«Հրապարակ». Իշխանությունը գերլարված օրեր է ապրում

Իշխանությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գերլարված օրեր է ապրում, ինչը չկարողացան թաքցնել նաեւ երեկ՝ Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ։ Վաղ առավոտից հերթական անգամ իշխանությունը ոստիկանական զորք էր կուտակել խորհրդարանի շենքի մատույցներում, հարակից այգիներում, ամենուր՝ թերեւս մտավախություն ունեին, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները կպաշարեն ԱԺ շենքը, սակայն շարժման առաջնորդները նախօրեի կեսգիշերին քննարկել էին եւ որոշել, որ ճիշտը ՆԳ նախարար Վահե Ղազարյանի պատասխանատվության պահն է, ում ղեկավարած բանդան Սարդարապատի հուշահամալիրում խուլիգանական պահվածք էր դրսեւորել Վեհափառի եւ հոգեւոր դասի նկատմամբ՝ խոչընդոտելով նրանց մուտքը հուշահամալիր: Ուստի, սրբազան շարժման ակտիվի կարծիքով, մարտավարական տեսանկյունից պետք է նախ ծնկի բերել Փաշինյանի կամակատար ենթականերին, նրանց հարցերը լուծել առանձին-առանձին, որից հետո ավելի հեշտ կլինի իշխանության գլխի հարցերը լուծել։ Դժվար է ասել` ճիշտ որոշում էր, թե ոչ, բայց պետք է արձանագրենք, որ շարժմանը հաջողվեց Վահե Ղազարյանի դեմ «պատերազմում» հաղթանակ գրանցել. ՆԳՆ շենքը շրջափակելու արդյունքում նախարարը չկարողացավ դուրս գալ ու գնալ խորհրդարան, որտեղ պետք է բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացներ։
Բայց խորհրդարանի մատույցներում զորքի կուտակումը, ԱԺ տարածքում վարչապետի անվտանգության տասնյակ աշխատակիցների ներկայությունն անգամ չէին փարատել կառավարության ղեկավարի վախերը, որոնք արտահայտվեցին լրագրողների վերաբերյալ կայացված անհեթեթ որոշմամբ` մեզ արգելեցին մուտք գործել բյուջեի քննարկման սենյակ եւ անգամ այդ սենյակին 100 մետրից մոտ չթողեցին: Իսկ Փաշինյանը հանդես եկավ որպես «հրշեջ»՝ փորձելով մարել երկրում բորբոքված կրքերը եւ տնտեսական անվստահելի ցուցանիշներով տպավորություն ստեղծել, թե հեղափոխությունից հետո Հայաստանը տնտեսական վագրային թռիչք է գրանցել, հարյուր-հազարավոր աշխատատեղեր են բացվել, տնտեսական աճ կա, եւ նմանատիպ բազմաթիվ ստեր: Նորից խոհափիլիսոփայական մտքեր հայտնեց` առաջարկեց ուրանալ մեր պատմությունը. «Պետությունը լավ ապրելու համար է, ոչ թե պատմական արդարությունն առաջ տանելու»: Ցինիզմի դրսեւորման նոր հորիզոններ նվաճեց՝ ասելով, թե մարդիկ Հայաստանից արտագաղթում են, որովհետեւ մենք շատ ենք քննադատում իրար, օրինակ, երբ մեկը կարճ տաբատով նստում ու պատշգամբում սուրճ է խմում, կողքից ասում են՝ «էս ի՞նչ ես անում»: «Ասում են՝ չի կարելի, վեհ գաղափարներ կան, գետինը մտնես, շորտիկը հագել, նստել բալկոնում կոֆե՞ ես խմում, փոխանակ բալկոնից քեզ քցես, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրես շատ կոնկրետ խնդրի վրա։ Գունավոր շորը հագնում ես, ասում են՝ գետինը չե՞ս մտնում, ո՞նց կարելի է գունավոր շոր հագնել, բա ողբը, ո՞վ է ողբալու, տականք, դավաճան: Ծնունդ են անում, ասում են՝ հոգեհանգիստը թողած՝ ծնո՞ւնդ ես անում: Մեկ-երկու-երեք-չորս, այդ մարդն ասում է՝ սա էլ ձեզ, նա էլ ձեզ, ես կգնամ մի տեղ կապրեմ, որտեղ պատշգամբում սուրճ խմելու համար ոչ մեկն ինձ ամոթանք չի տա»։ Շատերը շփոթահար լսում էին նրան, բայց ոմանք կռահեցին, որ այս երկար տրակտատը նախօրդ օրն իր կնոջ սպիտակ-փարթիի պատճառով է հորինվել:
Իսկ արտագաղթի աննախադեպ տեմպերի պատճառն էլ ոչ թե հայ մարդկանց ավանդույթներն են ու կղերաֆեոդալական ավանդույթները, այլ իր ղեկավարած երկրի անվտանգային ծանր վիճակը, երբ մարդը վաղվա օրվա նկատմամբ չունի վստահություն: Ոչ ոք իրեն ապահով չի զգում եւ համոզված չէ, որ վաղը Փաշինյանն ադրբեջանական հորդաներին չի բերելու Երեւան։ Ինչեւէ, արդեն քննարկումից հետո խորհրդարանի բակում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցին, քանիցս շրջանցեց փողոցում տասնյակ հազարավոր քաղաքացիների՝ իրեն ուղղված հրաժարականի պահանջի մասին հարցերը, իսկ «պատրա՞ստ է հանդիպել Բագրատ սրբազանի հետ» հարցին պատասխանեց․ «Ես քաղաքացիների ու տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ, ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան, ովքեր ուզում են հերթագրվել՝ ինձ հետ հանդիպելու համար, կարող են դա ազատ անել»: Եվ կրկին հավաստիացրեց, որ ինքը հրաժարվել է 2018-ի խոստումներից եւ չի պատրաստվում հրապարակի պահանջով հրաժարական տալ, Բագրատ սրբազանին էլ չի դիտարկում ժողովրդական շարժման առաջնորդ, այլ շարքային քաղաքացի է դիտում, որի հետ կհանդիպի ընդհանուր հերթագրման սկզբունքով։ Լրագրողները Փաշինյանին հարցրին նաեւ՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ թուրք-ադրբեջանական քարոզչական թեզերն ու ՔՊ-ականների հայտարարությունները մեկին-մեկ համընկնում են իրար, ձեւացրեց՝ իբրեւ թե ծանոթ չէ մեր հարեւան երկրների մեկնաբանություններին։
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական պատգամավորները երեկվա քննարկումներին չէին կարողանում թաքցնել իրենց անհանգստություններն ու նյարդային լարվածությունը։ Պարբերաբար վիճաբանում էին ընդդիմադիրների հետ, երբ հարցը վերաբերում էր շարժմանը կամ ոստիկանական վայրագություններին, միմյանց «արա»-ով էին դիմում, իսկ երբ Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ ինչո՞ւ Վահե Ղազարյանը, այդուհանդերձ, ըստ կարգի` չներկայացավ քննարկմանը՝ «վախեցավ», նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը, նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանը կորցրին ինքնատիրապետումը եւ սկսեցին գոռգոռալ, թե ոչ մեկը ոչ մեկից վախեցող չէ։ Նույն Անդրանիկ Քոչարյանը մեկ անգամ էլ «դիվոտեց», երբ նիստի ընթացքում Գեղամ Նազարյանի հեռախոսը պատահաբար միացավ, եւ բարձրաձայն հնչեց սրբազան պայքարի լայվը, իսկ այդ պահին Գառնիկ Դանիելյանն էր ելույթ ունենում՝ ցուցարարների վանկարկումների ուղեկցությամբ: Հավաքի ձայնից անակնկալի եկած Անդրանիկ Քոչարյանը, աջուձախ նայելով, շտապեց պարզել, թե որտեղից է այդ ձայնը լսվում, նրան հանգստացրին, որ Նազարյանի հեռախոսն է` խորհրդարանում չեն ցուցարարները։
Ի դեպ, երեկ սակավաթիվ ՔՊ-ականներ էին ներկայացել բյուջետային քննարկումներին, ինչն աննախադեպ է: Որպես կանոն, ՔՊ-ն այս տարիներին մեծ թվով պատգամավորներ է դեսանտ իջեցնում նման նիստերի ժամանակ: Հավանաբար, շատերը մտածել էին, որ ցուցարարները կարող են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ, որոշել էին շառից-փորձանքից հեռու մնալ` բացակայելով երեկվա քննարկումներից։
Կարծիքներ