ ունեցող երկիր է, իրականությանը չի համապատասխանում: Նման հայտարարություններ է անում զուտ այն բանի համար, որ եկեղեցին պախարակի:

- Ո՞ր ավանդույթները նկատի ունի:

- Ես չգիտեմ, թե այդ մարդն ինչ է հասկանում դրա տակ, բայց ավատատիրական սովորույթները կապված են հողի մասնավոր սեփականության հետ: Կար ավանդույթ, որ երկրի թագավորների հիմնական նպատակը երկրի անվտանգության համար պայքարելն էր, հասարակ մարդը, շինականը, ռազմիկը պարտավոր էին աշխատել եւ բարիքներ ստեղծել: Ավատատիրական հասարակության մեջ ցանկացած խավի համար հստակ ձեւակերպված էր, թե ով ինչ խնդիր պետք է լուծի: Այդ գործում հսկայական է եղել նաեւ Հայ առաքելական եկեղեցու դերը: Առհասարակ, առաքելական եկեղեցին միշտ եղել է հումանիստական ու փորձել է հաշտեցնել հանրության բոլոր խավերին: Անգամ Աշտիշատի ժողովի ժամանակ նախարարների համար հստակ օրենք ընդունվեց, որ պետք է շինականների նկատմամբ լինեն գթասիրտ: Շինականներին էլ քարոզում էին՝ տերերին հնազանդ լինել:

- Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ակնհայտորեն թիրախավորել են եկեղեցուն, մայիսի 28-ին Վեհափառին արգելեցին մուտք գործել Սարդարապատ, հետո անգամ Վեհափառի դրած ծաղիկներն աղբարկղը նետեցին:

- Պատմության մեջ եզակի բան է տեղի ունեցել, ճիշտ է` ավատատիրական հասարակության մեջ եղել են հակասություններ, օրինակ` Հուսիկ կաթողիկոսին արգելել էին եկեղեցի մտնել, սակայն դա չի նշանակում, որ եկեղեցին այսօր, այս լուսավոր դարում պետք է թիրախավորվի, հակառակը՝ այսօր եկեղեցու դերն ավելի մեծ է: Հատկապես հայրենիք-սփյուռք կապի համար, մեր ժողովրդին հաշտեցնելու եւ համախմբելու գործում: Պատմության մեջ անգամ խորհրդային շրջանում, երբ եկեղեցին արգելված էր` սովետն աթեիստների երկիր էր, չեմ լսել մի դեպք, երբ եկեղեցու նկատմամբ այսպիսի վերաբերմունք լիներ, անգամ այն ժամանակ եկեղեցին այսքան չի հալածվել, որքան այսօր: Սա հայ ժողովրդի ամոթն է, առաջին քրիստոնյա երկիրը հալածում է առաքելական եկեղեցուն, մի կառույցի, որը ողջ պատմության ընթացքում ահռելի գործ է կատարել, ոչ միայն մշակութային ու քաղաքական կյանքում, այլեւ՝ տնտեսական: Սա պարզապես խայտառակություն է, չեն կարողանում մարսել այն հանգամանքը, որ եկեղեցականը կանգնել է հայ ժողովրդի կողքին եւ առաջնորդում է մարդկանց, որպեսզի հայրենիքը չկորցնեն: Այս մարդկանց եկեղեցի պետք չէ, նրանց միայն թուրք-ադրբեջանական տանդեմ է հարկավոր: Հենց նրանց միջոցով էլ իր իշխանությունը ձգում ու երկարացնում է, թե մինչեւ ուր, չգիտեմ:

- Իշխանությունն ու իր քարոզիչները պնդում են, որ Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը մեր երկիրը տանում է դեպի կրոնապետություն: Համամի՞տ եք:

- Ոչ: Նույնիսկ եթե այսօր հոգեւորականն է առաջնորդում ժողովրդին, համոզված եմ, որ վաղը` անցումային շրջանից հետո, հեռանալու է: Նրան պետք էլ չէ երկիր ղեկավարելը: Իշխանափոխությունից հետո, հավանաբար, ժամանակավոր կառավարություն կձեւավորվի, նա կղեկավարի այդ ժամանակավոր կառավարությունը: Ի՞նչ կրոնապետություն, ի՞նչ բան: Հիմա եթե ես մանկավարժ եմ, վաղը դառնամ վարչապետ, Հայաստանը դառնալու է մանկավարժապետությո՞ւն: Կամ՝ Փաշինյանը լրագրող էր, ինչո՞ւ Հայաստանը լրագրողապետություն չդարձավ, ամենաշատը հենց լրագրողներին է թիրախավորում, ամեն ինչում նրանց մեղադրում: Կամ որ ասում են՝ հոգեւորականը չի կարող շարժում առաջնորդել, ոչ մի կերպ չեմ ընկալում դա․ ինչո՞ւ չի կարող, հոգեւորականը մարդ չէ՞, քաղաքացի չէ՞, չունի՞ իրավունքներ: Ի՞նչ կապ ունի՝ մարդն ինչ մասնագիտություն ունի, մարդն առաջին հերթին քաղաքացի է եւ տեսնելով, թե ինչ վիճակում է իր ժողովուրդը, փորձում է տանել դեպի ճշմարիտ ուղի: Վաղուց անցել է կրոնապետության ժամանակը: Թեեւ Իրանը կրոնապետություն է, ու ինչ` վա՞տ է երկիր ղեկավարում: