Ո՛չ Քրիստոս, ո՛չ Պապ թագավոր, գործ ունենք հակաքրիստոսի կերպարի հետ

Ո՛չ Քրիստոս, ո՛չ Պապ թագավոր, գործ ունենք հակաքրիստոսի կերպարի հետ

Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ աննախադեպ միջադեպ, երբ մի քանի տասնյակ ոստիկանների կողմից խոչընդոտվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ու նրան ուղեկցող հոգեւորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր:

Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը մինչեւ միջադեպին անդրադառնալը նախ պատմական ակնարկ է անում օրվա խորհրդի հետ կապված․ «Սարդարապատի հերոսամարտին, որ տեւեց ամսի 21-28-ը, ներգրավված էին նաեւ հոգեւորականներ․ Գեւորգ 5-րդ կաթողիկոսին հորդորում են, որ Էջմիածինը լքի, որովհետեւ, այն ժամանակվա ղեկավարության խոսքով, հավանական էր, որ թուրքը հասներ մինչեւ Էջմիածին, բայց նա ասում է՝ ես իմ գահին կմեռնեմ, բայց չեմ լքի Էջմիածինը, եւ ոգեւորում է զինվորականներին, ավելին՝ հոգեւորականներն աշխարհականների հետ դուրս էին եկել թուրքի դեմ պայքարելու։ Հիմա, անդրադառնալով երեկ Սարդարապատում տեղի ունեցածին, ուզում եմ հարցնել․ Վեհափառը գնում էր Սարդարապատ՝ բոմբե՞ր պայթացնելու․․․, նա գնում էր այդ նահատակների հոգիների համար աղոթք աներ։ Իսկ ո՞րն էր նրանց նպատակը՝ չէի՞ն ուզում, որ աղոթք արվեր այդ մարդկանց հոգիների համար․․․»։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կաթողիկոսի հետ կապված միջադեպին, նկատել է, որ ոստիկանությունն ուղղակի փորձել է ճշտել` արդյո՞ք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած ու սադրող գործողությունները շարունակելու, թե՞ ոչ։ «Իսկ գուցե նա էլ ուզում էր գնար հայհոյեր այդ մարդկանց, որ հայրենիք են պահել․․․ դրա համար էլ Բագրատ սրբազանը եւ այլ հայրենասեր մարդիկ գնացել, այդտեղ կանգնել էին, որ ինքը չգնա հայհոյի․․․ ես էլ այդ կարծիքն ունեմ իր հանդեպ, որովհետեւ Հիսուս ասում է՝ մարդկանց ոչ թե խոսքերին, այլ գործերին նայիր։ Մենք էլ համապատասխանաբար իր գործերին ենք նայում, Արցախը Հայաստան է, ու վերջ, բայց թուրքինն է, եւ այդպես շարունակ։ Եվ իրապես, ինքը գնում էր հայհոյելու այդ մարդկանց, թե ինչու եք պատերազմել թուրքի դեմ, որ այսօր էլ Հայաստան լիներ․․․»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել էր Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած միջադեպին՝ գրելով, որ Սարդարապատի հուշահամալիրում Հայոց կաթողիկոսի եւ եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսեւորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց եւ նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել:
Տեր Ահարոնը համամիտ է Արշակ սրբազանի հետ, ավելին՝ կարծում է, որ ժամանակն է՝ որոմները ջոկելու ցորենից․ «Արդեն ժամանակն է, որովհետեւ հոգեւորականի դեմ ճանապարհ փակողն Աստծո դեմ է ճանապարհ փակում, ու անպայման է պատիժը գալու, դատաստանը բոլորի տները մտնելու է։ Հետո՝ նա չի ասել բոլոր ոստիկաններին, այլ անաստված ոստիկաններին, որոնք արժանի են դրան եւ որոնք փորձում էին արգելել Վեհափառի մուտքը։ Կապ չունի այն, որ հետո կասեն՝ դե, մենք հրաման էինք ստացել, եթե այդ հրաման տվող անհայրենիքը հրաման տա քեզ՝ մայրիկիդ բռնաբարել, ի՞նչ ես անելու․․․ դա չի անցնելու, եւ սրբազանի խոսքը հենց դրա մասին էր, որ այն մարդիկ, ովքեր անաստված, հակաքրիստոսյան վարքագիծ ունեն, այդ սատանաների համար գնաս ի՞նչ աղոթք անես։ Աստծո դատաստանը գալու է, եւ այդ ոստիկանների ձայնը դեռ կլսեք»։

Ոստիկաններին ուղղված բոլոր կոչերը, այդ թվում՝ Մայր Աթոռի, ոչ մի ազդեցություն չեն ունենում, քանի որ նրանք այս օրերին քաշքշեցին թե՛ Բագրատ սրբազանին, թե՛ Վեհափառին եւ թե՛ այլ հոգեւորականների, ավելին՝ սրբազանին քամահրանքով կոչ են անում՝ խաչը հանել, քանի որ այլեւս սրբազան չէ։ «Մի իրական պատմություն պատմեմ․ մեր Սիսիանի լուսահոգի մոմավաճառն էր պատմում, որ 92 տարեկանում մահացավ։ Ասում է՝ 10-12 տարեկան երեխաներ էինք ու եկեղեցու բակում խաղում էինք, մեր ընկերներից մեկը չիշիկ արեց եկեղեցու պատին, ասեցի՝ չի կարելի, չլսեց, ասեց՝ ի՞նչ ա լինելու որ։ Հասնում է տուն, ինսուլտ է խփում։ Հայրը լսում է եւ ուխտ անում, որ 7 եկեղեցի գնա ու մատաղ անի, որպեսզի Աստված օղորմի։ 6 եկեղեցու մոտ անում է, խորհում է 7-րդի մոտ գնա, երազին մի սպիտակ մարդ է գալիս, ասում է՝ Աստված քո արած մատաղը չի ընդունում, որովհետեւ ինքը գիտեր, որ չէր կարելի դա անել․․․, այ, պատիժն այդտեղ է վրա հասնում, հիմա եթե չասեինք, այլ հարց կլիներ, բայց իրենք գիտեն, թե ինչ են արել Սարդարապատում։ Այ, սա է Աստծո դատաստանը»,- ընդգծում է Տեր Ահարոնն ու մաղթանք-հորդորով դիմում հավատացյալներին․

«Ես մի մաղթանք ունեմ․ այն մարդը, որ պատարագի է մասնակցում, ովքեր հաղորդակից են լինում Քրիստոսի մարմնին ու արյանը հավիտենական կյանքի համար, այդ մարդն այսօր պետք է լինի հրապարակում, որպեսզի հակաքրիստոս թշնամուն հանի հայոց սահմաններից։ Ես վստահ եմ, որ սրանցից շատերն անթաղ ու անգերեզման են մնալու։ Այդ միջադեպով ցույց տրվեց, որ մենք գործ ունենք հակաքրիստոսի կերպարի հետ, ով իրեն էլ Քրիստոս էր ներկայացնում, է՛լ Պապ թագավոր, ․․․ դրանք՝ բոլորը, պատժվելու են, եւ պատարագին մասնակցողները պետք է դուրս գան՝ մեր եկեղեցին պաշտպանելու համար, որ սրանց մեր հայրենիքից քշեն Արաքս գետն ու գնան, Կասպից ծովում ձկների բաժին դառնան, այլապես նրանք, ովքեր պատարագի են մասնակցում, հաղորդություն ստանում, բայց այս հրեշին են պաշտպանում, թող լավ իմանան՝ Հուդայի պատառ են առնում եւ մասնակից են հայրենազրկումների այս շարքին, որ նույնպես դատաստանի են արժանանալու»։