Համաշխարհային պատերազմի նախաշեմին. Արևմուտքն «անակնկալ» ունի Ռուսաստանի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հակված է նրան, որ թույլ տա Ուկրաինայի Զինված ուժերին օգտագործել ամերիկյան զենք ռուսական տարածքին հարվածելու համար։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ ամերիկացի առաջնորդի որոշ խորհրդականների հետ զրուցելուց հետո։
Նրանք հրաժարվել են մեկնաբանել թեմայի շուրջ՝ Սպիտակ տանն ընթացող քննարկումները, սակայն կարծիք են հայտնել, որ Բայդենի դիրքորոշման փոփոխությունն «անխուսափելի է»: Այս քայլը, հավանաբար, կուղեկցվի պահանջով՝ ամերիկյան զենքը կիրառել բացառապես Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախները խոցելու համար, և ոչ թե՝ քաղաքացիական, նշում է թերթը։
Հրապարակման համաձայն, Սպիտակ տունն արդեն սկսել է «պաշտոնական և արագացված ընթացակարգ՝ վերանայելու» Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ԱՄՆ ռազմական օգնության օգտագործման ներկայիս սահմանափակումները։
Հիշեցնենք, որ արրևմտյան տասը երկրներ՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Չեխիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան համաձայնել են, որ Կիևն իրենց տրամադրած զինատեսակներով հարվածի Ռուսաստանի տարածքին:
Մայիսի 28-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ուկրաինական բանակի հարվածները Ռուսաստանի տարածքին համապատասխանում են միջազգային իրավունքին, եթե հարվածները հասցվեն «համաչափ»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ յուրաքանչյուր մատակարար երկիր պետք է ինքնուրույն որոշի՝ թույլ տալ Կիևին զենք կիրառել Ռուսաստանի թիրախների դեմ, թե ոչ։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, խոսելով Կիևի կողմից ամերիկյան զենքի կիրառման սահմանափակումները վերացնելու հնարավորության մասին, ասել էր, որ «Վաշինգտոնի վարչակազմը Ռուսաստանի հետ ռազմական գործողություններ իրականացնելու վերջնական որոշումները թողնում է Ուկրաինային»։ Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին` նշելով, որ Օտտավան չի սահմանափակում Կիևին օգտագործել իրեն փոխանցված զենքը:
Արձագանքելով այս թեմային, Մոսկվայում հայտարարել են, թե նման սցենարի դեպքում Արևմուտքը երրորդ համաշխարհային պատերազմ է սադրում, որի պատասխանատվությունը կրելու է ինքը, իսկ հետևանքները լինելու են մարդկության համար անդառնալի ու ցավոտ:
Կարծիքներ