Գարեգին Բ-ի մուտքը խոչընդոտելը կունենա՞ քաղաքական, դիվանագիտական հետեւանքներ

Գարեգին Բ-ի մուտքը խոչընդոտելը կունենա՞ քաղաքական, դիվանագիտական հետեւանքներ

Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի մուտքի խոչընդոտումը ոչ միայն խիստ բացասական արձագանք ստացավ հանրության կողմից, այլեւ ավելի խորացրեց Հայաստանի գործող վարչակարգի եւ Հայ առաքելական եկեղեցու (եկեղեցու եւ ոչ թե Մայր Աթոռի, որովհետեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն էլ զորակցություն եւ համերաշխություն հայտնեց Ամենայն հայոց կաթողիկոսությանը) միջեւ եղած հակասությունները։

Փաստն ինքնին բացասական է նաեւ նրանով, որ հասարակության մեջ էլ խորացան բաժանարար գծերը, նորից հանրությունը, երկու բանակի բաժանված, սկսեց իրար հայհոյել ու վիրավորել։ Ու այդ ամենը՝ կրկին Հայաստանի գործող իշխանությունների մեղքով։ Մինչ այժմ թեեւ հարցը միայն բարոյական տեսանկյունից էր դիտարկվում, սակայն տեղի ունեցածը, անշուշտ, նաեւ քաղաքական հետեւանքներ է ունենալու։ Նախ՝ Հայաստանի գործող իշխանությունների համար երեկ տեղի ունեցած միջադեպն արտաքին աշխարհում նրա առանց այն էլ ոչ այնքան բարեպաշտ իմիջին լուրջ հարված էր։

Այսպես ասենք՝ արտաքին աշխարհի համար ամենեւին կարեւոր չէ՝ երկրի ներսում քաղաքական եւ կրոնական էլիտաներն իրար հետ լեզու գտնում են, թե ոչ, ինչ քաղաքական մթնոլորտ է եւ այլն։ Հետաքրքիր չէ նաեւ՝ եկեղեցին իշխանամետ դիրքորոշում ունի, թե ոչ իշխանամետ։ Դրսում կարեւորում են, որ հարգվեն թե՛ իրավունքները, թե՛ ձեւավորված ավանդույթներն ու արարողակարգերը։ Իսկ առավել ուշադիր են կրոնական, խղճի ազատությանը եւ աշխարհիկ իշխանությունների՝ հավատքի, կրոնի ու եկեղեցու նկատմամբ ունեցած վերաբերմունքին։

Քիչ չեն եղել պատմության մեջ դեպքերը, երբ Քենթրբերիի արքեպիսկոպոսները քննադատել են բրիտանական կառավարություններին ու անձամբ վարչապետներին, կամ Փարիզի կարդինալը քննադատել է Ֆրանսիայի նախագահին կամ ֆրանսիական իշխանություններին։ Քաղաքակիրթ աշխարհի համար դա լիովին նորմալ է, եւ իրեն քաղաքակիրթ ու ժողովրդավար համարող երկրներում երկրի քաղաքական իշխանություններն ու բնակչության ճնշող մեծամասնության կրոնական կառույցը կարող են ունենալ տարբեր կարծիքներ, դիրքորոշումներ կամ քաղաքական առումով կարող են լինել ոչ նույն գծի մեջ։ Հետեւաբար, տեղի ունեցածի առումով եվրոպական մայրաքաղաքներում եւ Վաշինգտոնում թերեւս որոշակի չհասկանան կատարվածը եւ եթե, ասենք, ցուցարար ծեծելուն նորմալ վերաբերվեն, կաթողիկոսին Սարդարապատ չթողնելը ծանր հանցանք կարող է դիտվել եւ իմիջային ու քաղաքակրթական վերապահումներ կարվեն, որոնք հավելյալ խնդիրներ կառաջացնեն Նիկոլ Փաշինյանի համար։ Իսկ Փաշինյանն օրեցօր ավելի մեծ դժվարությամբ է հաղթահարում դեմոկրատ ղեկավարների առջեւ դրվող խնդիրները։

Երկրի ներսում էլ, որքան իշխանական մեդիա-քարոզչական համակարգը փորձի «դեմք փրկելու» օպերացիա իրականացնել, միեւնույն է, նույնիսկ շատ ՔՊ-ականների համար տեղի ունեցածն անհասկանալի եւ անընդունելի է, էլ չասած՝ շարքային ընտրողների ու հավատացյալների համար, որոնք մինչ այժմ քաղաքական չեզոքություն են ցուցաբերել։ Խնդիրն այն է, որ տեղի ունեցածը քաղաքականից դուրս նաեւ մարդու կրոնական ապրումները շոշափող երեւույթ էր, իսկ կրոնական ապրումները, որպես կանոն, շատ ավելի զորեղ են լինում, որոնց հետ ցանկացած իշխանություն, ցանկացած քաղաքական համակարգ, ուզած կամ չուզած, պետք է հաշվի նստի։ Ի վերջո, Փաշինյանը պետք է հասկանա, որ նման քայլերով ինքը քանդում է այն հիմքը, որի վրա դրված է իր աթոռը։ Անգամ հզոր միապետներ են պարտվել եկեղեցու դեմ պայքարում, իսկ ինքը դեռ ժառանգական միապետ, կարծեմ, չի հռչակվել։