Եթե մի գումարտակ էլ գար, չէր կարող ճեղքել ու մտնել կառավարության շենք, էլ ուր մնաց՝ մի խմբակ

Օրերս Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կրկին երկու ամսով երկարացրեց Երեւանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանի տնային կալանքի ժամկետը։ Սա արդեն կալանքի երրորդ երկարաձգումն է։ Մարտից Ալբերտ Բազեյանը տանն է կրում կալանքը, իսկ մինչ այդ վեց ամիս փակված է եղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այդ ընթացքում նա զրկված է եղել արտաքին աշխարհին հաղորդակցվելու հնարավորությունից, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկանալու իրավունքից, չի կարողացել շփվել հարազատների, մարտական ընկերների, համախոհների հետ, մեկ շաբաթ հացադուլի մեջ է եղել՝ այսկերպ արտահայտելով բողոքն ապօրինի բանտարկության, անհիմն մեղադրանքի դեմ։ «Հրապարակի» հետ զրույցում Բազեյանը հայտնեց, որ ազատության մեջ հայտնվելուն պես շարունակելու է պայքարը գործող իշխանության դեմ, քանի որ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելն իր սահմանադրական իրավունքն է, նաեւ հետամուտ է լինելու, որ իր դեմ շինծու քրեական գործ սարքած ԱԱԾ քննիչ Պողոսյանը ենթարկվի պատասխանատվության։
Ալբերտ Բազեյանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանությունը յուրացնելու նախապատրաստման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն գործով անցնում են «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի յոթ անդամներ, որոնք իբր կապ են ունեցել ու գործել են Բազեյանի հետ։ Սակայն Ալբերտ Բազեյանը վստահեցնում է, որ նրանցից միայն մեկին է ճանաչում՝ Կարեն Դավթյանին, ով եղել է իր ղեկավարած հասարակական կառույցի՝ «Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման» անդամ, բայց 2023 թվականի օգոստոսի 9-ին հեռացվել է կազմակերպությունից, քանի որ «անհավասարակշիռ վարք» է դրսեւորել։ «Դրանից հետո նրան չեմ հանդիպել եւ համոզված եմ, որ առերեսման դեպքում նա կհաստատի այդ փաստը»,- ասում է Բազեյանը։
Նաեւ պնդում է՝ մյուս 6 «խաչակիրներին» ո՛չ ճանաչել է, ո՛չ էլ երբեւէ որեւէ առնչություն է ունեցել։ Ըստ նախկին քաղաքապետի, իր դեմ ցուցմունք տված անձն Արմեն Հարությունյանն է, ով ԱԱԾ գործակալ է, ներդրված է եղել «Խաչակիրներ» ՀԿ-ի մեջ։
Կարեն Դավթյանը ցուցմունք է տվել, թե Բազեյանը հանցավոր խմբի կազմակերպիչը եւ ղեկավարն է հանդիսացել։ Հետաքրքիր է, որ Բազեյանի եւ Կարեն Դավթյանի միջեւ մինչ օրս առերեսում չեն կազմակերպել։ Իսկ Արմեն Հարությունյանի հետ առերեսման ժամանակ վերջինս հայտարարել է, որ Բազեյանին հեռակա կարգով է ճանաչում՝ որպես հասարակական եւ քաղաքական գործչի, բայց չի հանդիպել եւ որեւէ առնչություն նրա հետ չի ունեցել։
«Հրապարակի» հետ զրույցում նա հիշեց իր կալանավորման օրերը, որոնք համընկան Արցախի հանձնման եւ Երեւանի ավագանու ընտրությունների հետ․ ««Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը», որը ես ղեկավարում եմ, Երեւանի համայնքներում արդեն մասնաճյուղեր էր բացում, եւ պետք է գնայինք մարզեր։ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ մենք կոչ արեցինք կառավարությանը՝ անորոշ ժամանակով հետաձգել Երեւանի ավագանու ընտրությունները, դիմեցինք նաեւ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին` համախմբվել եւ բոլոր ռեսուրսներն ուղղել Արցախի պաշտպանությանը։ Չարեցին` Արցախը հանձնվեց, եւ ադրբեջանցիք սեպտեմբերյան այդ օրերին մտան Արցախ։ Ինձ այդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, կալանավորեցին։ Մենք նպատակ ունեինք համախմբել ազգային առողջ քաղաքական ուժերին, ձեւավորել մեկ միասնական քաղաքական դաշինք, ոտքի հանել մեր ժողովրդին եւ հեռացնել գործող ապազգային, հողատու իշխանությանը»։
Սեպտեմբերի 23-ի երեկոյան ԱԱԾ քննիչ Պողոսյանը` իր ծառայակիցների հետ միասին, հանկարծակի ներխուժել է Բազեյանի տուն, Բազեյանի փաստաբանի առաջ տան դուռը փակել են՝ զրկելով նրան գործողությանը ներկա գտնվելու հնարավորությունից։ «Ինձ համար անհասկանալի էր, թե ով եւ ինչ փաստերի հիման վրա է խուզարկության եւ ինձ ձերբակալելու որոշում կայացրել, ինչու ներկա չի եղել իմ փաստաբանը, ինչու է իմ հանդեպ հարուցվել քրեական գործ․ իմ այս հարցադրմանը քննիչը պարզաբանում չտվեց»,- ասում է Բազեյանը։ Ինքն էլ հրաժարվել է ստորագրել խուզարկության արձանագրությունը, իսկ հետագայում նաեւ պատասխանել ԱԱԾ քննիչ Պողոսյանի հարցերին՝ իր ձերբակալությունն ու խուզարկությունը համարելով ապօրինի:
Բազեյանի տնից առգրավել են Վազգեն Սարգսյանի նվիրած օրինական զենքը՝ ՏՏ ատրճանակը՝ փամփուշտներով, հեռախոսը, հեռախոսագիրքը, գործող իշխանությանը քննադատող գրառումները, որոնք մինչ օրս չեն վերադարձրել։ Ի դեպ, այդ քննադատող գրառումները ընդդիմադիր գործիչ Ալբերտ Բազեյանը նաեւ կալանավայրում է շարունակել կատարել։
Նա նաեւ ցուցակ էր կազմել՝ տարբեր մասնագիտությունների տեր անձանց, որոնք կարող են պիտանի լինել Բազեյանի երազած զարգացող ու առաջադեմ Հայաստանում, եւ այդ անձանց անունները եւս առգրավվել են։ Հավանաբար, համարել են ապացույց, թե դուք ուզում էիք ոչնչացնե՞լ Փաշինյանին։
«Ըստ քննիչի կազմած դետեկտիվի, հանցավոր խումբը` իմ գլխավորությամբ, 23 թ․ սեպտեմբերի 22-ին փորձել է ճեղքել ոստիկանության պատնեշը, թափանցել կառավարության շենք, ոչնչացնել վարչապետին ու բռնազավթել իշխանությունը, սակայն չի կարողացել իրականացնել մտադրությունը, քանի որ այն խափանվել է ԱԱԾ օպերատիվ գործողությունների շնորհիվ։ Փաստորեն, նա տեղյակ չէ, որ ես գիտեմ, որ վարչապետին ֆիզիկապես ոչնչացնելով՝ որեւէ մեկը չի կարող դառնալ վարչապետ։ Այդ գործողությունները, որոնց ղեկավարն իբր ես եմ եղել, փորձել է պատճառաբանել վարչապետի հետ իմ ունեցած գաղափարական թշնամանքի հանգամանքով։ Բայց չկա նման հասկացություն՝ գաղափարական թշնամանք, կա գաղափարական հակասություն, բայց ոչ թշնամանք։ Եվ ինչո՞ւ ինձ տեղում չեն ձերբակալել, եթե ես եմ կազմակերպել, ինչո՞ւ եմ սեպտեմբերի 23-ին հանգիստ նստած եղել իմ տանը, որ իրենք էլ գան, ինձ բռնեն։ Այո, ես եղել եմ հանրահավաքին, բայց ոչ այն մարդկանց հետ, որոնք նշված են, այլ իմ կազմակերպության անդամների հետ։ Ես՝ որպես Արցախյան պատերազմի հաշմանդամ, չեմ կարողանում երկար ոտքի վրա մնալ եւ նստած եմ եղել իմ կազմակերպության անդամների հետ բազրիքներին։ Այդ օրը կառավարության շենքը պաշտպանված է եղել վահաններով, պատսպարված ոստիկանական պատնեշով, ու եթե մի գումարտակ էլ գար, չէր կարող ճեղքել ու մտնել կառավարության շենք, էլ ուր մնաց՝ մի խմբակ մտներ, ոչնչացներ վարչապետին եւ այլն»,- պատասխանեց Ալբերտ Բազեյանը։
Ըստ նրա, քննիչը ենթադրում է, թե ինքը, լինելով նախկին պաշտոնյա, կարող էր նյութապես շահագրգռել հանցավոր խմբի անդամներին։ Հիշեցնում է՝ աշխատել է ազնիվ, չունի ձեռնարկություններ ու տներ, ապրում է համեստ կյանքով։
Կարծիքներ