«Հրապարակ». Գերիների մասին մոռացանք

«Հրապարակ». Գերիների մասին մոռացանք

Նախորդ տարվա նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը հրապարակեց 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Նրան 1992-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերի մեջ մեղադրեցին, ինչ-որ կեղծ վկաներ բերեցին դատարան եւ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Այս դատավարությունն ադրբեջանական լրատվամիջոցները մանրակրկիտ լուսաբանում էին` պարբերաբար հեռարձակում էին դատավարության ընթացքը, ճաղերի ետեւում հայտնված հայ քաղաքացու տառապանքները եւ հրեշավոր հրճվանքով ներկայացնում էին, թե ինչպես են 30 եւ ավելի տարիներ առաջվա ինչ-որ իրադարձությունների համար վրեժ լուծում անմեղ տարեց մարդուց, ով պնդում էր, որ այդ դեպքերին մասնակից չի եղել, անգամ այդ գյուղում չի եղել, իսկ ներկայացված լուսանկարներում բոլորովին այլ անձ է։

Ըստ ադրբեջանական դահիճ դատարանի դատավճռի, ազատազրկման առաջին 5 տարին Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն առեւանգել էր հուլիսի 29-ին, հենց Հակարիի կամրջից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի՝ Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ իրականացված «հանցագործություններին»։ 

Եվ Նիկոլ Փաշինյանի կիրթ գործընկերը, ում հետ նա պատրաստվում է «Խաղաղության պայմանագիր» կնքել եւ ում հետ առանց միջնորդների «սահմանազատման ու սահմանագծման» աշխատանքներ է իրականացնում, Բաքվի բանտերում է պահում ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որի միակ մեղքն այն է, որ անկախ Արցախ են կառուցել եւ կռվել իրենց ազատության համար` ընդդեմ Բաքվի լծի, այլ բանտում է պահում նաեւ Վագիֆի նման մարդկանց: 

Բաքվի բանտերում են Արցախի 8 ղեկավարները եւ 44-օրյայի ժամանակ ու դրանից հետո գերված հայ մարդիկ, որոնց համար ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում: Իսկ ըստ որոշ լուրերի, Արցախի ղեկավարության կազմից ընտրովի գերեվարումներն Ադրբեջանը համաձայնեցրել է եւ իրականացրել հենց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո: Դա է պատճառը, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները, ինքը` «խաղաղասեր» Նիկոլ Փաշինյանը, ոչ մի առիթով չեն հիշում մեր գերիների եւ Արցախի նախկին նախագահների, պետնախարարի, ՊԲ հրամանատարի եւ նրա տեղակալի մասին: Փաշինյանը ե՛ւ հողեր է զիջում Ալիեւին, ե՛ւ իր երկրի քաղաքացիներին: Իսկ Բաքվի բռնապետն այնքան է լկտիացել, որ օրերս խոսել է նաեւ այն մասին, որ Փաշինյանը պետք է ճանաչի «Խոջալուի ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի դրա համար»: 

Մեր հանրությունն էլ կարծես թե մոռացել է Բաքվում պահվող գերիներին, նույն Վագիֆ Խաչատրյանին, լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին եւ մյուսներին: Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերան, «Հրապարակ»-ին հայտնեց, որ բացի Կարմիր խաչի մեկանգամյա այցից` մեկ ամսվա կտրվածքով, ոչինչ տեղի չի ունենում։ 
«Ես էլ առողջական խնդիրներ ունեմ, այս ընթացքում ոչ մի տեղ չեմ դիմել: Ամիսը մեկ անգամ խոսում ենք, դա է ընդամենը մեր նորությունը: Վերջին անգամ այս ամիս ենք խոսել, ասաց, որ լավ է, բայց օրը հինգ անգամ դեղ է ընդունում: Ուրիշ ոչ մի բան չի ասում: Լիահույս ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Վերա Խաչատրյանը: