Որ պահից սկսվեց

Որ պահից սկսվեց

Ամեն ինչ շատ ավելի վաղ սկսվեց, երբ աչք փակեցինք եւ բացատրություններ գտանք բոլոր անօրինական քայլերի համար: 2018-ին ՀՀԿ-ի դեմ ուղղված տեռորի վրա աչք փակեցինք. «Դրանց հասնում ա, բա լա՞վ էր, որ իրենք փողով քվե էին առնում»: Հետո գաղտնալսումից իմացանք, որ արդարություն եւ արդարադատություն հաստատելու խոստումներով իշխանության եկած անձի անմիջական հրահանգով են գործ հարուցվել Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որոնցից «մենք զզվում էինք»: Ավելի ուշ ԱԺ-ն շրջափակելու կոչ արվեց, որը մեր աչքին նորմալ թվաց` «դե, ձայն բազմաց, ձայն Աստծո»։ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարներին հենց ԱԺ բակում պաշտոնաթող անելուն էլ խաղաղ վերաբերվեցինք` «ի՞նչ տարբերություն,  թե որտեղ եւ ով կտա այդ հրամանները»:

Ավելի ուշ վարչապետի կոչով դատարանները շրջափակվեցին, եւ մենք, որ դատարաններից մեծ դժգոհություններ ունեինք, դրա դեմ էլ չընդվզեցինք: Օլիգարխներին ու նախկիններին «ասֆալտին փռելու», կուլակաթափ անելու, դատավորներին` սրա-նրա պատի տակ վնգստացող անվանելու մեջ էլ ոչ մի մերժելի բան չտեսանք, ինչպես ոչ մի վատ բան չտեսանք Սերժ Սարգսյանի ժամանակ նշանակված ԵՊՀ ռեկտորին` Արամ Սիմոնյանին հալածելու մեջ: Հետո եկավ նախկինների Սահմանադրական դատարանը ոչնչացնելու ժամանակը, եւ մենք մեծ ու փոքրով աչք փակեցինք եւս մի ինստիտուտ ոչնչացնելու անհագ ցանկության վրա: ԲԴԽ կոչվող մարմնի ղեկավարն էլ վարչապետի քիմքին չեկավ, եւ նրան անօրինական եղանակով` զոռով հեռացրին պաշտոնից: ՄԻՊ Թաթոյանին փոխարինեցին հնազանդ կնանիքով: Ամեն անգամ արդարացնելով կատարվածը, չհասկացանք, որ կարեւորը ո՛չ մեր համակրանքն է, ո՛չ տվյալ անձի ու կառույցի նախկին սխալները, կարեւորը անօրինականություն թույլ չտալն է` անգամ քո չսիրած անձի ու կառույցի նկատմամբ: