Վրաստանը մտել է ցնցումների փուլ՝ սպասվում են ճգնաժամ, պատժամիջոցներ

Ներքին ու արտաքին ճնշումներն անտեսելով՝ մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը շրջանցեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագծի վրա երկրի նախագահի դրած վետոն եւ այն ընդունեց: Պետդեպը սպառնաց պատժել վրացի պաշտոնյաներին՝ միաժամանակ խոստանալով աջակցել օրենքի դեմ ընդվզող ցուցարարներին: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ հայտարարեց հանրաքվե անցկացնելու մասին՝ ավելի մեծացնելով Վրաստանի քաղաքական փոթորկումների ինտրիգը: «Հրապարակի» զրուցակիցը վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն է:
- Չնայած Արեւմուտքի քննադատություններին եւ նախազգուշացումներին, Վրաստանի խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարեց նախագահ Զուրաբիշվիլու՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագծի վրա դրված վետոն: Այն նախատեսում է արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ների եւ լրատվամիջոցների ռեեստրի ստեղծում եւ նրանց կողմից հայտարարագրերի լրացում։ Ի՞նչ իրավական եւ քաղաքական գործընթացներ կհաջորդեն այս որոշմանը:
- Սպասվում են ճգնաժամ, պատժամիջոցներ, թիրախավորումներ Վրաստանի վրա եւ դրա հետ մեկտեղ ողջ տարածաշրջանի մուտքը ռուսական աշխարհ։ Կան այլ տարբերակներ, բայց այս մեկն ամենահավանականն է:
- Ի՞նչ ասել է՝ մուտք ռուսական աշխարհ:
- Այսինքն՝ Մոսկվայի մենաշնորհային քաղաքական ազդեցություն Վրաստանի եւ տարածաշրջանի վրա:
- «Նախագահն ի սկզբանե հայտարարեց, որ այս օրենքը չի կարող բարելավվել, դա անհնար է»,- խորհրդարանում Զուրաբիշվիլու դիտարկումները ներկայացնելիս հայտարարեց նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն: Նրա խոսքով, խորհրդարանական մեծամասնության նախաձեռնած եւ երեք ընթերցմամբ ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը։
- Այո, քանի որ այս օրենքը նշան է, դրոշակ է Վրաստանի՝ եվրոպական ընտրությունից ետ շրջվելու մասին: Ի՞նչ կա այնտեղ բարելավելու:
- Վերջին օրերին ԵՄ, ԱՄՆ եւ արեւմտյան պաշտոնյաները նախազգուշացրին, որ օրենքի ընդունման դեպքում կարող են վերանայվել Վրաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանվել պաշտոնական Թբիլիսիի եւ վրաց պաշտոնյաների դեմ, այդ թվում՝ ԵՄ թեկնածու անդամի կարգավիճակի կասեցում, վիզային ռեժիմի չեղարկում եւ այլն: Ստացվում է՝ իշխող «Վրացական երազանքը» տապալե՞ց վրացիների եվրոպական երազանքը:
- Անկասկած, պատժամիջոցներն անխուսափելիորեն կհանգեցնեն տնտեսության ճգնաժամի եւ կսրեն քաղաքական ճգնաժամը։ Առանց վիզայի ճանապարհորդությունն անհեթեթություն է, կա բանկային համակարգի փլուզման վտանգ, եւ դա անխուսափելիորեն կբերի երկրի ապակայունացմանը. Նայեք քարտեզին եւ կհասկանաք, թե դա ինչպես է սպառնում տարածաշրջանի երկրներին։
- Խորհրդարանի առջեւ հավաքված ցուցարարները ստրուկ են անվանել օրենքն ընդունած պատգամավորներին, ոստիկանությունը հատուկ ուժեր է կուտակել: Հեղափոխության սցենարը դեռեւս ակտուա՞լ է, ըստ Ձեզ:
- Կարծում եմ՝ դեռ ակտուալ չէ, աշնանը կտեսնենք՝ ինչ կլինի. չափազանց շատ գործոններ կան:
- Իսկ ի՞նչ կտա նախագահ Զուրաբիշվիլու ակնարկած հանրաքվեն. նա ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով որոշել երկրի ապագան՝ կա՛մ եվրոպական, կա՛մ՝ ռուսական:
- Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե երբ տեղի կունենա եւ տեղի կունենա՞ արդյոք հանրաքվեն, բայց, ռեֆերենդումից զատ, աշնանը սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք կորոշեն ամեն ինչ:
Կարծիքներ